Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագծով առաջարկվում է նախատեսել քրեական պատասխանատվություն պաշտոնատար անձի կողմից Լեռնային Ղարաբաղը երրորդ այլ հանրապետության կազմում ընդունելու կամ ճանաչելու եւ Հայոց ցեղասպանությունը ժխտելու վերաբերյալ ցանկացած արարքի համար՝ անկախ դրսեւորման եղանակներից՝ սահմանելով ազատազրկում տասից տասնհինգ տարի ժամկետով. այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 4-ի արտահերթ նիստի ընթացքում ասել է «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ Արամ Պետրոսյանը՝ հանձնաժողովականներին ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Զեկուցողի խոսքով նախաձեռնությունը կազմվել է 66.000 ՀՀ քաղաքացիների ստորագրության արդյունքում: Նա տեղեկացրել է, որ քննարկումներ կազմակերպելու նպատակով անձնական նամակով դիմել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 40 պատգամավորի. հետաքրքրվածությունը 10 տոկոսից ցածր է եղել:
Պատգամավորների հարցերը վերաբերել են նախկին իշխանությունների ժամանակ Լեռնային Ղարաբաղի անկախությունը չճանաչելու պատճառներին, Ալմաթիի հռչակագրին, ՌԴ ԱԳՆ՝ ԼՂ մասով հայտարարություններին, իրավական որոշակիությանը եւ այլ թեմաների:
Հարակից զեկուցող Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ նախագծի երկրորդ մասում առկա է հնացած նորմ: Հաշվի առնելով այդ եւ այն հանգամանքը, որ 400.1 հոդվածն իրավական որոշակիությունից զուրկ է՝ հանձնաժողովի նախագահը կոչ է արել դեմ քվեարկել նախագծին:
Կառավարության եզրակացությունը ներկայացրել է Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը: Փոխնախարարի խոսքով նախագծում իրավական որոշակիության խնդիրներ կան: Անդրադառնալով առաջարկվող նախագծի երկրորդ հատվածին՝ Արա Մկրտչյանը տեղեկացրել է, որ նույն արարքի համար արդեն իսկ սահմանված է քրեական պատասխանատվություն:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն առաջարկել է հստակ ամրագրել եւ նշել արարքի դրսեւորման ձեւերը, ինչպես նաեւ առավել որոշակի դարձնել արարքի կատարման սուբյեկտ հանդիսացող անձանց շրջանակը: «Առաջարկվող կարգավորման ընդունման պարագայում առավել երաշխավորված կլինի ու կհստակեցվի Սահմանադրությամբ նախատեսված իրավական որոշակիության սկզբունքը, որը, հատկապես, կարեւորվում է անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելիս: Բացի այդ՝ առաջարկով նախատեսվում է կոնկրետացնել արգելված արարքը կատարելու սուբյեկտ հանդիսացող անձանց շրջանակը»,- ասել է Արծվիկ Մինասյանը: Նշվել է, որ գրավոր առաջարկն ուղարկվել է հանձնաժողովի անդամների պաշտոնական էլեկտրոնային հասցեներին:
Վլադիմիր Վարդանյանը նկատել է, որ առաջարկին բացասական եզրակացություն տալուց հետո նախագծի քննարկումը չի կարող հետաձգվել լրամշակման նպատակով: Պատգամավորը հայտնել է, որ դա հնարավոր էր անել մինչեւ քննարկումը սկսելը: Հանձնաժողովի նախագահը առաջարկել է գործընկերներին բացասական եզրակացություն տալ նախագծին:
Հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել Արծվիկ Մինասյանի առաջարկին:
Քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ Արամ Պետրոսյանն էլ իր հերթին առաջարկել է հանձնաժողովին հետաձգել նախագծի քննարկումը՝ հաշվի առնելով հանձնաժողովի նիստում հնչած առաջարկները:
Նիստի ընթացքում արձանագրվել է, որ առանց ընդունված առաջարկի օրենքի նախագիծը լրամշակման նպատակով հետաձգվել չի կարող:
Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ նախագծին բացասական եզրակացություն տալու դեպքում խմբակցությունը դեկտեմբերի 5-ին կայանալիք ԱԺ հերթական նիստի ընթացքում հատուկ կարծիք կներկայացնի: Հատուկ կարծիքին միանալու են նաեւ նույն խմբակցության պատգամավորներ Գեղամ Նազարյանը եւ Մհեր Սահակյանը:
Հանձնաժողովը 3 կողմ եւ 7 դեմ ձայների հարաբերակցությամբ բացասական եզրակացության է արժանացրել Քաղաքացիական նախաձեռնության կողմից «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը: