կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-01 10:53
Սպորտ

Բաքու կմեկնեն ուժեղագույնները. Արայիկ Բաղդադյան

Բաքու կմեկնեն ուժեղագույնները. Արայիկ Բաղդադյան

Ապրիլի 25-28-ը Երևանի «Միկա» մարզադահլիճում կայացած` ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի համար պարզեց, թե ում կվստահի հունիսի 15-17-ը Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարին մասնակցելու պատասխանատու գործը:  Ներկայացնում ենք ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Արայիկ Բաղդադյանի տված հարցազրույցը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կայքին:


-Պարոն Բաղդադյան, բազմիցս նշել եք, որ Հայաստանի մեծահասակների առաջնությունից հետո պարզ կլինի Բաքու մեկնողների կազմը:

 -Ճիշտ է, Հայաստանի առաջնությունը շատ բան պարզեց, բայց վերջնական պատասխանը կարող եմ տալ Վրաստանում՝ Դուշետիում, մայիսի 1-16-ը, այնուհետև հունիսի 2-15-ը Երևանում կայանալիք ուսումնամարզական հավաքներից հետո: Սակայն մի բան հստակ է, որ Բաքու կմեկնեն միայն նրանք, ովքեր այնքան լավ մարզավիճակում կլինեն, որ զգանք՝ կարող են պայքարել մեդալների համար:


 -Իսկ Հայաստանի առաջնությունը որոշակիորեն տվե՞ց Ձեզ մտահոգող հարցի պատասխանը: 

-Հայաստանի առաջնությունում չմասնակցեց միայն աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը: Մյուս առաջատարները ցույց տվեցին իրենց բարձր կարգը, սակայն բոլոր քաշային կարգերում էլ լուրջ պայքար մղեցին երիտասարդները: 66 կգ-ում Դավիթ Սաֆարյանի բացակայության պարագայում  շատ լավ տպավորություն թողեց երիտասարդ, խոստումնալի Գագիկ Ակուլյանը,  70կգ-ում չեմպիոն հռչակվեց Իշխան Պողոսյանը, նրանից նույնպես գոհ եմ,  74 կգ-ում երիտասարդ Տիգրան Մնացականյանը գրավեց երրորդ տեղ, բայց շատ լավ տպավորություն թողեց: Մի խոսքով՝ այս առաջնությունում նկատվեց երիտասարդ ըմբիշների աճը, ինչը բավականին հուսադրող է: Իսկ Բաքվի առումով կասեմ, որ մենք դժվար թե բոլոր քաշային կարգերում ունենանք մասնակիցներ, հավանաբար սահմանափակվենք 4-6 ըմբիշով:


 -Եթե գաղտնիք չէ, ո՞ւմ հետ եք առավել հույսեր կապում: 

-Դավիթ Սաֆարյանը, Գրիգոր Գրիգորյանը, Մուսա Մուրթազալիևը և Լևան Բերիանիձեն հիմնական թեկնածուներից են, հնարավոր է նրանց միանան ևս երկուսը:


 -Սաֆարյանը վերջերս հաճախ է հանդես գալիս 70 կգ-ում, հնարավո՞ր է Բաքվում նույնպես նրան տեսնենք այդ քաշում:

 -Բաքվում չի բացառվում, սակայն աշխարհի առաջնությունում միանշանակ հանդես կգա օլիմպիական՝ 66 կգ քաշային կարգում:


-Ի դեպ՝ մեզ համար միանշանակ ավելի կարևոր է սեպտեմբերի սկզբին Լաս Վեգասում կայանալիք նախաօլիմպիական վարկանիշային առաջնությունը: Հավանաբար, մեդալներից բացի, ծրագրել եք նաև կանխատեսելի օլիմպիական վարկանիշերի քանակ:

 -Ինչ խոսք, աշխարհի առաջնությունը ըմբիշների համար այս տարվա ամենակարևոր ստուգատեսն է: Եթե կարճ ասեմ, ապա նախատեսում ենք առնվազն մեկ մեդալ, երկու օլիմպիական վարկանիշ: Եթե լինի նախատեսվածից ավելի, շատ ուրախ կլինենք: Սակայն վստահ եմ, եթե երկու ուղեգիր ձեռք բերենք Լաս Վեգասից, ապա ևս երկուսն էլ խոստանում եմ վարկանիշային մրցաշարերից: