կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-03 19:29
Առանց Կատեգորիա

Վախ, ձեր ցավը տանեմ ես

Վախ, ձեր ցավը տանեմ ես

Գալիք երկուշաբթի՝ նոյեմբերի 7-ին, տեղի կունենա մի բան, որը շատերի համար ավելի կարեւոր է, քան այն, որ Շառլ Ազնավուրը Հոլիվուդի պուրակում իր անունով աստղ է ստացել: Էջմիածին քաղաքի Իսակովի փողոցը կվերանվանվի Արամ Ասատրյանի անունով: Որոշումն արդեն կա. Էջմիածնի նորընտիր ավագանին իր անդրանիկ նիստում քննարկման է դրել այս հարցը, ընդունել են եւ որոշումն ուժի մեջ կմտնի  երգչի մահվանից տասը տարի անց: Չի բացառվում, որ արձանն էլ դնեն /առանց արձան` ի՞նչ փողոց/, կամ առնվազն կիսանդրին, պատվանդանին էլ փորագրեն երգչի ստեղծագործություններից ինչ-որ մի քառատող, օրինակ սա` «Հայ եմ ես, հայ ես դու, վախ, քո ցավը տանեմ ես», կամ սա՝ «Կապույտ-կապույտ կապույտ աչերդ, սիրո'ւն աղջիկ, ես եմ քո սերը…»: Մի խոսքով՝ այս առումով ընտրությունը բազմազան է:

Անկեղծ ասած` այս պատմության մեջ, ինձ համար գոնե, կարեւորը ոչ թե այն է, որ Էջմիածինն ունենալու է Ասատրյանի անվան փողոց, իսկ, օրինակ, Հոլիվուդը՝ Ազնավուրի անվան աստղ, այլ այն, որ փողոցը Ասատրյանի անվան դարձնելը եղել է Էջմիածնի նորընտիր ավագանու անդրանիկ նիստի քննարկած առաջին հարցը: Այսինքն` քաղաքում էլ ուրիշ խնդիր չի եղել, էջմիածինցիք, ինչպես բոլորիս է հայտնի, ընտիր ապրում են, անգամ՝ ճոխ, ոչ մի բանի, մանավանդ` աշխատատեղերի, աշխատավարձի, առհասարակ՝ ապրուստի, տան-տեղի, աղբահանության, քաղաքն իսկապես հոգեւոր կենտրոն դարձնելու որեւէ խնդիր չունեն, սրբի պես հարուստ միջավայրում ապրում են, իրենք էլ սուրբ են, եւ մնում էր միայն մեծանուն, անգամ` հանրահռչակ Ասատրյանի անվան փողոց ունենային, եւ վերջ: Կատարյալ երջանկություն: Վախ, քո ցավը տանեմ ես, հայ ես դու, հայ եմ ես…

Լավ, այդ ավագանու մեջ մեկը չի եղե՞լ, որ ասի. «Տղե'րք, նույնիսկ՝ տիկնա'յք, այս ի՞նչ ենք անում: Հասկացանք` Արամ Ասատրյանը մեր քաղաքի տղա է, երգել է, անգամ` երգեր գրել, շատերը սիրում են, շատերը շատերին կարող են սիրել, բայց ախր սա ուրիշ քաղաք է, այստեղ լիքը խնդիրներ կան, ընդ որում՝ հեշտ լուծելի: Սա կաթողիկոսանիստ քաղաք է, ի՞նչ Ասատրյան, այ ձեր ցավը տանեմ ես, Սուրբ Սարգիս ես կգնամ, երկու հատ մոմ կվառեմ»:

Փաստորեն, նման մի հոգի չի եղել, ու խնդիրը, կարեւորը դա է, դա ավելի մեծ խնդիր է եւ ավելի կարեւոր է, քան այն, որ նոյեմբերի 7-ին էջմիածինցիք եւ քաղաքի հյուրերը, այդ թվում՝ օտարերկրացի, քայլելու են ոչ թե Իսակովի, այլ Արամ Ասատրյանի փողոցով:

Անվանափոխության հարցերը սերունդները կլուծեն. երեւի, ճիշտ այնպես, ինչպես մեր սերունդը լուծեց Իսակովի հարցերը՝ դարձնելով Ասատրյան, այնպես էլ հաջորդները գուցե լուծեն Ասատրյանի հարցերը՝ դարձնելով փողոցը Սերյոգ Էջմիածինսկու անվան: Ի դեպ, ճանաչո՞ւմ եք, ո՞նց, Արամ Ասատրյանին ճանաչում եք, Սերյոգին չե՞ք ճանաչում: Նոր է վերադարձել Ռուսաստանից, այնտեղ երգել է ռեստորաններում, այստեղ բեմերում է ուզում երգել, լավ էլ երգում է, անգամ` կիթառ նվագում: Հաշվի առեք` Էջմիածնում էլի փողոցներ կան, չէ՞:

Ծիծաղում եք, բայց Բոբ Դիլանին Նոբելյան հանձնաժողովն այս տարի գրականության ոլորտում մրցանակ է տվել «ամերիկյան գրականության՝ պոեզիայի մեջ նորարարությունների համար», եթե ճիշտ եմ հիշում: Է, մեր Ասատրյանն էլ հայ գրականության՝ պոեզիայի մեջ է նորարարություններ արել, իր անվան փողոց էլ ունի, արձան էլ կունենա շուտով: Կիսանդրի ունի, ես անձամբ տեսել եմ: Ինքն էլ չկա, որդուն՝ Արտաշին, կարող եք հանձնել Նոբելը: Հայ ես դու, հայ եմ ես, վախ, քո ցավը տանեմ ես…

Իրականում՝ հազար ողորմի Արամ Ասատրյանին էլ, Արամ Խաչատրյանին էլ…

Հովիկ Աֆյան