Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Այլևս երբեք…»` այս խորագրի ներքո 7 երկրներում ցուցադրվել են Հայոց ցեղասպանության մասին ֆիլմեր:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրի համակարգող Րաֆֆի Մովսիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ծրագիրն իրականացնում է «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման ՀԿ-ն` Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ: Ծրագրի մեկնարկը տրվել է փետրվարի 24-ին Բելառուսում, որտեղ ցուցադրվել են «Ճչացողները», «Արարատ», «Մայրիկ», «Տատիկիս դաջվածքները» և Ցեղասպանության վերաբերյալ այլ ֆիլմեր:
«Ծրագիրը 2 փուլ ունի` առաջինը կտևի մինչև հունիս` «Ոսկե ծիրան»-ի մեկնարկը, իսկ երկրորդ փուլը կսկսվի օգոստոս ամսին: Առաջին փուլի շրջանակներում 7 երկրների 12 քաղաքներում ցուցադրվեցին ընտրված` 30 ֆիլմերը: Ֆիլմերն ընտրվել էին կանխավ ստեղծված գեղարվեստական խորհրդի կողմից»,- ասաց Մովսիսյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ Գերմանիայում, օրինակ, շուրջ 20 ֆիլմ է ցուցադրվել, այդ թվում` Ֆաթիհ Աքընի «Սպի»-ն, ինչպես նաև «1915» ֆիլմը: «Գերմանիայում Մաքսիմ Գորկու թատրոնում տեղի ունեցան ոչ միայն կինոդիտումները, այլ նաև Ցեղասպանությանը նվիրված մեկամսյակի շրջանակում կազմակերպված մյուս միջոցառումները: Շատ լավ է, որ այդ ֆիլմերը ցուցադրվում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև` դրսում, քանի որ մեր փառատոնի դիրքորոշումը մեր երկրի ներսում պարզ է»,- ասաց Մովսիսյանը` հավելելով, որ այն երկրներում, որոնք պաշտոնապես չեն ընդունել Հայոց ցեղասպանությունը, նման ցուցադրությունը լուրջ քաղաքական ակցիա է:
Փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը նշեց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի շարք ծրագրեր կային և, բարեբախտաբար, ընտրվեց հենց սա, որովհետև կինոարվեստը, Խաչատրյանի մեկնաբանմամբ, զենք է, որով խոսում են բոլորը: Խաչատրյանը պատմեց, որ Գերմանիայում ֆիլմերի ցուցադրությանը ներկա էին Ատոմ Էգոյանը, Ֆաթիհ Աքընը, Արա Երնջակյանը, և բոլորն էլ սպասում էին, որ թուրքերի կողմից ինչ-որ ակցիաներ կլինեն, բայց ամեն ինչ խաղաղ է անցել:
«Նրանք շատ պատրաստված էին եկել, ոչ մի միջադեպ չեղավ, չնայած սպասում էինք, որ պրովոկացիա կլինի, բայց թուրքերը խելոք լսում էին ճշմարտության մասին: Մի խոսքով` շատ լավ անցավ ցուցադրությունը, հատկապես, երբ հանդիսատեսի 80-90 տոկոսն օտարազգիներ էին, որոնք, հավատացեք, հետաքրքրված էին Ցեղասպանության պատմությամբ»,- ասաց Խաչատրյանը` հավելելով, որ միայն Բելառուսում կինոփառատոնի բացման պաշտոնական արարողությանը Թուրքիայի դեսպանը ցուցադրաբար ներկա չգտնվեց:
Նախագիծը կամփոփվի հունիսի 19-26-ը Մոսկվայի միջազգային կինոփառատոնում: