կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-25 15:05
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ներկայացնում ենք մեր տեսակետը․ ավելի լա՞վը կա՝ իրենց ցավը տանեմ»․ Ծառուկյանը ԲՀԿ նիստ է հրավիրել

ԱԺ ԲՀԿ խմբակցությունը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, հատուկ նիստ է հրավիրել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ իրավիճակից բխող գործողությունների արդյունավետության հարցը քննարկելու համար՝ հայտնում է Yerkir.am-ը։

Ծառուկյանը նիստի մեկնարկին ասաց, որ միասնական առաջարկներ պետք է ներկայացնել, որպեսզի ընտրվի ամենաարդյունավետը․ «Պատրաստ ենք 24-ժամյա աշխատանքով ներկայացնել մեր տեսակետը՝ խնդիրը, պրոբլեմը, լուծումը։ Ավելի լա՞վը կա․ իրենց ցավը տանեմ։ Այսօր պետք է չլինի իմը, քոնը, մյուսինը, այլ իրական արդյունավետ աշխատանքներ»։

Նա արձանագրեց, որ Հայաստանում այդ վիրուսը չի եղել, այլ եկել է դրսից և առաջին քայլը պետք է լիներ այնպես անել, որ վրուսը ներս չմտներ․ «Դա ներս է մտել՝ մեկը հարսանիք է եղել, մեկը նշանդրեք է եղել, ամեն մեկը իրենց ընտանիքով տարածել են։ Բայց առաջին քայլը, որ ես ասել եմ՝ դժգոհ եմ, այո՛, դժգոհ եմ, որովհետև այսօր բոլոր սահմաններում պետք է տեստեր լինեին՝ մուտքերը, աէրոպորտները, հիվանդանոցները, ցանկացած տեղ մարդը գնում է՝ ջերմություն ունի, բացի Սուր վարակիչից, չկա․ սահմաններում չկա, աէրոպորտում չկա, պիտի տեստերով ստուգեն, նոր համապատասխան մարդկանց մուտքը արգելեն կամ ուղարկեն բուժվելու»։

Գագիկ Ծառուկյանի համոզմամբ՝ առաջնային խնդիրը սա է, բայց ոչ մեկը սրան ուշադրություն չի դարձրել։

ԲՀԿ ղեկավարն էլի հիշեց Բելառուսի օրինակը, որտեղ ամեն ինչ բաց է, բայց ստուգում են։

«Ինչ մենք ասում ենք՝ նայելով աշխարհին՝ Ամերիկային, Գերմանիային, Ֆրանսիային, ինչ քայլեր են կատարում, մենք այսօր վերևից աստղեր չենք իջեցնում։ Բոլորս էլ գիտենք՝ ունենք 200 հազար ընտանիք, որը օրավարձով աշխատում են մարդիկ, ստանում են 5-7 հազար դրամ օրը իրենց տունը պահելու համար։ Հիմա այդ մարդիկ չեն աշխատում, տաքսիստները չեն աշխատում՝ մարդիկ տաքսի չեն նստում, տուրիստական ավտոբուսները չեն աշխատում։ Մենք ի՞նչ ենք առաջարկում․ մարդկանց գոնե ամսական գումարը տրամադրեն 70 հազար դրամ՝ օրավարձով աշխատողին, թոշակառուին, նպաստ ստացողին, զբոսաշրջության համար, վարորդներին, տաքսիստներին, որ մարդիկ կարողանան գոյատևել»։

Բանկային համակարգում պետք է լինի սառեցում կամ ներում՝ համոզված է Ծառուկյանը։ Նա նշեց, որ 1 մլն 600 հազար վարկառու կա, որոնք երբ չեն աշխատում, չգիտեն՝ ինչպես սնվել, բայց  վարկն ու տոկսները պարտադիր գալիս են․ «Եղբայր ջան, էսօր մենք հո չե՞նք ընկել մեր ժողովրդի հետևից»։

Անհատական հանդիպումների առաջարկը ԲՀԿ նախագահին անիրատեսական է թվում․ նա  հաշվել է՝ եթե 10 րոպեն 1 մարդ էլ ընդունեն անհատական, օրը 4000 մարդ կհասցնեն ընդունել, 1 մլն 600 հազար վարկառուին ընդունելու համար մի քանի տարի պետք կգա։

«Այսօր ոչ թե մենք ուզում ենք լավամարդ լինենք, ցեխ շպրտենք, այսօր դրա ժամանակը չի»,-ընդգծեց Ծառուկյանը՝ հավելելով, որ պատասխանատվությունը բոլորինն է, նոր դրանից հետո մարդիկ պատասխան կտան իրենց արած-չարածների համար։

«Ոչ թե մեր ասածը վերցնեն կտոր-կտոր կտրտելով, մի մասը վերցնելով, դրանով երկիր չես կառուցի։ Հարց չկա՝ տեսակետ եմ ասել, ես իմ տեսակետին տեր եմ, բայց ոչ թե կցկցտուր, երկու տող ստեղից, երկու տող ընդեղից իրենց ֆեյսբուքներով․․․»,-ասաց Գագիկ Ծառուկյանը։

Նա տեղեկացրեց, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության հրավիրած այս հատուկ նիստից հետո կկազմեն առաջարկությունների արձանագրություն, որի մի օրինակը կներկայացնեն ԱԺ նախագահին, մյուսը՝ կուղարկես Կառավարություն։

Մանրամասն՝ տեսանյութում․