կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-17 14:40
Քաղաքական

Ադրբեջանցիները փորձում են սրել իրավիճակը. Թեւան Պողոսյանը՝ Բաքվից

Ադրբեջանցիները փորձում են սրել իրավիճակը. Թեւան Պողոսյանը՝ Բաքվից

Արդեն տեղեկացրել ենք, որ Բաքվում ընթացող` ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Rose-Roth» սեմինարի ժամանակ ադրբեջանական եւ հայկական պատվիրակությունների միջեւ այսօր՝ սեմինարի երկրորդ օրը, հերթական բախումն է տեղի ունեցել: Նախքան բուն թեմային անցնելը ադրբեջանական կողմից հերթական հիստերիկ հայտարարությունն է արվել: ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար, Միլի մեջլիսի նախագահի առաջին տեղակալ Զիյաֆեթ Ասքերովը հայտարարել է, թե Սերժ Սարգսյանը համար 1 ահաբեկիչն է տարածաշրջանում:

 

Քիչ առաջ Yerkir.am-ին հաջողվեց կապ հաստատել Բաքվում գտնվող հայկական պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանի հետ:

 

Պարզվում է՝ սեմինարի ժամանակ արդբեջանցիները ամբողջ հայ ազգին են ահաբեկիչ անվանել՝ սկսած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից, ավարտած ՀՀ վերջին քաղաքացիով: Ադրբեջանցիները տվել են նաեւ Թեւան Պողոսյանի հայրիկի անունը: Ասել են, թե իբր լավ գիտեն նրան եւ լավ տեղեկացված են նրա մասին:

 

Մեր պատվիրակության պատասխանը չի ուշացել: Հայ պատգամավորները եւս մեկ անգամ փաստել են, որ ադրբեջանցիների քսենոֆոբ հայտարարությունները սովորական են դարձել, որ դա ադրբեջանցիների ոճն է դարձել եւ անգամ արդեն ծիծաղ է առաջացնում:

 

«Ես ասացի նաեւ, որ հպարտ եմ իմ հայրիկով` նրա կյանքում արած ամեն ինչի համար՝ հանուն ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի: Հպարտ եմ, որ ինձ հայրենասեր է դաստիարակել, եւ որ կշարունակեմ նրա աշխատանքը»,- ասաց Թեւան Պողոսյանը:

 

Մեր դիտարկմանը, որ այսօր ադրբեջանցիները, կարծես, ավելի դյուրագրգիռ են դարձել, Թեւան Պողոսյանը պատասխանեց, որ, այո, այսօր փորձում են իրավիճակն ավելի սրել, ինչը, սակայն, թույլ չեն տալիս սեմինարի կազմակերպիչները եւ նիստը վարողը:

 

Նիստը վարողն այսօր փորձել է խոսքի իրավունքից զրկել նաեւ Կորյուն Նահապետյանին, ով հայտարարել է, որ ադրբեջանական կողմի քսենոֆոբ հայտարարություններն ատելության միտված հայտարարություններ են: Թեւան Պողոսյանն էլ ընդհատել է` մատնանշելով նիստը վարողի սխալ մոտեցումը, որից հետո վարողը ներողություն է խնդրել Նահապետյանից:

 

«Ամեն ինչ տեղը-տեղին գնում է: Ինչքան խոսեն, այնքան պատասխան են ստանալու, սա արդեն հասկացել են»,- ասաց Պողոսյանը եւ նշեց, որ սեմինարի պատասխանատուներից մեկը ընդմիջման ժամանակ մոտեցել է մեր պատվիրակությանը եւ ընդգծել նրանց խիզախ պահվածքը: