Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իրավունք»-ի հարցազրույցը ՀՅԴ Բյուրոյի անդամ Վիգեն Յակուբյանի հետ
– Պարոն Յակուբյան, ի՞նչ իրավիճակ է հիմա Լոս Անջելեսում:
– Նախ նշեմ, որ որեւէ բիզնեսի կամ հաստատության ստացած վնասը չպետք է պատճառ դառնա, որ ժողովրդական այս պոռթկումի հիմքերը թերագնահատվեն: Հիմքեր, որոնք էապես առնչվում են արդարության պահանջի հետ: Այդ վնասները, թեեւ ցավալի է, սակայն հայության նկատմամբ թիրախավորված հարձակումներ չէին, այլ կողմնակի վնասներ` շարժման հիմնական ուղղությունը խեղաթյուրող, անկարգ անհատների եւ խմբերի կողմից: Արդարության պահանջատիրությունը մեր ժողովրդի պատմության կարեւորագույն տեսլականներից մեկն է եղել եւ շարունակում է լինել, ու այդ իմաստով արդարություն պահանջող հասարակ ակցիաները շատ ավելի են, քան մի քանի անհամ երեւույթները:
– Շատերը տեղի ունեցած բախումները նմանեցնում են ուկրաինական մայդանին, նման սցենար հնարավո՞ր է, եւ ընդհանրապես` այդ անկարգությունների հետեւում ովքե՞ր են կանգնած:
– ԱՄՆ-ի պատմության նույնիսկ ամենամակերեսային ուսումնասիրությունը հստակ ցույց է տալիս, որ փոքրամասնությունների, մանավանդ սեւերի նկատմամբ անարդարությունը, անքակտելի մաս է եղել այդ պատմության: Ճիշտ այդ պատճառով է, որ տեղի ունեցավ 60-ական թվականներին քաղաքացիական պահանջատիրությունը, որ, ի վերջո, օրինական իմաստով ստեղծվեց իրավունքների հավասարություն` 1964 թ.-ի քաղաքացիական իրավունքների օրենսգրքով: Սակայն սա չի նշանակում, որ դասակարգային, սոցիալ-տնտեսական պատեհությունները, քաղաքական կյանքի մասնակցության եւ այլ անհավասար պայմանները, հանկարծ վերացան: Այն ընդամենը մեկ օրենքով արգելվեց, իսկ բացահայտ ռասիզմը կամ ցեղապաշտությունը դարձավ ընդհատակյա, ծածուկ: Եվ այս ողջ ընթացում եղել են երեւույթներ, որոնք վկայում ու բացահայտում են այդ երեւույթը, մանավանդ, ոստիկանության բռնի ուժի անհավասար գործածության մեջ: Ահա այս բացահայտ երեւույթներն են, որ կհանդիսանան, իբրեւ պոռթկումի կայծ, տասնամյակների ընթացքում կուտակված անարդար կարգերին ենթակա փոքրամասնությունների, մանավանդ սեւերի համար: Այս պոռթկումները վստահաբար պետք է շարունակվեն, դեռեւս ընդհատաբար, բայց մինչեւ նաեւ վերանա թաքնված ինստիտուցիոնալ եւ համակարգային, ինչու ոչ, նաեւ մշակութային ցեղապաշտությունը: Հետեւաբար, այս իմաստով` միջազգային համեմատականներ անելը կամ ժողովորդի ակունքներից դուրս գրգռողներ փնտրելն ապարդյուն աշխատանք է:
– Ստացանք տեղեկություններ, որ ստեղծված իրավիճակում հայերը ստիպված անցել են զինված ինքնապաշտպանության: ՀՅԴ-ականները ԱՄՆ-ում նույնպե՞ս միացել են այդ ինքնապաշտպանական խմբերին:
– Ինձ համար մի քիչ զարմանալի են նման որակումները, թե հայերն անցել են զինված ինքնապաշտպանության, կարծես, անիշխան քաղաքացիական պատերազմի իրավիճակ է տիրում, մինչդեռ այդպես չէ: Կարող է դեպքեր են եղել, որ իրենց գործատեղերի պաշտպանության համար սեփականատերերը դիմել են այդպիսի քայլերի, սակայն պահանջատիրության այս պոռթկումի ավելի լայն առումով դրանք աննշան երեւույթներ են: ԱՄՆ-ում սեփական կալվածքի պաշտպանությունը, նույնիսկ զինված կարգավիճակով, սահմանադրական իրավունք է դիտարկվում եւ ոչ անիշխանության վիճակ: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին` այն ողջ պատմության ընթացքում մեր ազգային իրավունքների պահանաջատեր կուսակցություն է եղել: Պայմանների բերումով պատմության ընթացքում այդ պահանջատիրությունը տարբեր արտահայտություններ է ունեցել` ներառյալ համայնքի ինքնապաշտպանություն, ինչպես Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքում: Հետեւաբար մեր համայնքի եւ գաղութի պաշտպանությունն ու անվտանգությունը ՀՅԴ-ի եւ ՀՅԴ-ականի համար գրեթե բնազդային ազդեցություն է ունենում: Միշտ էլ, ուր էլ լինի, մենք երաշխավորելու ենք ազգային հաստատությունների ապահովությունը: Սակայն, ինչպես ասացի, ֆիզիկական վտանգի այդ երեւույթները տեղի ունեցած պոռթկումի մեջ բացառություններն էին եւ ոչ թե հիմնական կանոն, ուստի` կարեւոր է այն գնահատել, որպես այդպիսին: Իսկ արդարության պահանջատիրությունն ամբողջովին համահունչ է ՀՅԴ սկզբունքների հետ:
Ազգային միասնություն իշխանափոխությունից երկու տարի անց, դժբախտաբար, չտեսանք
«ՈՐԵՎԷ ԿԵՑՎԱԾՔ ԿԱՄ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԲԽՈՒՄ Է` ՄԵՐ ՄՏԱՀՈԳ ԼԻՆԵԼՈՎ»
– Պարոն Յակուբյան, ինչպես գիտեք, Հայաստանում ներքաղաքական կյանքը խաղաղ չէ, իսկ կորոնավիրուսի վարակը տարածվում է աղետալի տեմպերով: Հետաքրքիր է` ի՞նչ տրամադրություններ կան այս ամենի վերաբերյալ Սփյուռքում:
– Սփյուռքը, ինչպես հայ ժողովրդի բոլոր զավակները, սրտացավ անձկությամբ հետեւում է կորոնաժահրի ճգնաժամային կացությանը, որին նաեւ ենթակա է ինչպես Սփյուռքը, այնպես էլ ամբողջ աշխարհը: Այս առումով` որեւէ կեցվածք կամ տրամադրություն բխում է մեր մտահոգ լինելով:
– Մեկ տարի առաջ Լոս Անջելեսում ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ Դուք հույս էիք հայտնել, որ ազգի համախմբման տեսլականը կշարունակվի ապագայում, եւ հեռու կմնանք մեր ժողովրդին տարանջատող բաժանարար գծերից` միշտ օրենքի գերակայությունը գնահատելով եւ միշտ Սահմանադրությունը ամեն ինչից բարձր դասելով£ Արդարացվեցի՞ն հույսերը:
– Ճիշտ է, որ ես այդ հույսն արտահայտեցի Լոս Անջելեսում վարչապետի հետ մեր հանդիպման ընթացքում: Բայց, ցավոք, մեր վկայած ուղղությունը չհամապատասխանեց այդ հույսին, եւ համախմբման, ազգային ներուժի ու կարողականության ամբողջական օգտագործումը չդարձավ այն խարիսխը, որի վրա կարելի պետք է լիներ կառուցել մեր համազգային տեսլականը:
«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ԲԱԺԱՆԱՐԱՐ ԳԾԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՉՊԵՏՔ Է ԾԱՌԱՅԵՐ»
– Ժամանակին Դուք էլ նշել էիք, որ տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները, որը կոչեցին հեղափոխություն, պահանջատիրության, արդար կարգերի հաստատման, տնտեսական կայունության, ազգային տեսլականի նկատմամբ հանձնառության հույս է արթնացրել: Ըստ Ձեզ, ինչո՞ւ այդ ամենն այս ընթացքում կյանքի չկոչվեց, եւ ովքե՞ր էին դրա մեղավորները:
– Չի կարելի եւ պետք չէ երբեք թերագնահատել ժողովրդի պահանջատիրական այն ձայնը, որը եկավ նոր սկզբի պնդումը աներկբա հաստատելու: Այդ իմաստով` ժողովուրդը ճշտեց ուղղության ուրվագիծը, ինչպես արել են մի շարք ժողովրդական շարժումներ: Այն մեր պետության համար վերընձյուղման ոսկե առիթ էր, որի միակ ուղղությունը կարող էր լինել ազգային միասնականության ձգտումը: Այդ ուղղությունը ենթադրում էր լայնախոհ, մտասեւեռուն, հեռահար տեսլական, հավաքական կարողականության համախմբում, ազգային ներուժի ամբողջական օգտագործում: Եվ այն երբեք չպետք է բացառեր անցյալի ախտերի վերացման վերաբերյալ օրինական քայլերը, սակայն այն երբեք ժողովրդական մասշտաբով չպետք է ծառայեր բաժանարար գծերի ստեղծման, սեւ ու սպիտակի բաժանման: Նույնիսկ եթե կային հոսանքներ, որոնք ինչ-ինչ պատճառով ձգտում էին երկիրը տանել այլ ուղղությամբ, երկրի պատասխանատու ղեկավարումը պետք է շրջանցեր այդ ճնշումը եւ առաջնորդվեր ազգային միասնականության տեսլականով, որը ամբողջական հաջողության եւ հաղթանակի միակ հենարանն էր: Այսօր` իշխանափոխությունից երկու տարի անց, ոմանք խոսում են հանգրվանային բնականոն ընթացքի մասին, այդպիսի ընթացքը սակայն ենթադրում է կառավարման կիրառելի մեկնակետ, որը սակայն, դժբախտաբար, չտեսանք:
– Ի դեպ, ՀՀ վարչապետի հետ Ձեր հանդիպման ժամանակ, նա ասել էր, թե ՀՅԴ-ն նաեւ պետք է որոշակի վերագնահատումներ անի վերջին շրջանում Հայաստանում ծավալած գործունեության առնչությամբ: Այս առումով ի՞նչ մթնոլորտ է ՀՅԴ-ում: Դուք էլ լավ կհիշեք, որ տեւական ժամանակ հետեւողական փորձում էին հակասություններ, բաժանարար գծեր տանել նաեւ հայաստանյան եւ սփյուռքյան ՀՅԴ կառույցների միջեւ:
– Ինչպես պատմությունն է վկայում, Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր գաղափարախոսությամբ անշեղ հետապնդողը եւ պահապանն է եղել մեր ազգային պահանջատիրությանը` բոլոր մակարդակների վրա: Այդ պահանջատիրությունը նվիրականացած է իր գաղափարախոսության մեջ, որը համախմբում է ՀՅԴ-ականներին ամենուր: ՀՅԴ-ի գոյատեւման կարեւորագույն հանգամանքներից մեկն իր ապակենտրոնացած աշխատաոճի ըմբռնումն է: Այս իմաստով` բոլոր տեսակի գնահատումներն ու վերագնահատումները բնական հոլովույթ են դաշնակցության համար` իր կառուցվածքի եւ ժողովների մեջ: Այդ հոլովույթն իր առողջ գոյությունը երաշխավորել է ավելի քան 130 տարի, հետեւաբար նվիրականացած այդ ավանդույթը ՀՅԴ էության անքակտելի մասն է: Այնպես որ, ՀՅԴ-ն երբեք հուշարարների եւ ուսուցանողների կարիք չունի: Ինչ վերաբերում է Սփյուռք-Հայաստան հարաբերությանը, այդ մասին ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրոշակ»-ում, ինչպես նաեւ «Ասպարեզ»-ում անգլերենով անդրադարձել եմ: Միայն նշեմ, որ Սփյուռքի պատմաքաղաքական հոլովույթի ըմբռնումը կարեւորագույն նախադրյալն է հեռահար եւ կայուն Հայոց աշխարհի ստեղծման, ուր մեր ամբողջական ազգային ներուժը ի գործ կդրվի` ի սպաս մեր պետականության հզորացման:
– Այսօր իրավիճակը Հայաստանում ինչպես կորոնավիրուսի պատճառով, այնպես էլ ներքաղաքական առումով բավական օրհասական է: Ոմանք պահանջում են վարչապետի հրաժարականը, ոմանք ժամանակավոր կառավարություն են ցանկանում ձեւավորել: Ըստ Ձեզ, ո՞րն է ելքը:
– Այս իմաստով` ՀՅԴ Գերագույն մարմինը երկու կարեւոր հայտարարություններով հանդես եկավ, որի առանցքում մեր ներուժը ի սպաս դնելն էր ճգնաժամային այս վիճակից նվազագույն վնասով դուրս գալու համար: Ավելին` Գերագույն մարմինը կառավարությանը հանձնեց նաեւ 48 կետից բաղկացած առաջարկությունների փաթեթ: ՀՅԴ բյուրոն էլ իր հերթին հայտարարությամբ հանդես եկավ` իր հանձնառությունը հաստատելով, որ պատրաստ է համասփյուռքյան բոլոր կառույցներով հանդերձ այս դժվար օրերին օգնել մեր ժողովրդի կարիքները հոգալ: Այդպես էլ արեց, բայց կարծում եմ` տեղյակ եք, որ մեր աներկդիմի պատրաստակամության արձագանքն ինչ եղավ իշխանությունների կողմից…
– Հայաստանում սահմանադրական հանրաքվեի անցկացում, ապա չեղարկում, ՀՀ երկրորդ նախագահի կալանք, Արցախի շուրջ փուլային տարբերակով հարցի լուծման քննարկման մասին խոսակցություններ, Հայոց ցեղասպանության թանգարանի շուրջ աղմուկ եւ նահանջ պահանջատիրությունից: Ահա այն ամենը, ինչ այսօր ունենք Հայաստանում: Արդյոք այս մտահոգությունները կան նաեւ Սփյուռքում:
– Այն մտահոգությունները, որոնք տագնապեցնում են Հայաստանի ժողովրդին, նույն հրատապությամբ տագնապեցնում են նաեւ սփյուռքահայության մեծամասնությանը: Այս բոլոր խնդիրների կապակցությամբ` ՀՅԴ Գերագույն մարմինն ամբողջական տեսքով եւ հստակորեն արտահայտել է իր կեցվածքը եւ ներկայացրել իր առաջարկությունները:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ