կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-03 14:31
Սպորտ

Ֆրանգուլյանը հաղթեց նաև մրցավարին. Արայիկ Բաղդադյան

Ֆրանգուլյանը հաղթեց նաև մրցավարին. Արայիկ Բաղդադյան

Այսօր տեղի ունեցավ հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի հավաքականների գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի և Արայիկ Բաղդադյանի մամուլի ասուլիսը: Մարզիչներն ամփոփեցին Եվրոպայի` մինչև 23 տարեկանների առաջնությունում իրենց սաների ելույթները:

 

Արայիկ Բաղդադյան. «Մեր թիմը լավ մասնակցություն ունեցավ: Մասնակցում էինք 7 մարզիկով:

 

57 կգ քաշային կարգում Արտակ Հովհաննիսյանը 1 հաղթանակ տոնեց: 2-րդ գոտեմարտում թուրք ըմբիշի հետ մենամարտում սխալ թույլ տվեց և պարտություն կրեց:


61 կգ քաշային կարգում մասնակցում էր Վոլոդյա Ֆրանգուլյանը, ով նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Այս անգամ Վոլոդյան հաղթեց ավելի տիտղոսակիր ըմբիշների: Ամենատպավորիչը Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչների նկատմամբ տարած հաղթանակն էր: Երկուսն էլ մրցանակակիր ըմբիշներ էին: Թուրք ըմբիշն անցած տարի աշխարհի գավաթի խաղարկությունում հաղթել էր Ֆրանգուլյանին, սակայն այս անգամ մեր մարզիկը ոչ մի շանս չտվեց թուրք ըմբիշին և մրցավարներին: Հարկ է նշել, որ մրցավարության կազմակերպիչներն ազգությամբ թուրք էին, և կողմնապահությունը բացահայտ էր:  

 

Սպասելիքները շատ էին 65 կգ քաշային Նարեկ Սիրունյանից, սակայն նա գրավեց միայն 5-րդ տեղը: Կարող էր մեդալ նվաճել, բայց վերջին գոտեմարտը շատ վատ անցկացրեց:

 

70 կգ կարգում հանդես եկող Իշխան Պողոսյանին 3-րդ տեղի համար պայքարում փորձը և ֆիզիկական պատրաստվածությունը չբավականացրեցին: Պետք է նշել նաև, որ Պողոսյանը հայտնվել էր բավական ուժեղ ենթախմբում, որտեղ 2 հաղթանակ տոնեց և կրեց 2 պարտություն:


74 կգ քաշային կարգում  Գրիգոր Գրիգորյանը դարձավ փոխչեմպիոն: 3 վստահ հաղթանակներ տոնեց, իսկ եզրափակիչում 1:1 հաշվով ավարտեց գոտեմարտը վրացի ըմբիշի հետ: Նախապատրաստական շրջանում Գրիգորը դեռ ամբողջովին չէր վերականգնվել վնասվածքից, ինչը նույնպես ազդեց նրա ելույթների վրա»:

 

Լևոն Ջուլֆալակյան. «Եվրոպայի առաջնությունը մեզ համար անակնկալ եղավ` կանոնների փոփոխության առումով: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան որոշել էր, որ փորձարկումներ անի կանոնների փոփոխության մեջ, ինչի մասին մենք իմացել ենք մրցումների մեկնարկից մեկ շաբաթ առաջ: Մրցումներից առաջ նիստ տեղի ունեցավ, որի ընթացքում ներկայացրեցին նոր օրենքները, և ես արտահայտեցի իմ դեմ լինելը, քանի որ այդ օրենքներով կորչում էր ըմբշամարտի դիտարժանությունը: Ես երկար ելույթ ունեցա, որից գոհ եղավ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը: Ուրախալի է, որ մրցումների վերջին օրը նիստ կայացավ, և նախագահը հայտարարեց, որ մեծերի առաջնությունում փոփոխություներ չեն լինի: Մրցումների դիտարժանությունը ցածր մակարդակի էր, ինչին նպաստեց օրենքների փոփոխությունը»:

 

Խոսելով իր սաների ելույթների մասին Ջուլֆալակյանն ասաց. «Դժգոհ եմ միայն 85 կգ Վաղարշակ Մինասյանից, ով ունեցավ ընդամենը 1 հաղթանակ: 

 

Մնացած քաշային կարգերում հանդես եկող մարզիկներից  գոհ եմ: Կարապետ Չալյանից ավելին էինք սպասում, սակայն նրա մրցակիցն էլ պատահական մարզիկ չէր: Բելառուսցի մարզիկը, ով դուրս եկավ եզրափակիչ, երիտասարդների աշխարհի չեմպիոն էր, իսկ Չալյանը, հաղթելով մյուս գոտեմարտերում, գրավեց 3-րդ տեղը:

 

80 կգ կարգում Սարգիս Քոչարյանը գրավեց 2-րդ տեղը և մոտ էր ոսկե մեդալին: Եթե դիմացկունությունը բավականացներ` կկարողանար գրավել առաջին հորիզոնականը: Եզրափակիչում 2:2 հաշվով ավարտեց գոտեմարտը վրացի ըմբիշի հետ և գրավեց 2-րդ տեղը:


59 կգ քաշային կարգում Վազգեն Խաչատրյանը աշխատելու շատ տեղ ունի, սակայն գովելի է, որ պայքարում է մինչև վերջ: Մեծ պոտենցիալ ունի, և նրանից շատ սպասելիքներ ունեմ:


66 կգ Գոռ Սիրեկանյանը 2 հաղթանակ տանելուց հետո պարտվեց: Առաջին վայրկյաններին միանգամից 8 միավորի առավելություն ստացավ մրցակիցը, ինչի արդյունքում Գոռն այլևս չկարողացավ պայքարել բարձր տեղի համար»: