կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-04 13:09
Քաղաքական

Ձեր ցավը տանեմ, էկեք նենց անենք... պատգամավորների` կազինո հաճախելու փորձը

Ձեր ցավը տանեմ, էկեք նենց անենք... պատգամավորների` կազինո հաճախելու փորձը

ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում շարունակվում է ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանի ու Ալեքսանդր Արզումանյանի կողմից ներկայացված` «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը:

 

Պատգամավորներն առաջարկում են ավելացնել վարչարարությունը խաղամոլների հանդեպ, խաղամոլը խաղատուն մտնելուց առաջ պետք է ցույց տա թե' անձնագիրը, թե' ֆինանսների նախարարության կողմից տրված թույլտվությունը:

 

ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց, որ խաղամոլների վերաբերյալ միջազգային փորձը բարդ է. որոշ երկրներում պահանջում են, որ խաղամոլը ներկայացնի համատեղ սեփականություն վարող անձից թույլտվություն: Նա նշեց, որ Լաս Վեգասում մի երկու անգամ է մտել կազինո, բայց անձնագիր չեն պահանջել:

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սահակյանն էլ նշեց, որ Մոնակոյում ինքն այցելել է խաղատուն, և այնտեղ, ինչպես նաև ամբողջ Եվրոպայում առանց անձնագրի հնարավոր չէ մուտք գործել խաղատուն: Նրա կարծիքով` այդ օրենսդրական նախաձեռնությունը կօգնի հազարավոր ընտանիքների, ովքեր կարող են տուժել խաղամոլ հարազատի պատճառով:

 

«Ի՞նչ իրավունքով է խաղամոլ տղամարդը պարտվում, ասենք, կնոջ սեփականությունը: Բայց կարող է` միասին ունեն 40 հազար դոլար, և կինը թույլ է տալիս, որ ամուսինը խաղադրույք անի մինչև 10 հազար դոլարի սահմաններում»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

 

Օրենսդրական նախաձեռնության հեղինակ Էդմոն Մարուքյանը նշեց, որ իր առաջարկած օրենսդրական նախաձեռնությամբ ստացվում է, որ անձն ինքը իրեն է սահմանափակում, սակայն ինչ վերաբերում է հարազատների կողմից խաղադրույքներ անելու` անձի իրավունքների սահմանափակմանը, ապա,  ըստ պատգամավորի, դա իրավական բարդ մեխանիզմ է ենթադրում, և առաջանում է մարդու իրավունքների սահմանափակման հարց:

 

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ դժվար է պատկերացնում` հայկական իրականության մեջ, որ տղամարդն ինքն իր կամքով կդիմի ֆինանսների նախարարություն` խաղադրույքներ անելու թույլտվություն վերցնելու համար: Նրա կարծիքով` խաղամոլները սոցիալական խնդիրներ են առաջացնում իրենց ընտանիքների համար, և այդ առումով` օրենսդրական նախաձեռնությունն արդիական է: Կա խնդիր, որ կառավարությունը չներթափանցի մարդու անձնական կյանք: Բայց, մյուս կողմից էլ, կառավարությունը պետք է փորձի լուծել սոցիալական խնդիրները:

 

«Հիմա ո՞նց անենք, որ գտնենք միջանկյալ լուծումը: Լուրջ քննարկման խնդիր կա»,- ասաց Միքայել Մելքումյանը:

 

Կառավարությունը ներկայացնող`  ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը ներկայացրեց կառավարության եզրակացությունը այդ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ: Նա նշեց, որ խաղատուն մտնել ցանկացողին լիազորագիր պետք է տա կառավարությունը կամ լիազոր մարմինը: Կառավարությունը ներկայացրել է մի քանի առաջարկություններ, որպեսզի օրենսդրական նախաձեռնությունն ավելի հստակեցվի: Անորոշ է մնում այն հարցը, թե ինչպե՞ս պետք է լիազոր մարմինը իմանա` կազինոյի ներկայացուցիչը ստուգե՞լ է անձնագիրն ու թույլտվությունը, թե՞ ոչ: Վախթանգ Միրումյանը առաջարկեց անձնագրերի էլեկտրոնային գրանցման կարգ սահմանել:

 

Դա դուր չեկավ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանին, նա նշեց, որ խաղատուն այցելողների անձնագրերը էլեկտրոնային եղանակով գրանցելը «պարզապես զարհուրելի է»:

 

«Իհարկե, ամենավատ բանն է, երբ մարդը խաղամոլ է, բայց ստուգման մեխանիզմը խայտառակություն է: Ձեր ցավը տանեմ, գիտենք, որ Սովետական միությունը կամաց-կամաց գալիս է, բայց էկեք նենց անենք, որ չգա, էլի: Դուք հասկանո՞ւմ եք, ի՞նչ է նշանակում կազինո գնալուց առաջ անձնագրերը գրանցել, և դա իրականացնի կառավարությունը»,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը:

 

ԱԺ պատգամավոր Գարեգին Նուշիկյանն էլ առաջարկեց բարձրացնել մինչև 21 տարեկան անձանց խաղալու դեպքում սահմանված տուգանքը` 200 հազար դրամը:

 

Էդմոն Մարուքյանն առաջարկեց օրենսդրական նախաձեռնությանն անդրադառնալ աշնանային նստաշրջանի ընթացքում` մինչ այդ հստակեցնելով ստուգման ընթացակարգն ու գուցե` բարձրացնելով տուգանքի չափը: