Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը ՀԱՕԿ լրատվական բաժնի լրագրողի հետ զրույցում ամփոփել է Լաս Վեգասում կայացած աշխարհի առաջնությունը: Մարզիչն անդրադարձել է հավաքականի ըմբիշներին և խոսել օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու հնարավորության մասին:
-Պարոն Բաղդադյան, ինչո՞վ էր պայմանավորված հայ ըմբիշների վատ ելույթը աշխարհի վարկանիշային առաջնությունում:
-Աշխարհի առաջնությունից իսկապես մեծ սպասելիքներ ունեինք: Տղաներից սպասում էինք թե՛ մեդալներ և թե՛ 2-3 վարկանիշ: Ցավոք սրտի, չստացվեց: Բոլորը սպասվածից վատ հանդես եկան: Միայն 125 կգ քաշային կարգը ներկայացնող Լևան Բերիանիձեին հաջողվեց ձեռք բերել Օլիմպիական խաղերի վարկանիշ: Նա տարավ տպավորիչ հաղթանակներ` պարտվելով աշխարհի չեմպիոնին: Բերիանիձեն մեկ խնդիր ունի` նրան պակասում է մրցումային փորձը, քանի որ 2 տարի իրավունք չուներ մասնակցելու միջազգայի մրցաշարերի: Սակայն ես նրա հետ մեծ հույսեր եմ կապում: Օլիմպիական խաղերում նա կարող է մեզ ուրախացնել:
-Դուք արդեն հասկացե՞լ եք, թե ինչն է տղաների վատ ելույթների պատճառը:
-Ես ինքս իմ մեջ էլ երկար ժամանակ է փնտրում եմ այդ հարցի պատասխանը: Մարզիչներով էլ նստել և երկար քննարկել ենք, թե ինչը կարող է նման մրցելույթների պատճառ հանդիսանալ: Ասում են, միգուցե եղանակափոխությունն էր, շուտ գնացինք, մարզումներ արեցիք այնտեղ, թիմը «վառվեց»: Ոչ, այդպես չէ: Տղաններն իրենց լավ էին զգում: Մեզանից բացի նույն ժամանակում Լաս Վեգաս էին մեկնել Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Հնդկաստանի հավաքականները: Կարելի է ասել` բոլոր այն երկրների հետ, որոնք մեդալներ նվաճեցին Վեգասում, մենք համատեղ հավաք ենք անցկացրել (խմբ. բացի Ռուսաստանից): Տղաների մոտ ցանկություն չկա պայքարելու: Չեմ ցանկանում ամբողջ մեղքը նրանց վրա բարդել, բայց ես այնտեղ պայքար չտեսա: Առանց պայքարելու հանձնվեցին: Հոգեբանական ընկճվածություն կա նրանց մոտ: Միգուցե դա Բաքվի խաղերից մնաց: Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարին լավ մասկացեցին, հույս արթնացավ, որ տղաները դուրս են եկել այդ վիճակից, սակայն պարզվեց`ոչ:
- Ձեր գլխավորած հավաքականն ունի ընդամենը մեկ ուղեգիր(Լևան Բերիանիձե), առջևում վարկանիշային մրցաշարերն են, ի՞նչ կարգով ենընտրվելու ուղեգրերի համար պայքարող ըմբիշները:
-Միջազգային մրցաշարերի արդյունքներով: Մյուս տարի նախատեսվում է ևս միջազգային 2 մրցաշար, որից հետո կձևավորվի հավաքականը և պարզ կդառնա, թե ով կպայքարի վարկանիշների համար և ով կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Կապ չունի, թե ով է հավաքականի առաջին համարը, ով տվյալ պահին ամենալավ մարզավիճակում լինի, նա էլ կպայքարի ուղեգրի համար: Մրցաշարերն իրար հետևից են լինելու, մոտ 25 օրվա ընթացքում, ով այդ ժամանակ պատրաստ լինի նա էլ կմեկնի: Այսինքն` մեկը մյուսին փոխարինելով:
-Ստացվում է, որ Հայաստանի առաջնություն չի՞ անցկացվելու:
-Ո՛չ: Երկրի առաջնությանը պետք է մասնակցել մաքուր քաշով, նպատակահարմար չենք գտնում ըմբիշներին քաշ գցել տալ` Հայաստանի առաջնությանը մասնակցելու համար:
-Սոսլան Անդիևի անվան մրցաշարին Վալոդյա Ֆրանգուլյանին փորձարկելու եք նոր քաշային կարգում (65 կգ): Հնարավո՞ր է, որ նրան տեսնենք վարկանիշային մրցաշարերին:
-Մենք Վալոդյայի քաշը փոխել ենք Դավիթ Սաֆարյանի համար մրցակցություն ստեղծելու նպատակով: Դավիթը և՛ իր փորձով և՛ քաշով այսօր բարձր է Վալոդյայից: Ֆրանգուլյանը երիտասարդ և խոստումնալից մարզիկ է: Ունի քաշային խնդիր: Անձնական քաշով դեռ թեթև է 65 կգ քաշային կարգի համար (խմբ. 65 կգ-66 կգ): Ժամանակը ցույց կտա: Պետք է աստիճանաբար փոխարինող գտնենք Դավիթին և ամենալավ տարբերակը Վալոդյա Ֆրանգուլյանն է: Չմոռանանք, որ Դավիթ Սաֆարյանը քիչ բան չի արել մեր երկրի համար: Նա Եվրոպայի և աշխարհի չեմպիոն է, Օլիմպիական խաղերի մասնակից: Ես չեմ ցանկանում թերագնահատել մեր ըմբիշներին, բայց այսօր հավաքականում Օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերելու ամենաիրական շանսերը Դավիթ Սաֆարյանին են: Նա պետք է դուրս գա հոգեբանական այդ ծանր վիճակից: Արդեն տևական ժամանակ է` ես նրա մոտ նկատում եմ ոչ թե հաղթելու ցանկություն, այլ չպարտվելու ձգտում: Նա իր անձնական մարզիչի հետ հավաքների է Վլադիկովկասում:
-Ու՞մ եք վստահելու 86 կգ քաշային կարգում` Մուսա Մուրթազալիևին, թե Շամիր Աթյանին:
-Մուրթազալիևի մոտ էլ մեկ հիվանդություն կա, մեկ վնասվածք: Հիմա էլ, ինչպես տեսնում եք նա հավաքականի հետ չէ: Եթե ծաղկաձորյան հավաքին էլ չմասնակցի, նա կկորցնի իր տեղը հավաքականում: Այս դեպքում կողմնորոշումս դեպի Շամիր Աթյանն է: Ինքներդ էլ գիտեք երևի, երիտասարդ լինելով հանդերձ` հիանալի ելույթ ունեցավ միջազգային մրցաշարերում: 86 կգ քաշային կարգն այժմ ամենաբարդերից մեկն է. մրցակցությունն անհամեմատ մեծ է: Եթե այս Օլիմպիական խաղերին նա չհասցնի վարկանիշ ձեռք բերել, ապա վստահ եմ` մյուս շրջափուլում դա նրան կհաջողվի:
-Արդյո՞ք ճիշտ է, որ աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Գեորգի Կետոևը կհամալրի ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը:
-Գեորգի Կետոևը չի համալրի Հայաստանի հավաքականի կազմը: Ես չգիտեմ, թե որտեղից են այս խոսակցությունները տարածվել: Իրականում, նրանց կողմից կար նման առաջարկ: Ոչինիչ չեմ կարող ասել, նա իրոք անվանի և տիտղոսակիր ըմբիշ է, բայց նպատակահարմար չէ հավաքականը համալրել արդեն տարիք ունեցող ըմբիշներով: Ես ինքս դեմ եմ, որ շատ լեգիոներներ լինեն թիմում: Եթե պետք է դրսից գա, ուրեմն այնպիսի ըմբիշ պետք է լինի, որ ամենաքիչը Օլիմպիական ուղեգիր և մեդալ նվաճի: Հակառակ դեպքում` ավելի լավ է մեր տղաները փորձ ձեռք բերեն և առաջ գնան: