Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում անցկացվում են լսումներ, որոնք կազմակերպել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը՝ «Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ» թեմայով:
ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը ելույթ ունեցավ` ասելով, որ ԵՄ-ն Հայաստանի հետ նոր իրավապայմանագրային փաստաթղթի շուրջ աշխատանքները կսկսի այն բանից հետո, երբ Եվրախորհրդարանը կհաստատի Եվրահանձնաժողովի կողմից ներկայացված մանդատը: «Հուսով եմ, որ մանդատը կհաստատվի»,- ասաց նա:
Նազարյանի խոսքով` ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության առաջնահերթություններից է շարժունակության խթանումը քաղաքացիների միջև` մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրերը: Նա հույս հայտնեց, որ ինչպես ԵՄ անդամ երկրների քաղաքացիներն առանց վիզային ռեժիմի կարողանում են մուտք գործելՀայաստան, այնպես էլ համագործակցության արդյունքում հնարավոր կլինի Հայաստանի քաղաքացիների համար ապահովել առանց վիզային ռեժիմի մուտք դեպի ԵՄ անդամ երկրներ:
Ելույթ ունեցավ նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա մեծ վերապահում ուներ Հայաստանի մասին ԵՄ զեկույցի կապակցությամբ: Զեկույցում գրված էր, որ Հայաստանը սահմանափակ առաջընթաց է արձանագրել մարդու իրավունքների ու ժողովրդավարության ոլորտում: «Հայաստանը ո'չ մեծ, ո'չ էլ սահմանափակ առաջընթաց չի գրանցել, հակառակը` եղել է հետընթաց, դրա վառ վկայությունը բռնությունների այն շղթան է, որը սկսվեց անցյալ տարվա հոկտեմբերից, սկսվեցին քաղաքական հետապնդումներ տարբեր մարդկանց նկատմամբ, ՀԱԿ-ի փոխնախագահը ծեծի ենթարկվեց, ԲՀԿ խորհրդի անդամը նույնպես դաժան ծեծի ենթարկվեց, ԲՀԿ-ի նկատմամբ ճնշումներ կիրառվեցին: Դրանք պետք է արձանագրված լինեին այստեղ, որ ժողովրդավարության ու մարդու իրավունքների առումով վիճակը վատթարացել է»,- ասաց նա:
Զուրաբյանը դժգոհեց, որ Հայաստանի հեռուստաընկերությունների մեծ մասը կենտրոնացած է իշխանությունների ձեռքում, և որ ՀԱԿ-ը չունի հնարավորություն ազատորեն իր կարծիքները տարածելու: Նա նշեց, որ եթե ԵՄ-ն օգնի ընդդիմությանը` բացել գոնե մեկ հեռուստաընկերություն, որտեղ բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն կունենան իրենց հայացքները տարածել, ապա դա կլինի խոշոր նվաճում` ժողովրդավարության առումով:
«Առաջարկեք նման ծրագիր մեր իշխանություններին, օգնեք, դա մեծ գումարներ չի պահանջում` բացել վեց հաճախականություն, և ասեք, որ Հայաստանում մեծագույն թռիչք կկատարվի դեպի ժողովրդավարություն»,- ասաց Լևոն Զուրաբյանը՝ պնդելով, որ ԵՄ-ն պետք է Հայաստանի իշխանություններին քննադատի շատ կոշտ ձևով և ներազդի նրանց վրա:
Լևոն Զուրաբյանի այս ելույթին արձագանքեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը` տարակուսելով, որ նա մոտ տասը րոպե առաջարկություններ է անում ԵՄ ներկայացուցիչներին, սակայն վճռական պահին ՀԱԿ-ը քվեարկեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության օգտին, ուստի թող գնա ու Ռուսաստանից պահանջի ժողովրդավարության ապահովում Հայաստանում: