կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-29 11:55
Քաղաքական

Օլանդը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ չի արել

Օլանդը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ չի արել

Հայոց ցեղասպանության հայրուրամյա տարելիցին ընդառաջ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հստակ և կոնկրետ քայլեր կձեռնարկի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման առնչությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Հրաչ Վարժապետյանը:

 

«Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման մասով ես կասկած չունեմ, որովհետև նախագահը շատ հստակ նշեց, որ նախագահական պալատը հարցը մտադիր է լուծել միմիայն օրենքի սահմաններում: Սա մեզ հետաքրքրում է, քանզի եթե օրենքի սահմաններում է հարցը լուծվելու, ապա օրինագիծը պետք է անցնի և կիրառվի: Համոզված եմ, որ մինչ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը նախագահ Օլանդը հստակ և կոնկրետ քայլեր կձեռնարկի, մանավանդ, որ նախատեսված է նրա մայիսյան այցելությունը Երևան, ուր էլ օրինագծի հետ կապված առաջադիմական և դրական հայտարարություն կանի»,- նշեց Վարժապետյանը:

 

Մեկնաբանելով երկօրյա պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Ֆրանսիայի նախագահ Օլանդի հայտարարությունը` պատմության հետ հաշվի նստելու հետ կապված, նա ընդգծեց, որ ֆրանսիական մամուլի լրատվությունը և նախագահի հայտարարությունը էականորեն տարբերվում են. ֆրանսիական մամուլի հրապարակումներում նշվում էր, որ նախագահը Հայոց ցեղասպանութան ճանաչման կոչ է արել, սակայն նախագահը նման բան չհայտարարեց: «Այդ առումով հայ համայնքի ակնկալիքները չարդարացան: Նախագահի հայտարարության մեջ իրերն իրենց անուններով չէին կոչվում: Անընդունելի են նաև այն արդարացումները, իբր, գտնվելով Թուրքիայում, նախագահը չէր կարող նման հայտարարություն անել: Հայ դատը շարունակելու է հետամուտ լինել նույն պահանջին` հասնելու վերջանական արդարության»,- պարզաբանեց Ֆրանսիայի Հայ դատի ղեկավարը:

 

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի` Թուրքիա պաշտոնական այցի նախօրյակին Ֆրանսիայի հայ համայնքը բողոքի ակցիա էր անցկացրել` պահանջելով Թուրքիայի առջև բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Օլանդն իր թուրք պաշտոնակից Աբդուլլահ Գյուլի հետ Անկարայում հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «հաշտություն եւ համաձայնություն ապահովելու համար անհրաժեշտ է ճանաչել 1915 թ-ի իրադարձությունները», իսկ «Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը պետք է կիրառել միջազգային համաձայնագրերի շրջանակում»: