կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-26 17:24
Քաղաքական

Հասմիկ Պողոսյանը Շուշան Պետրոսյանին խնդրեց զգույշ լինել հայտարարություններում

Հասմիկ Պողոսյանը Շուշան Պետրոսյանին  խնդրեց զգույշ լինել հայտարարություններում

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին: Պատգամավորի հարցը վերաբերում էր օպերայի և բալետի թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին:

 

«Ճանաչում եմ թեկնածուներից մի քանիսին: Նրանք ակնհայտորեն մշակույթի գործիչներ են: Բայց ուզում եմ հարցնել, թե ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվելու`  տնօրենի թեկնածուների հետ կապված»,- հարցրեց Շուշան Պետրոսյանը:

 

Մշակույթի նախարարը նշեց, որ առաջնորդվում է ոչ թե ինքը, այլ առաջնորդվելու են ՊՈԱԿ-ի մասին օրենքով, որը ստեղծելու է հանձնաժողով՝ մրցույթն անցկացնելու համար: «Կարևոր դեր կխաղա այն, թե ինչ հայեցակարգ կներկայացնեն թեկնածուները: Կառավարման ոլորտը մարդուց պահանջում է որոշակի գիտելիքներ, և միայն մեկ ոլորտի գիտելիքները բավական չեն լինելու: Իսկ հանձնաժողովը սահմանված կարգով կանցկացնի մրցույթը»,- ասաց նա:

 

Արձագանքելով` Շուշան Պետրոսյանը նշեց, որ տնօրենի պաշտոնի համար գրանցված ինը թեկնածուներից միայն մեկն է ներկայացրել ծրագիր:

 

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հակադարձեց. «Խնդրում եմ նման հայտարարություններ չանել, որովհետև ապակողմնորոշում եք ողջ հասարակությանը: Բոլոր թեկնածուները ներկայացրել են իրենց փաստաթղթերն ու հայեցակարգը, այլ հարց է, որ մի թեկնածու որոշել է հրապարակել, իսկ մնացածը ներկայացրել են իրենց հայեցակարգը իրենց փաստաթղթերում: Զգույշ լինենք, որովհետև առաջին անգամ տնօրենը ոչ թե նշանակվում է, այլ` ընտրվում՝ օրենքի բոլոր կանոններով, բաց ու թափանցիկ»,- ասաց նախարարը: