Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տարին տասներկու ամիս աշխատող, շաբաթ-կիրակի չունեցող մարդկանց պետությունը չի կարողանում 10-20 հազար դրամի չափով զիջումներ անել, փոխարենն Ազգային ժողովի պատգամավորներին, որոնք բարձր աշխատավարձ են ստանում և մի շարք արտոնություններ ունեն, 29 օրվա (փետրվար ամսի) աշխատանքի համար 61 միլիոն դրամ պարգևավճար է տալիս: Սա արդեն խոսում է պետության ամենաբարձր օղակների անփութության, անպատասխանատվության ու նյութեղեն բղջախոհության մասին:
Արգահատանքի է արժանի երկրի ղեկավարությունը, որն իրեն ճոխություններ է թույլ տալիս այն ժամանակ, երբ քաղաքացիներից ոմանք քաղցած են: Դա պետական դիակապտություն է, և այն երբևէ զարգանալ չի կարող, ո՛չ տնտեսապես, ո՛չ բարոյապես:
Երկու տարի առաջ վարչապետը հայտարարում էր, որ Ազգային ժողովի պատգամավորները հասարակ աշխատողներ են, ժողովուրդը` նրանց «շեֆը»: Հետաքրքրական է` այդ ինչպե՞ս ստացվեց, որ «շեֆերը» դատարկ դրամապանակների ու ստամոքսների տիրակալներ դարձան, իսկ նրանց «աշխատողները» ոչ միայն իրենց վատ չեն զգում, այլև լրացուցիչ գումարներ են ստանում` ավելի վատ չզգալու համար:
Այսինքն` խոստումները սուտ են եղել, ժողովուրդը կրկին խաբվել է, այդ հայտարարություններն ու խոստումները պարզ պոպուլիստական միջոցներ են եղել` իշխանության հասնելու համար: Հայաստանին Սինգապուրի հետ համեմատող վարչապետը պետք է իմանար, որ Սինգապուրի բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց աշխատավարձերը զիջել են բուժաշխատողներին, դե, իսկ շարքային քաղաքացիները գոնե քաղցած չեն և կոմունալներ վճարումներ կատարելու խնդիրներ չունեն: Պետք է իմանար նաև, որ այդ տեսական համեմատությունը ոչինչ է, երբ գործնականում ճիշտ հակառակն է արվում:
Առավել զարմանալի է նաև այն, որ վարչապետը Հայաստանն իր օջախն է համարում, ժողովրդին` իր ընտանիքը, բայց, երբ իր օջախում, իր ընտանիքի անդամները քաղցած են, ինքը ամենաճոխ կենցաղով է ապրում: Սա՞ է ընտանիքի մասին ունեցած պատկերացումը: Պետք է հիասթափեցնեմ` դա ընտանիք չէ, այլ ճորտատիրական հասարակություն, որտեղ ճորտատերը միշտ կուշտ է, իսկ ճորտերը` երբ հնարավոր է: Այսքանն արդեն պետք է հուշի այն մասին, որ ընտանիքի մասին նման պատկերացումներ ունեցող մարդը չի կարող լուրջ մոտենալ պետությանը:
Գևորգ Գյուլումյան