Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը դիմել է Թուրքիայի ՍԴ-ին` Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջով: Այսօր հայտնի դարձավ, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ հայրապետը հետևում է Թուրքիայի Սահմանադրական դատարանում Սիսի կաթողիկոսարանը վերադարձնելու դատին: Նշենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նույնպես հնարավոր է` Թուրքիայից պահանջի եկեղեցուց բռնազավթված սեփականությունը: «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը պատմել է, որ ներկայումս պատմաբաններն ու իրավաբանները հայցի հիմնավորման վրա են աշխատում:
Yerkir.am-ի հետ զրույցում Մայր Աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը տեղեկացրեց, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը և նվիրապետական բոլոր աթոռների ներկայացուցիչները որոշել են հանդես գալ պահանջատիրությամբ: «Կիլիկիո կաթողիկոսը, երբ նման պահանջ ներկայացրեց, երկու ժողովների ժամանակ Ամենայն Հայոց կաթողիկոսը և նվիրապետական բոլոր աթոռների ներկայացուցիչներն այդ հարցը քննարկել են, և եկեղեցու դիրքորոշումներից մեկն էլ այն է եղել, որ պետք է հանդես գալ պահանջատիրությամբ, կոնկրետ` եկեղեցապատկան կալվածքների, մեր վանքերի, սրբավայրերի վերադարձի հարցը բարձրացվի»,- ասաց քահանան:
Նա տեղեկացրեց, որ այդ որոշումը կայացվել է Մայր Աթոռի առաջնորդությամբ: «Հիմա այն, ինչ արվեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից, եկեղեցու առաքելության կողմերից մեկն է, և Մայր Աթոռը նույնպես, իր հերթին, այդ հարցը պետք է բարձրացնի, որովհետև, ճանաչումից զատ, մենք պահանջատեր լինելու խնդիր ունենք: Պահանջատիրությունն օդում` վերացական բան չէ, այլ կոնկրետ մեզ պատկանածի, մեր հողի վերադարձի հարցը»,- ասաց եկեղեցական սպասավորը:
Տեր Ասողիկը տեղեկացրեց նաև, որ այժմ մեր եկեղեցական կալվածքների մասին իրավական փաստաթղթերն ուսումնասիրման փուլում են: «Ուսումնասիրությունները կապված են մեր կալվածքների իրավական փաստաթղթերի հետ: Մենք միայն մեր հողերը, մեր հայրենիքի մի մասը չէ, որ պահանջում ենք: Դրանք պարզապես ռոմանտիկ հնչյուններ կլինեն: Այսօր արդեն պետք է իրավաբանորեն փաստերը հաստատել»,- ընդգծեց նա:
Ըստ քահանայի` ուսումնասիրման ընթացքն արդեն մի քանի տարի է, ինչ ընթանում է: «Սա տարիների աշխատանք է, որովհետև արխիվներն ահռելի ծավալ ունեն: Արխիվների միջից դուրս բերելը անհրաժեշտ փաստաթղթերը, դրանք մշակելը, դրանց իրավական տեսքի բերելը, տարիների աշխատանք է: Բնականաբար, խորհրդային տարիներին եկեղեցին այդ ուղղությամբ չի աշխատել` հասկանալի պատճառներով»,- նշեց տեր Ասողիկը`հավելելով. «Այս պահի դրությամբ մենք աշխատում ենք կալվածագրերի հատորներից մեկի վրա, որը շուտով կհրապարակվի: Դրա մեջ պարփակված են լինելու այն բնագրերը, որոնք պահվում են Մայր Աթոռի արխիվում: Ես հիմա չեմ ուզում բարձրաձայնել, կոնկրետ բաներ նշել: Երբ գիրքը տպագրվի, և շնորհանդեսը լինի, ամենայն մանրամասնությամբ կներկայացվի գրքի բովանդակությունը և այն հաստատությունները, որոնց հետ Մայր աթոռը գործակցել ու աշխատել է»:
Եկեղեցու սպասավորը տեղեկացրեց նաև, որ մինչև աշուն հատորն արդեն հրատարակության կհանձնվի, և շնորհանդեսը կլինի: «Շնորհանդեսի ժամանակ կներկայացվեն այն փաստաթղթերը, որոնք տեղ են գտել այդ հատորի մեջ: Դրանք ոչ միայն Սուրբ Էջմիածնին պատկանող վարչական տարածքներն են, այլև, ընդհանրապես, Հայոց եկեղեցու հետ են կապված: Քանի որ Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրությունում կալվածքների մեծ մասը պատկանել է Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանին, իրավական փաստաթղթերի մեծ մասը, բնականաբար, Պոլսի հայոց պատրիարքարանի արխիվում է լինելու: Նշեմ, որ նաև Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում են լինելու, քանի որ Պոլսի արխիվի մի մասն այնտեղ է, իսկ այն, ինչ Մայր Աթոռում է, դա ոչ միայն Սուրբ Էջմիածնին է առնչվում, այլ նաև մեր եկեղեցական կալվածքներին, որոնք եղել են Արևմտյան Հայաստանում, և որոնց վիճակագրությունը մենք ունենք»,- ասաց տեր Ասողիկը:
Նա նշեց նաև, որ դեռևս 1965 թվականից «Էջմիածին» պաշտոնական ամսագրում կարևոր վավերագրեր են հրատարակվել հենց եկեղեցապատկան գույքի և կալվածքների վերաբերյալ, հիմա այդ ամենը վերամշակման փուլում է և այլ հիմնավորմամբ է ներկայացվելու: