Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի զրուցակիցն է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փորձագիտական կենտրոնի հարավկովկասյան ներկայացուցչության ղեկավար Նիկոլայ Բաղդասարյանը:
-Պարո’ն Բաղդասարյան, ինչո՞վ էր առանձնահատուկ 2014 թվականը Ձեզ համար` աշխատանքում, ընտանիքում:
- Երկար ժամանակ երազել եմ ստեղծել անկախ դատական փորձագիտական կենտրոն, որի նորությունը լինելու է այն, որ փորձաքննությունները կատարվելու են եվրոպական երկրներում աշխատող լավագույն փորձագետների հետ համատեղ, օգտագործվելու են Հայաստանում դեռևս չգործող, սակայն եվրոպական երկրներում մեծ զարգացում ստացած առաջադեմ տեխնոլոգիաներ: Այս տարի նման կենտրոնի հիմնումը Հայաստանում մեզ հաջողվեց, իսկ հաջորդ տարի նման կենտրոններ գործելու են և՛ Վրաստանում, և՛ Ռուսաստանում:
-Անցած տարի իրավական ոլորտում արված ամենամեծ բարեփոխումը, որի դրական հետևանքներն ուղղակի զգալի էին:
- Բարեփոխում չէ, բայց իմ և ողջ փաստաբանական համայնքի համար մեծ ձեռքբերում էր այն, որ երկար տարիների աշխատանքի արդյունքում ՀՀ փաստաբանական պալատը վերջապես ունեցավ իր շենքը` մի կառույց, որի մասին երկար տարիներ երազում էին փաստաբանները:
- Տարվա ամենազավեշտալի դատական գործը:
- Մի տարեց կնոջից երկու շատ հանրաճանաչ անձինք, առանց որևէ հատուցում տալու, խաբեությամբ խլել էին բնակելի տունն ու հողամասը և դիմել դատարան՝ այդ կնոջն իր իսկ տնից վտարելու պահանջով: Կինը դիմել էր ոստիկանություն, որպեսզի քրեական գործ հարուցեն այդ անձանց նկատմամբ, սակայն ոստիկանները մերժել էին: Կինը բողոքել էր դատախազին, և անսպասելիորեն դատախազը, ընդառաջելով նրան, հանձնարարել էր հարուցել քրեական գործ: Կինն ուրախացել էր արդար որոշման համար, բայց դատարանը քաղաքացիական գործը կասեցնելու փոխարեն որոշել էր այդ կնոջը վտարել իր տնից, ինչի հետևանքով կինը հայտնվեց փողոցում: Չգիտեմ` ինչը կարող է ավելի զավեշտալի, բայց և միաժամանակ տխուր լինել:
-Տարվա «ամենավտանգավոր հանցագործը»:
- Անտարբերությունը:
-Տարվա ամենաաղմկալի դատական գործը:
-Վարդան Պետրոսյանի գործը:
- Տարվա ամենաանհեթեթ դատավճիռը:
- Շանթ Հարությունյանի գործով դատավոր Մարտիրոսյանի կայացրած դատավճիռը:
- Տարվա «հայտնություն» իրավաբանը:
- Ջորջ Քլունիի կինը՝ փաստաբան Ամալ Ռամզի Քլունին:
-Ամենամեծ հիասթափությունը:
- Հիասթափվել եմ մի քանի մարդուց, երբ հասկացել եմ, որ ամեն ինչ արել են իրենց անձնական շահի համար, սակայն ներկայացրել, թե դա արվել է հանուն ընկերության և բարեկամության:
- Ամենամեծ սուտը, որ լսեցիք դատարանում:
-Շատ դժվար է գնահատել ստի մեծությունը, սակայն ինձ համար ամենամեծ սուտն այն էր, որ գործերից մեկով դատավորը հայտնեց, որ «ինքն» է որոշել մերժել դատաավտոտեխնիկական փորձաքննություն նշանակելու` իմ միջնորդությունը:
- Ո՞ր դատավորին կցանկանայիք տեսնել Ձմեռ պապի կերպարում (եթե կին է` Ձյունանուշիկի):
- Ձմեռ պապը և Ձյունանուշիկը բարի կերպարներ են, իսկ մեր դատավորները չարացած են, հետևաբար` դժվար է գոնե մեկին այդ կերպարում պատկերացնել:
-Սովորաբար շատ են զավեշտալի դեպքեր պատահում դատական նիստերի ընթացքում: Այս տարի պատահածներից ո՞րն էր ամենացնցողը:
- Այն, երբ Արգիշտի Կիվիրյանի գործով վկան կերավ իր հեռախոսի քարտը:
-Վայ, կերավ, ժողովո’ւրդ, իրականում կերավ, - զարմացավ փաստաբան Լուսինե Սահակյանը:
-Խնդրում եմ արձանագրել այն փաստը, որ վկան կերավ իր հեռախոսի քարտը, - ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը:
-Անուշ եղավ, - ինչ-որ մեկն ասաց դահլիճում:
-2015-ից Ձեր ակնկալիքներն ու մաղթանքը:
- Դոլար մի’ մանրեք, Ռուսաստանից լավ բան մի’ սպասեք, եվրոպացիներից արդարադատություն մի’ ակնկալեք, բացի ձեզանից, ուրիշի վրա հույս մի’ դրեք: Մի խոսքով` լավ եղեք: Իսկ եթե լուրջ, ապա թող այս տարին լինի արդարության ու հաղթանակի, բարության և հաջողության տարի: Շնորհավոր Նոր տարի..