Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը չի կարծում, թե ՍԴ-ում ընթացող` կուտակային օրենքի քննության ժամանակ պատասխանող կողմը` ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը և նախարար Արտեմ Ասատրյանը, շփոթված են կամ անպատրաստ:
Yerkir.am-ի հետ զրույցում նա կարծիք հայտնեց, որ ՍԴ-ում ընթացող քննությունը զգացմունքային ձևով բնորոշելը երկրորդական է, իսկ ինքը, հետևեով ՍԴ-ում ընթացող քննությանը, չի տեսնում շփոթմունք կողմերից որևէ մեկի մոտ:
«Նորմալ գործընթաց է ՍԴ-ում` դատավորները պետք է հարց տան, պատասխանող կողմը պետք է պատասխանի, որպեսզի պարզաբանումներ հնչեն, և ամեն ինչ հասկանալի լինի թե' դատավորների համար, թե' ժողովրդի համար: Մեր ներկայացուցիչներն էլ պետք է կարողանան հստակ պատասխաններ տալ»,- ասաց Գալուստ Սահակյանը՝ հավելելով, որ նախարար Արտեմ Ասատրյանի պատասխանները մասնագիտական էին, և նա չէր ուզում որևէ հարց փակել, պատգամավոր Հակոբ Հակոբյանն էլ իր պատասխաններում վճռական էր ու առանց որևէ շփոթմունքի:
Պատգամավորի համոզմամբ՝ այլ բան է, որ որևէ խնդրի մասնակցում ես` որևէ բան ասելու համար, որի հետադարձ պատասխանատվությունը չկա, այլ բան է, որ պատասխանատվություն ես վերցնում պատասխաններիդ համար, և այդ տարբերությունն է, որ կարծիք է առաջացնում հասարակության մոտ, թե կողմերից պատասխանողը ճնշված է, սակայն այդպիսի բան չկա: «Հնարավոր է, որ կողմերից որևէ մեկի տեսակետները լսողների ճաշակով չլինի, բայց ՍԴ-ն իր դիրքերի մեջ է, հայցվորներն ու պատասխանողներն էլ իրենց դիրքերի մեջ են: Վախի, շփոթի, անարդյունավետության զգացումներ չկան, պարզապես հասարակությունը փորձում է տեսնել թե ՍԴ-ում ով ում հախից եկավ, բայց դա ՍԴ-ի խնդիրը չէ»,- ասաց Գալուստ Սահակյանը:
Այն հարցին, ինչ էր նշանակում ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի այն հայտարարությունը ՍԴ-ում, թե Հայաստանում է եղել կուտակայինի հայրը, Գալուստ Սահակյանը նշեց, որ խորամուխ չի եղել Հակոբ Հակոբյանի հայտարարություններում, բայց կարծում է, որ Հակոբ Հակոբյանը նկատի է ունեցել «կուտակայինի գաղափարախոսությունը»:
Հիշեցնենք, որ ՍԴ-ում ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը հայտարարել էր« որ օրենսդրական փաթեթի մշակման ժամանակ համագործակցել են մի շարք համաշխարհային կառույցների հետ, մոտ 100 փորձագետ է մասնակցել աշխատանքներին. «Երկու անգամ Հայաստան է ժամանել կուտակայինի «հայրը»:
Վերջին արտահայտությունը մեծ ոգևորություն ու ծիծաղ առաջացրեց դատարանի դահլիճում: Ինչպես նաեւ՝ շատ քննարկվեց սոցիալական կայքերում: