Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում գնաճի մեղմման թեմայով լսումների ընթացքում մտքերի փոխանակման ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ ամենակարևոր հարցերից մեկը, որ պետք է պարզեին հետևյալն էր՝ ինչպե՞ս է համատարած գնաճի պայմաններում ԱՎԾ-ն վիճակագրություն ներկայացրել, թե այն ընդամենը 2.6 տոկոս է:
«Հարց տալու հնարավորություն չեղավ ԱՎԾ պետին, բայց ինչքան հասկացանք մյուս պատասխանատու մարմնի՝ ԿԲ նախագահի պատասխաններից, ստեղծվել է մի պատկերավոր կշեռք. կշեռքի մի նժարին դրել են թանկացումները, մյուս նժարին` էժանացումները, այդ թվերի ինչ-որ կշիռներ են ձևավորվել, և ստացվել է, որ 2.6 տոկոս է գնաճը»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ ստացվել է՝ սերուցքային կարագը, պաշտոնական թվերով, 41 տոկոսով թանկացել է, դրան հակակշռում է խառը կանաչու` 48 տոկոսով էժանացում, իսկ եթե գառան միսն է 28.9 տոկոսով թանկացել, դրան հակակշռում է կանաչ սոխի` 18.2 տոկոսով էժանացումը:
Փաշինյանը ներկայացրեց, թե կառավարության ու իշխանության փիլիսոփայությամբ ինչ է ստացվում: «Ասում են` գնաճի մեջ ոչ մի ողբերգություն չկա: Եթե ասում ենք` սնունդ, խոսքը սնվելու մասին է, չէ՞: Որևէ պրոբլեմ չկա, օրինակ` կարագը թանկացել է, ժողովո'ւրդ ջան, խառը կանաչի կերեք, ի՞նչ պրոբլեմ կա: ԿԲ նախագահն ասաց, որ գիտությունը պարզել է, որ կարագն օգտակար ա, բա գիտությունը գիտե՞ք` երբ ա բացահայտել, որ խառը կանաչին օգտակար ա: Գիտե՞ք՝ ինչ վիտամիններ կան մեջը, ինչ հատկանիշներ կան մեջը: Գառան միսը թանկացե՞լ ա, սոխ կերեք, գիտե՞ք՝ ինչ օգտակար ա կանաչ սոխը, չէ` լուրջ, առանց կատակի: Որևէ մեկը կասկածի տակ դնո՞ւմ ա կանաչ սոխի օգտակարությունը: Կամ` խոզի միսը թանկացել ա, սխտոր կերեք, այ ձեր ցավը տանեմ, ի՞նչ եք խառնվել իրար: Բենզինը թանկացե՞լ է, մենք էն օրը ցույց տվեցինք, բրթեք ձեր ավտոները, ի՞նչ է` թևներիդ մեջ ուժ չկա՞, համ էլ ֆիտնեսի ծառայություն է: Ուրեմն նորմալ է ամեն ինչ»,- հեգնեց պատգամավորը:
Նա նաև հարց բարձրացրեց, որ եթե ասում ենք` կարագի գինը միջազգային շուկայում բարձրացել է, ինչո՞ւ ՀՀ-ում քաղաքացիներից մթերվող կաթի գինը չի բարձրացել: «Ի միջի այլոց ասեմ, որ կարագը պատրաստում են կաթից, և դա գիտությունը մեկ շաբաթ առաջ է պարզել, իսկ թե ինչո՞ւ քաղաքացիներից մթերվող կաթի գինը չի ավելանում, դա ոչ ոք չգիտի»,- նշեց Փաշինյանը:
Ըստ նրա` եթե նայենք թանկացող և էժանացող ապրանքների տեսակարար կշռին, ապա կարագի ու խառը կանաչու տեսակարար կշիռը նույնը չէ, թանկացող ապրանքներն իրենց տեսակարար կշռով մի քանի անգամ ավելի ծանր են, քան էժանացած ապրանքները: Փաշինյանը նշեց, որ այստեղ է ամբողջ իրականությունը:
«Լսում եմ իշխանության ներկայացուցիչներին, հայերեն են խոսում` գրական բառերով, բայց ոնց որ իրականության մասին չեն խոսում: Էս ի՞նչ պատմություն է: Մեր իշխանության ներկայացուցիչներն իրականությունը վերցնում են, մտցնում «գուգլ թրանսլեյթի» մեջ «թրանսլեյթ» կնոպկեն սեղմում, մյուս տեքստը կարդում են: Այսինքն՝ նրանք, ըստ էության, ամեն ինչ ճիշտ են ասում, բայց «գուգլ թրանսլեյթով» են ասում, որն իրականության հետ կապ չունի, սա է ամբողջ խնդիրը: ՊԵԿ նախագահն ասում ա՝ գազը թանակցել ա, խի՞ եք պատմություն սարքել, վերադարձել ենք 2015 թվականին: 2015 թվականի մակարդակը մեր երազանքների գնաճի մակարդա՞կն ա: Կամ` ֆինանսների նախարարը՝ կրթված, բոյով, սիրուն, էսօր ասում ա՝ 2011 թվին 7 տոկոս գնաճ ա եղել, մարդ ա մեռե՞լ»,- ասաց պատգամավորը:
Փաշինյանը կոչ արեց փակել այս լսումները: «Կանգնեցրեք լսումները, գնանք տներով: Հայաստանում էնքան բանից մարդ չի մեռնում, տնտեսության չզարգացումից մարդ մեռնո՞ւմ է, թե՞ չի մեռնում, էս է մեր չափանիշը: Էս լսումներն էլ կազմակերպել են, որ ասեն` չկա գնաճ մեր երկրում»,- ասաց նա և հավելեց, որ Սովետական միության քաղբյուրոյի հետ կապ է ունեցել այս լսումների վերնագիրը դնողը: