կարևոր
3814 դիտում, 2 տարի առաջ - 2022-09-30 21:30
Հասարակություն

Ադրբեջանի կողմից չեն բացառվում նոր սադրանքներ. Փաշինյան

Ադրբեջանի կողմից չեն բացառվում նոր սադրանքներ. Փաշինյան

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը պահպանվում է, Ադրբեջանի կողմից չեն բացառվում նոր սադրանքներ: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Հանրային հեռուստաընկերության հարցերին:

«Ընդհանուր առմամբ, պետք է արձանագրել, որ լարված է սահմանին և այդ լարվածությունը կայուն պահպանվում է: Եվ այդ առումով, հաշվի առնելով նաև Ադրբեջանի ագրեսիվ և ռազմական հռետորաբանությունը, իհարկե, նոր սադրանքները բացառված չեն»,- նշեց Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ հոկտեմբերի 2-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները պետք է առարկայական բանակցություններ սկսեն խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ:

«Մինչև այս պահը չի եղել սեղանին դրված տեքստ, որը մենք պետք է կամ ստորագրենք, կամ չստորագրենք: Առարկայական տեքստ եղել է կոմունիկացիաների բացման վերաբերյալ, բայց դա էլ մենք ենք պատրաստել, բնականաբար մենք այդ պատրաստած տեքստը պատրաստ ենք ստորագրել, ցավոք, դա պատրաստ չի ստորագրել Ադրբեջանը: Մենք շարունակում ենք աշխատել՝ փորձելով մեզ համար ընդունելի էնպիսի տեքստեր գտնել, որը ընդունելի կլինի դիմացի կողմի համար»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի բովանդակությանը՝ Փաշինյանը նշեց.

«Խաղաղության պայմանագրի հիմքում պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչում»:

Փաշինյանը նշեց՝ կա գաղափար, որ խաղաղության պայմանագիրը պետք է առանձնացնել Ղարաբաղի հարցից:

«Մեր ընկալումն այն է, որ խաղաղության պայմանագրի մեջ Ղարաբաղի հարցին անդրադարձ կարող է և չլինել: Կա հետևյալ նրբությունը. մենք կարծում ենք, որ այո, Հայաստանը և Ադրբեջանը պիտի ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ ԼՂ հարցի շահառուն պիտի լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իր ընտրված ներկայացուցիչների միջոցով»,- ասաց նա: