|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը խոսեց հունիսի 12-28-ը Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերն իր սաների մասնակցության մասին:
«Մեր թիմն արդեն այսօրվանից գտնվում է հավաքի մեջ: Հավաքն անցկացվելու է հունիսի 3-15-ը: Հավաքականը Բաքու կմեկնի իմ գլխավորությամբ: Ինձ հետ կլինեն նաև 2-րդ մարզիչ Հովսեփ Հովսեփյանը, Դավիթ Սաֆարյանի անձնական մարզիչը, մեր թիմի բժիշկը, ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը և գլխավոր քարտուղար Բազմասեր Առաքելյանը:
Իմ սաներից ոչ մեկին չեմ առանձնացնում: Այս մարզիկներից բոլորն էլ Եվրոպայի և աշխարհի առաջնությունների հաղթող կամ մրցանակակիրներ են: Բոլորն էլ լավ հնարավորություն ունեն լավ հանդես գալու: Սպորտային լեզվով ասած` գորգը ցույց կտա»,- ասաց մարզիչը:
Խոսելով անվտանգության երաշխիքների մասին` Բաղդադյանն ասաց. «Ես չեմ ուզում քաքաքականացնել սպորտը: Սա մարզական միջոցառում է, որը կազմակերպել են Միջազգային ու Եվրոպական օլիմպիական կոմիտեները: Բաքուն պարզապես իրավունք է ստացել ընդունելու մրցումները: Ես 2007-ին եղել եմ Բաքվում, և իրոք, շատ դժվար է: Հենց հայտարարում են Հայաստան անունը խառնաշփոթ է սկսվում: Ես գիտեմ, որ մեզ համար շատ դժվար է լինելու: Գնում ենք մեր երկրի համար մեդալ նվաճելու: Չի եղել այդպիսի մարզիկ, որ հրաժարվի Բաքու մեկնելուց»:
Մարզիչը նաև հայտնեց, որ սպասում է մրցավարների անարդարությանը: «Անարդար մրցավարություն լինելու է` միանշանակ: Բաքուն միջազգային ֆեդերացիայի գլխավոր հովանավորն է, և բնական է, որ անարդարություններ կլինեն: Մենք ամեն ինչի պատրաստ ենք»,-ասաց Բաղդադյանը:
Հավելենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Բաքու կմեկնի հունիսի 15-ին և Երևան կվերադառնան 19-ի երեկոյան: