կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-14 15:35
Հասարակություն

Բոլոր հայերի ցավը տանեմ. Բոլոնիայի գագաթաժողովին կրթությունից անցում կատարվեց զգացմունքներին

Բոլոր հայերի ցավը տանեմ. Բոլոնիայի գագաթաժողովին կրթությունից անցում կատարվեց զգացմունքներին

Տեղեկացրել ենք, որ այսօր Բոլոնիայի նախագահական գագաթաժողովում ընդունվեց կարևոր մի որոշում` Բելառուսն անդամակցեց Բոլոնիայի գործընթացին: Լրագրողների հետ զրույցում Բելառուսի պատվիրակության ներկայացուցիչ Նատալյա Բարանովան նշեց, որ ուրախ են` Բոլոնիայի ընտանիքի անդամ դառնալ:

 

Խոսելով Նորվեգիայի պատվիրակության` Բելառուսի անդամակցության հարցը հետաձգելու տեսակետի մասին` նա պարզաբանեց, որ իրականում Նորվեգիան դեմ չէր իրենց անդամակցությանը: «Նորվեգիան կարծում է, որ մեզ մոտ քիչ են ուսանողները, ովքեր զբաղվում են ակադեմիական աշխատանքով, սակայն դա նրանց տեսակետն է: Մեզ ավելի շատ հետաքրքրում է ֆինանսական խնդիրը, որի պատճառով սահմանափակվում է ուսանողների շարժունակությունը, իսկ Բոլոնիայի գործընթացը բուհերի միջև համագործակցության հնարավորություն է տալիս»,- ասաց Բարանովան:

 

Ինչ վերաբերում է ակադեմիական աշխատանքով զբաղվողներին, ապա, ըստ նրա, նրանք իրենց մոտ այնքան են, որքան Հայաստանում: «Եթե ձեր ունեցած տվյալները բավականացնում են, բավարար են ձեզ համար, մեզ նույնպես բավարար է մեր ունեցածը»,- ասաց բելառուս պատվիրակը:

 

Նա նշեց նաև, որ իրենց հանրակրթական դպրոցներում ընդունված է 11-ամյա կրթությունը, սակայն վերջին` 10, 11-րդ դասարաններում խորացված կերպով են մատուցում այն առարկաները, որոնք ընտրում են աշակերտները, և որոնք հետագայում մասնագիտության ընտրության հարցում պետք են լինելու նրանց: Կրթության տևողությունը, Բարանովայի կարծիքով, շատ բանի մասին է խոսում:

 

Հարցին, թե արդյո՞ք անհրաժեշտ էր Բոլոնիայի գործընթացի ներդրումը կրթական համակարգում, նա պատասխանեց, որ իրենք, ինչպես և մյուսները, այլ ընտրություն չունեին: «Աշխարհում միջազգայնացումը մեծ տեղ է գրավում, ամեն ինչ փոխկապակցված է, այդ թվում նաև` կրթական համակարգը, և այս դեպքում համեմատաբար քիչ սխալներով առաջ գնալ կարող ենք միայն փորձի փոխանակման միջոցով, ինչի հնարավորությունն էլ տալիս է Բոլոնիայի գործընթացը»,- նշեց նա:

 

Բարանովան լրագրողների հարցերին պատասխանելուց հետո դիմեց նրանց` ասելով. «Վե՞րջ: Թույլ տվեք հիմա ասել այն, ինչ ուզում եմ` բոլոր հայերի ցավը տանեմ: Դուք շատ յուրահատուկ լեզու ունեք, հայերենի հնչողությունը նման չէ ոչ մի լեզվի»: