Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում քննարկվում էր «Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թթ. իրականացված` հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» նախագիծը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ նախագիծը ռազմավարական նշանակություն ունի ՀՅԴ-ի համար:
«Մենք հետևողական ջատագովն ենք եղել այսպիսի նախաձեռնությունների իրականացման: Դեռևս նախորդ գումարումներում այսպիսի նախաձեռնությունները լիովին տեղավորվում են Դաշնակցության կողմից ժամանակին շրջանառության մեջ դրված օրենքի նախագծի տրամաբանության մեջ, որը կոչվում էր «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման պետական հիմադրույթների մասին» օրենք: Իհարկե այդ օրենքը տեղափոխվեց ԱԺ տարբեր գումարումներից գումարում, բայց այն հիմա շրջանառվում է»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքով՝ այս նախագիծը առանձնահատուկ կարևորություն է ստանում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի համատեքստում: Խոսելով նախաձեռնության ռազմավարական նախաձեռնության մասին` պատգամավորը նշեց, որ Օսմանյան Թուրքիայում նույն ժամանակահատվածում հայրենազրկման ու ցեղասպանության ենթարկված ժողովուրդը, բնական է, իր զորակցությունը պետք է հայտնի մյուս ազգերին, որոնց նկատմամբ ևս իրականացվել է պատմականորեն փաստված նմանօրինակ ցեղասպանություն:
«Թուրքիայի կողմից իրականացվող քաղաքականությունը եղել է տևական և ունեցել զանգվածային բնույթ: Սրանով ամրապնդվում է մեղադրանքը՝ ուղղված Օսմանյան Թուրքիայի իրավահաջորդ ներկայացող Թուրքիայի Հանրապետությանը, քանի դեռ վերջինս շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը: Սա իրավագիտական, ամենածանրակշիռ փաստարկներից է, որ ցեղասպանությունը ուղղված չէ միայն մեկ ազգի դեմ, այլ հանցագործություն է՝ կատարված քաղաքակիրթ ազգերի և համայն մարդկության դեմ»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Պատգամավորը հավելեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումn արդեն միջազգային օրակարգի հարց է: Ցեղասպանությունը, լինելով մարդկության դեմ հանցանք, չի կարող ունենալ վաղեմության ժամկետ, չի կարող վերաբերել անցյալին կամ պատմաբաններին: Չդատապարտված ոճիրը մշտապես մարդկությանն ուղղված անխուսափելի վտանգ է պարունակում, նորանոր հանցանքներ:
Խոսելով Թուրքիայի ժխտողական քաղաքականության մասին` Արմեն Ռուստամյանը նշեց, որ ժխտողականությունը դատապարտելը պատահական չէ, որ առաջադեմ մարդկությունը անհրաժեշտ է դա համարում, որովհետև դրա հետևում թաքնված է հանցագործության պարտակումը: Դա է պատճառը, որ շատ երկրներում այն քրեականացված է, ուստի ժխտողականությունը ոչ այնքան կապված է խոսքի ազատության սահմանափակման հետ, որքան դարձել է հիմնական միջոցը՝ խուսափելու պատժից, այսինքն` չկա հանցանք, չկա և պատիժ, չխոստովանեն հանցանքը, որ պատժից էլ խուսափեն:
«Դա նշանակում է գլխիվայր շուռ տալ արդարադատության համակարգը: Սա է խնդիրը, որ ժխտողականությանը հակառակվող գաղափարախոսությունը պահանջատիրությունն է: Նույնն է, եթե դատարանը փորձի համարել, թե բավարար է մարդասպանի կողմից նրա մեղքի խոստովանությունը և պատիժ չսահմանի: Սա է աբսուրդը: Թուրքիան շատ լավ գիտի, որ եթե ճանաչեց, մնացած քայլերն անխուսափելի են լինելու»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Ըստ նրա` Թուրքիան ժխտողականությունn իրականացնում է պետական մակարդակով, ինչը նշանակում է խոչընդոտել արդարադատության իրականացմանը, ինչն էլ, իր հերթին, քրեական արարք է: Արմեն Ռուստամյանը վստահ է, որ Թուրքիան խուսափում է համաշխարհային դատից: Նա նաև վստահ է, որ Հայաստանը իրավական դաշտում ուժեղ դիրքեր ունի, քանի որ ունի անհերքելի փաստեր:
«Արդեն մեկ դար մեր ժողովուրդը պայքարել է` պետություն չունենալով, նորից պետություն ձեռք բերելով: Հիմա հասել ենք հսկայական արդյունքների և դրան հասել ենք հստակ գաղափարախոսությամբ, Հայ դատի գաղափարախոսությամբ»,- ասաց Արմեն Ռուստամյանը: