կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-28 14:03
Քաղաքական

«Հանրապետական»-ի կրծքանշանն էլ չի կարող փրկել հարկային ստուգումներից. ՀՀԿ-ական պատգամավոր

«Հանրապետական»-ի կրծքանշանն էլ չի կարող փրկել հարկային ստուգումներից. ՀՀԿ-ական պատգամավոր

ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վերջին շրջանում հաճախակի դարձած հարկային ստուգումներին, նշեց, որ տեխնիկայի զարգացման, օպերատիվ աշխատանքի արդյունքում է, որ բացահայտումներն ավելի շատացել են:

 

«Բնական է, որ այդ ստուգումները միշտ էլ եղել են: Պետք է ասենք, որ մեր երկիրը զարգանում է, առաջ ենք գնում: Ընթանում ենք ավելի շատ ժողովրդավարական, իրավական պետության ճանապարհով: Եթե համեմատենք առաջվա և ներկայիս հարկային տեսչությանը, տեսուչներին, նրանց գիտակցությունը, ընկալումները, պետք է ասենք, որ ամեն ինչ փոխվել է: Տեխնիկայի զարգացման դարաշրջանում ավելի օպերատիվ ինֆորմացիա ենք ստանում, տեսնում ենք, թե որ տնտեսվարող սուբյեկտի մոտ են իրականացվել ստուգումներ և ինչպիսի բացահայտումներ են արվել»,- ասաց Սահակյանը:

 

Yerkir.am-ի այն դիտարկմանը, թե, իրոք, հարկային ստուգումներն արդեն Հանրապետական կուսակցության «դուռն էլ են չոքել», և ՀՀԿ-ականներին մինչև անգամ իրենց կրծքանշանը չի փրկում, թե՞ գործ ունենք հերթական շոուի հետ, նա պատասխանեց. «Ստուգումներ իրականացվում են բոլորի մոտ, և Հանրապետական կուսակցության կրծքանշանը անձամբ ինձ համար, երբեք ինչ-որ բանից փրկվելու համար չեմ կպցրել: ՀՀԿ չեմ մտել, որ այն ինձ համար հովանի դառնա: Չեմ կարծում, որ եթե որևէ մեկն էլ դրա համար մտած լինի, կարող է կրծքանշանը փրկել: Մեր կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն էլ է ասել, որ ամենուրեք պետք է լինի հավասարություն, և որևէ մեկի կուսակցական պատկանելիությունը, հասարակական-սոցիալական դիրքը չի կարող նշանակություն ունենալ: Դա էլ աստիճանաբար պետք է բերի նրան, որ մեր բոլորի գիտակցության մեջ ընկալվի, հասկացվի, որ մենք պետություն ենք կառուցում»,- ընդգծեց ՀՀԿ-ականը: