Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ըմբշամարտի Հայաստանի հավաքականն Իտալիայից արդեն ժամանել է Հայաստան: Հիշեցնենք, որ Սասարիում չեմպիոն դարձան ազատ ոճայիններ Վոլոդյա Ֆրանգուլյանն (61 կգ) ու Գրիգոր Գրիգորյանը (70կգ) և հունահռոմեականներ Ռոման Ամոյանը (59 կգ), Արսեն Ջուլֆալակյան (75 կգ), Արթուր Շահինյանն (85 կգ) ու Արթուր Ալեքսանյանը (98 կգ): Այսօր հավաքականի մարզիչները հանդիպեցին լրագրողների հետ:
«Իտալիայի Սասարի քաղաքում կայացած միջազգային մրցաշարում ազատ ոճայինները մասնակցեցին 6 մարզիկով: Չեմ կարող ասել, որ բարձր մակարդակի մրցաշար էր: Մասնակցում էր 17 երկիր: Մենք հանդես եկանք 6 մարզիկներով, եւ տղաների մասնակցությունից գոհ եմ: Երկու հաղթող ունեցանք: Վոլոդյան շատ լավ մասնակցեց, ունեցավ չորս գոտեմարտ եւ միավորների բացահայտ առավելությամբ հաղթեց բոլոր մրցակիցներին:
Մեր երկրորդ չեմպիոնը Գրիգոր Գրիգորյանն է: Նա նաև այս տարվա Եվրոպայի փոխչեմպիոնն է: Գրիգորը հրաշալի հանդես եկավ՝ հաղթելով Բելառուսի փորձառու ըմբիշին եւ ուկրաինացուն: Նա շատ լավ մարզավիճակում է, մինչեւ վերջ պայքարեց եւ հաղթեց: Սա Գրիգորի առանձնահատկություններից է՝ պայքարել մինչեւ վերջ: Մյուս տղաներից էլ եմ գոհ. Էդգար Ենոքյանն (97 կգ) ու Գարիկ Բարսեղյանը (57 կգ) երրորդ տեղ գրավեցին: Գարիկի նկատմամբ մրցավարների կողմնապահություն եղավ, եթե ճիշտ գնահատեին, նա միանշանակ եզրափակիչ կմտներ:
Այս մրցաշարով իր վերադարձը նշանավորեց Դավիթ Սաֆարյանը (65 կգ): Նա շուրջ 8 ամիս մրցագորգ դուրս չէր եկել: Անցկացրեց 4 գոտեմարտ, որից երեքը հաղթեց: 8 ամսվա դադարից հետո երրորդ տեղը վատ չէր: Ամենակարևորը՝ Դավիթն այժմ վնասվածք չունի: Դժգոհ եմ միայն Մուրթազալիևից»,- ասաց ազատ ոճայինների գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը:
Նա նշեց, որ աշխարհի առաջնությունում, ամենայն հավանականությամբ, հանդես կգան այս կազմով, եթե վնասվածքներ չլինեն մինչեւ առաջնության մեկնարկը:
Հունահռոմեականների գլխավոր մարզչի օգնական Սամվել Գևորգյանն ասաց. «Սասարիում մենք լուրջ մրցակիցներ չունեինք, քանի որ Ռուսաստանը, Թուրքիան ու ևս մի քանի ուժեղ երկրներ թիմ չէին բերել: Մրցաշարում Հայաստանի ըմբիշներից հաղթող դարձան Ռոման Ամոյանը (59 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (98 կգ): 66 կգ քաշային կարգի ըմբիշ Արամ Ջուլֆալակյանը գրավեց 2-րդ տեղը, իսկ 85 կգ քաշային կարգի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը՝ 3-րդ տեղը:
Այս մրցմանը մասնակցում էինք ոչ թե հաղթելու, այլ աշխարհի առաջնությունից առաջ տղաների ուժերը փորձելու համար: Շուտով մեկնելու ենք Գերմանիա, որտեղ անցկացվելու է Ա կարգի մրցաշար: Այնտեղ պարզ կդառնա աշխարհի առաջնությունում մեր կազմը: Այս մրցաշարում ընտրել էինք այն մարզիկներին, որոնք պետք է մրցման մասնակցեին: Ռոման Ամոյանը, Արամ Ջուլֆալակյանը, Արթուր Ալեքսանյանը պետք է պահպանեն իրենց մարզավիճակը: Մինչեւ Գերմանիայի մրցաշարը 10 օր հանգիստ կունենանք, հունիսին ուսումնամարզական հավաք կանցկացնենք Երեւանում»:
Այս մասին հայտնում է ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: