կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-13 12:42
Առանց Կատեգորիա

Հռոմի պապի՝ Ցեղասպանությունը ճանաչելու քայլի նշանակությունը

Հռոմի պապի՝ Ցեղասպանությունը ճանաչելու քայլի նշանակությունը

Ս. Պետրոս տաճարում ապրիլի 12-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակին մատուցված պատարագը, որը փաստացի հայ առաքելական և կաթոլիկ եկեղեցիների կողմից տրվում էր համատեղ և եկեղեցիների պատմության մեջ, որպես այդպիսին, առաջին անգամ էր տեղի ունենում, ինքնին պատմական նշանակություն ուներ ոչ միայն Ցեղասպանության փաստի արձանագրման, այլև բազմամիլիոն կաթոլիկ հավատացյալների շրջանում դրա վերաբերյալ հանրային իրազեկվածությունը բարձրացնելու իմաստով:

 

Պատահական չէ, որ մինչ այդ թուրքական կողմը դիվանագիտական բավական լուրջ ճնշումներ է գործադրել Վատիկանի վրա՝ պատարագի մատուցումը խափանելու համար: Սակայն, ըստ ամենայնի, Հռոմի պապի կողմից պատարագի մատուցումը և արարողությունից հետո Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսներին, հայ կաթոլիկ եկեղեցու առաջնորդին ելույթով հանդես գալու հնարավորության ընձեռումը կարելի է ընկալել որպես ապրիլի 24-ին Հռոմի պապի՝ Երևան չայցելելու հնարավոր որոշումը փոխհատուցելու ժեստ. իր ելույթում, հպանցիկ անդրադառնալով այդ օրը Երևանում կազմակերպվելիք ոգեկոչման միջոցառումներին, Գարեգին Բ կաթողիկոսը նշեց ոչ թե Պապի, այլ նրա ներկայացուցիչների մասնակցության մասին: Հետևաբար, պետք է, թերևս, սպասել, որ այդ օրը հայ ժողովրդի կողքին լինելու վերաբերյալ տված իր խոստումը Հռոմի պապը, ամենայն հավանականությամբ, չի կատարի:

 

Սակայն սա այն դեպքը չէ, երբ նրա չգալը պատմական ճշմարտության հանդեպ մեղանչելու կամ երկակի ստանդարտներով առաջնորդվելու դրսևորում կարելի է համարել՝ հաշվի առնելով պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս պապի արած պատմական հայտարարությունը, թե՝ «հայերի կոտորածը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է»: Դրանով, ըստ էության, Վատիկանն ամենաբարձր մակարդակով  ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ հարուցելով անզորությունից ատամները կրճտացնող Անկարայի հիստերիկ զայրույթը:

 

Իրականում սա առաջին անգամը չէր, որ Հռոմի պապն իրերը կոչում էր իր անունով: 2000թ. Հովհաննես Պողոս 2-րդի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի  համատեղ ընդունած հայտարարության մեջ նշվում էր. «Հայոց ցեղասպանությունը, որով սկսվել էր դարաշրջանը, նախաբան էր սարսափազդու իրադարձությունների, որոնք պետք է հետևեին դրան»: Ըստ էության՝ Ֆրանցիսկոս պապի` ապրիլի 12-ին արած հայտարարությունը փաստացի այս ձևակերպումների վերահաստատումն էր: Սակայն եթե հայտարարությունը կարող է ընկալվել որպես որոշակի ժեստ՝ հայ ժողովրդի և, մասնավորապես, Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ, ապա ներկայիս հայտարարության կարգավիճակը շատ ավելի բարձր է և հնչում է որպես Վատիկանի պաշտոնական դիրքորոշում:

 

Հենց այս հանգամանքն է Թուրքիայի կողմից նման հակազդեցության պատճառը, որի կապակցությամբ մտավախությունը Անկարայում եղել է` սկսած այն պահից, երբ մշտապես Հայոց ցեղասպանության հարցում միանշանակ դիրքորոշում ունեցող և այն հրապարակելու հարցում երբեք կոմպլեքսներ չունեցող Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս, կարդինալ Բուրգոլիոն ընտրվեց Հռոմի պապ:

 

2014-ի նոյեմբերին Անկարան, օգտագործելով Պոլսո Հունաց տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսին, կարողացավ հասնել Պապի այցելությանը Թուրքիա՝ հույս ունենալով փոխել նրա կարծիքը Ցեղասպանության հարցում և այդ կապակցությամբ կորզել նրանից այնպիսի հայտարարություն, որը կարտահայտի նաև Անկարայի դիրքորոշումը, կլինի ավելի անորոշ և զերծ քաղաքական երանգավորումից: Այս դիվանագիտական ջանքերը, որոնց համար Անկարան հսկայական ռեսուրսներ էր ծախսել, փաստորեն, արդյունք չտվեցին: Ընդհակառակը՝ Թուրքիան ստացավ շատ ավելի կոշտ գնահատական, քան կարող էր պատկերացնել:

 

Հռոմի պապն, այսպիսով, իրեն դուրս դրեց դիվանագիտական ստերեոտիպներից՝ հրաշալի հասկանալով, թե ինչ հետևանքներ դա կունենա Վատիկանի և Թուրքիայի հարաբերությունների վրա: Նրա հայտարարությունից անմիջապես հետո այդ երկրում Թուրքիայի դեսպանը չեղյալ հայտարարեց նախապես պլանավորված ասուլիսը, Անկարան իր դեսպանին ետ կանչեց՝ կոնսուլտացիաների համար, ԱԳՆ հրավիրվեց այդ երկրում Վատիկանի դեսպանը: Բացի դրանից, Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարեց, թե Վատիկանը ցուցաբերել է միակողմանի մոտեցում՝ ներկայացնելով, իբր, միայն հայերի ցավը և մոռանալով այդ նույն ժամանակ մահմեդականների ապրած ցավերը, հավելելով, թե Անկարան կատարվածն անպատասխան չի թողնելու: Արտգործնախարար Մևլուդ Չավուշօղլուն, իր հերթին, հայտարարեց. «Կրոնական կառույցներն անհիմն պնդումների միջոցով թշնամանք և ատելություն սերմանելու վայրեր չեն: Հռոմ պապի՝ պատմական և իրավական իրողություններից հեռու հայտարարությունը չի կարող ընդունելի լինել»:

 

Սպասելի է, որ, չբավարարվելով զուտ դիվանագիտական որոշակի ժեստերով, Անկարան կդիմի նաև որոշակի քաղաքական և տնտեսական այլ հակաքայլերի, որոնք, սակայն, ոչ այնքան Վատիկանին և Ֆրանցիսկոս պապին «պատժելու», որքան նրա այս հայտարարության հենքի վրա այլ երկրների կողմից Ցեղասպանության ճանաչման հնարավոր շղթայական ռեակցիան կանխելու նպատակ կունենան: Անկարան ի սկզբանե փորձելու է ցույց տալ, թե ինչ է սպասվում բոլոր այն երկրներին, որոնք կփորձեն կրկնել Հռոմի պապի քայլը:

 

Այս տեսանկյունից Ս. Պետրոս տաճարում տեղի ունեցածը և Ֆրանցիսկոս պապի պատմական հայտարարությունը քաղաքական և բարոյական երկու կարևոր նշանակություն ունեն: Նախ՝ սա պարզորոշ ցույց տվեց, որ իրականանում է «հայկական ցունամիի» կամ մղձավանջի այն սպասելիքը, որը 100-ամյա տարելիցին ընդառաջ ուներ Անկարան և միլիարդավոր դոլարներ էր ծախսում դրա էֆեկտը թուլացնելու նպատակով:

 

Մի կողմից Պապի այս հայտարարության, մյուս կողմից՝ ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի` Հայաստան կատարած այցի համատեքստում Ցեղասպանության թեման այնպիսի ծավալներով է տիրաժավորվում աշխարհում, որ Անկարային մնում է միայն հաշվել իր քաղաքականության տված բացասական հաշվեկշռի ահռելի մասշտաբները:

 

Երկրորդ՝ Ֆրանցիսկոս պապը սկզբունքայնություն և մարդու իրավունքների պաշտպանության իրական արժեքի գնահատման, երկակի ստանդարտներից դուրս գործելու մի այնպիսի նշաձող սահմանեց, որն այլևս դառնալու է համեմատական Ցեղասպանության ճանաչման հարցում մանևրումներ կատարող երկրների համար` թե' բարոյական և թե' քաղաքական առումով: Սա ահռելի ճնշում էր այդ երկրների նկատմամբ, որը կարող է երկարաժամկետ հեռանկարում, միջազգային ճանաչման գործընթացի առումով, տալ դրական արդյունքներ:

 

Կարճաժամկետ հեռանկարի իմաստով` չի բացառվում, որ այդ երկրները շատ ավելի զգուշավոր դառնան: Սա կախված կլինի նրանից, թե Թուրքիան ինչպես կպատասխանի Վատիկանին, որից կարվեն համապատասխան հետևություններ: Եթե այդ ռեակցիան լինի սպասվածից ավելի թույլ, ապա ԱՄՆ-ը, Գերմանիան, գուցե նաև Մեծ Բրիտանիան ավելի համարձակ գտնվեն պատմական փաստերը ճանաչելու և հայ ժողովրդի հետ կատավածը Ցեղասպանություն որակելու հարցում: Սրա հետ կապված` շատ հարցերի պատասխան կտա ապրիլի 24-ը, երբ այդ երկրները ստիպված կլինեն ընտրություն կատարել Մեծ Եղեռնի հուշահամալիր այցելելու և Ստամբուլում կայանալիք` Գալիպոլիի «հաղթանակի» կապակցությամբ հրավիրվելիք տոնակատարություններին մասնակցելու միջև:

 

Ֆրանցիսկոս պապի կողմից դարասկզբին կատարվածը Ցեղասպանություն որակելը շատ հստակ ուղերձ է. այդ օրը Թուրքիա այցելելը լինելու է անբարոյականություն: Մնում է, որ այդ ուղերձը տեղ հասնի: Չնայած մեծ խաղացողների համար քաղաքականության մեջ անբարոյականությամբ առաջնորդվելը երբեք ամոթալի չի եղել:

 

Գևորգ Դարբինյան