կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-08-01 15:15
Առանց Կատեգորիա

Ես ձեր կոնցեպտուալ ցավը տանեմ

Ես ձեր կոնցեպտուալ ցավը տանեմ

Փաշինյանի խորհրդարանում հայտնված և այդ պատճառով քաղաքականությունից դուրս մնացած ինտելեկտուալ ընդդիմադիրներին տհաճություն է պատճառել ՀՅԴ Քաղաքային կոմիտեի կազմակերպած բողոքի ակցիան, որի նպատակն էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին ևս մեկ անգամ հիշեցնել նախընտրական գեղեցիկ խոստումներն ու ցույց տալ, որ մոտ մեկամյա վաղեմության հանրային կուռքը ոչ միայն չի կատարել այդ խոստումները, այլև երջանիկ անգիտության մեջ նպաստել է քաղաքային տնտեսության հետընթացին ու ենթակառուցվածքների ավերակմանը: Թե ինչ հետևություններ կանի Հայկ Մարությանն այդ ցույցից՝ նրա խնդիրն է այլևս, որն այս հոդվածի ասելիքի հետ կապ չունի:

Մեզ այս պատմության մեջ ավելի շատ հետաքրքրեցին ՀՀ Ազգային ժողովում և Երևանի ավագանու շարքերում ընդդիմության համարում ունեցող «Լուսավոր Հայաստան» կուսակցության «թույն դեմքերի» վերաբերմունքն ու գնահատականները արտախորհրդարանական ընդդիմության առանցքային ուժի՝ ՀՅԴ-ի կազմակերպած և իրականացրած բողոքի այդ ակցիային: Թվում էր՝ «լուսավորյալները» պետք է նորմալ ընդունեին դա և մի բան էլ աջակցեին Դաշնակցությանն այդ հարցում, բայց տեղի ունեցավ տրամագծորեն հակառակը՝ քննադատեցին ՀՅԴ-ին և մի բան էլ ընկան հիստերիայի մեջ, թե իրենք Հայկ Մարությանին ավելի լավ են քննադատում:

«Երևանի քաղաքապետն ու նրա թիմնը ամենաշատ քննադատվող սուբյեկտներն են, որովհետև մայրաքաղաքի ավագանիում գործում է փոքրաթիվ, սակայն արդյունավետ աշխատող ընդդիմություն՝ «Լույս» խմբակցության դեմքով, որը, ի տարբերություն ՀՅԴ-ի, հանդես է գալիս կոնցեպտուալ քննադատությամբ»,- գրեց 1in.am-ը:

Որպեսզի ընթերցողի համար ամեն ինչ ավելի պարզ լինի, նշենք, որ այս կայքը հանրությանը հայտնի է նաև Էդմոն Մարուքյանի կուսակցությանը մեկ հատ պատգամավոր ընծայած լինելու անհերքելի փաստով: Եվ ուրեմն ինչպե՞ս չասես՝ ես ձեր կոնցեպտուալ ցավը տանեմ: Բա որ, «լինելով ներսում», այդքան կոնցեպտուալ քննադատում եք, ինչո՞ւ չեք կարողանում Հայկ Մարությանի հետ, ուս ուսի տված, երկու էշի գարի ջոկել իրարից՝ քաղաքը մաքրել աղբից, տրանսպորտի հարց լուծել, վերելակ նորոգել, խոտ ցանել, ծառ տնկել, խոզանոցի վերածված գետնանցումները կարգի բերել… Իսկ կոնցեպտուալ քննադատությունը գուցե այն է, որ քաղաքապետի ու նրա աշխատակազմի պարգևավճարների շուրջ անիմաստ վայնասուն բարձրացնեք ու գնաք տո՞ւն, որ ավագանու նիստերին պոպուլիզմով զբաղվեք ու հանգիստ նստեք տեղնե՞րդ: Վստահեցնում եմ՝ հենց ձեզ նման «կոնցեպտուալ» ընդդիմադիրներն են պատճառը, որ միամիտ ժողովուրդը կարծում է, թե ինքն էլ նախրում էշ ունի:

Խնդրո առարկա հրապարակման հեղինակը (ոմն Սարգիս Արծրունի) ակամա խոստովանել է նաև, որ կոնցեպտուալ «Լույս»-ն, ըստ էության, հարց լուծող էլ չէ: Նա գրում է. «Երևանի քաղաքային կառավարման ամբողջ պատկերը վաղուց պարզ է բոլորին, ու այստեղ իշխանությունն է պարտավոր լուծումներ գտնել»: Այսինքն՝ ինչ տեղական ինքնակառավարում, ինչ բան… Իշխանությունը պետք է «չարչարվի» իսկ իրենք գնան «սանատորիա»:

Իսկ այժմ՝ գլխավորի մասին: 1in.am-ի քաղաքական հետնաբեմում կանգնածներին, պարզվում է, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի կազմակերպած բողոքի ակցիան կարող է հրաշալի առիթ ընձեռել քաղաքական մանիպուլյացիաներ անելու համար: Նրանք շտապել են այս պատմության  մեջ ներքաշել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ նշելով, որ «Գոլոս Արմենիի» թերթին նրա տված հարցազրույցի և ՀՅԴ Երևանի ՔԿ-ի կազմակերպած միջոցառման ժամանակագրական մոտիկությունը (1 օրվա տարբերություն) պատահականություն չէ: Եվ այս «կոնցեպտուալ» ենթադրությունից մեկնելով էլ «ցուցանել» են, թե ՀՅԴ միջոցառումը ոչ այնքան Հայկ Մարությանին սեփական խոստումները հիշեցնելու քայլ էր, որքան «Ռոբերտ Քոչարյանի ասած՝ «Կոնսենսուս մինուս մեկ» հայտնի ձևաչափի մեջ համառորեն տեղավորվելու փորձ»: Կարծում եմ՝ ավելորդ չի լինի մեր վայ-ընդդիմադիրներին ևս մեկ անգամ բացատրել, որ ՀՅԴ-ն այդ միջոցառմանը սկսել է պատրաստվել Քոչարյանի հարցազրույցից շատ օրեր առաջ, ինչի վկայությունն են քաղաքային թեմաներով նկարահանված տեսահոլովակները, որոնք մոտ մեկ ամիս առաջ սկսեցին ցուցադրվել հեռուստատեսությամբ: Սա նաև ցրում է այն թյուր տեսակետը, թե ՀՅԴ-ին առանձնապես չեն հետաքրքրում քաղաքային թեմաները: Թե ինչու ՀՅԴ-ն երբեք ներկայացված չի եղել Երևանի ավագանու կազմում, միանգամայն այլ հարց է, որ պետք է ուղղել այդ ընտրությունների որակի համար պատասխանատու օղակներին, այդ թվում՝ և վերջին էյֆորիկ ընտրությունների կազմակերպիչներին, որոնք, չունենալով աշխարհի տարբեր քաղաքներ կառավարելու՝ ՀՅԴ-ի հարուստ փորձի չնչին մասն անգամ, իրենց պարզ ստախոսությամբ կարողացան տիրանալ երևանցիների մեծամասնության քվեին:

Այսօր բոլորն են հասկանում, որ, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությունն» այնպես է աղճատել հայաստանյան քաղաքական դաշտը, որ դրա բեկորները հավաքելը, ներկա իշխանությանն այլընտրանք ձևավորելն ու հակակշռող բևեռներ ստեղծելն իսկական հերոսություն կարելի է համարել: Այդ մասին, որքան էլ տարօրինակ է, հոգ են տանում ոչ թե Նիկոլ Փաշինյանի «բարեհաճությամբ» խորհրդարանում հայտնված «կոնցեպտուալ» ընդդիմադիրները, այլ արտախորհրդարանական ՀՅԴ-ն, որն ուղղակի հայտարարել է ընդդիմադիր դաշտն իր առանցքի շուրջ կազմակերպելու և երկիրը մենիշխանության հաստատումից հեռու պահելու վճռականության մասին: Սա, պարզվում է, դուր չի եկել խորհրդարանում հայտնված «ընդդիմության» լուսավորյալ հատվածին, որի խոսափող հանդիսացող կայքն էլ այսպես ցավագին է ընդունել Երևանի քաղաքապետարանի առջև տեղի ունեցած՝ Դաշնակցության ակցիան: Եթե ամոթները լրիվ կորցնեն՝ կարող են մի օր էլ գրել, թե մենք խորհրդարանում կոնցեպտուալ ձևով լավ էլ քննադատում ենք Նիկոլին, էլ Դաշնակցությո՞ւնն ինչու է քննադատում: Ահա թե ինչի կարող է հանգեցնել պատեհապաշտների՝ փափուկ աթոռներին հայտնվել: Ողբամ ձեր այդ քննադատությունը, որ տեղի է ունենում քաղաքականությունից դուրս մնացած մի այնպիսի հաստատության մեջ, որին իներցիայի ուժով դեռ խորհրդարան ենք անվանում:

Էդիկ Անդրեասյան