Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
SputnikPro նախագծի շրջանակում Երևանում գտնվող ռուս հայտնի հաղորդավար Վադիմ Տակմենևն այն կարծիքին է, որ ինտերնետային կոնտենտը որակով զիջում է և առայժմ չի կարող մրցել հեռուստատեսայինի հետ, հատկապես՝ լրատվական ձևաչափերի առումով, այսինքն՝ ինտերնետային կոնտենտը չի կարող լուրջ այլընտրանք համարվել հեռուստատեսությանը: Այլ հարց է, որ, ըստ հաղորդավարի, լրատվական հեռուստածրագրերում էվոլյուցիա պիտի լինի:
Տակմենևի խոսքով՝ նորությունների ժանրն այսօր հեռուստադիտողի և քաղաքական օրակարգի գերին է, այսօր հեռուստատեսությունները որակի պայքար չեն մղում, ինչպես նախկինում, այսօր պայքարը նորությունը շտապ մատուցելու հարցում է:
«Ժամանակին, երբ մենք էինք աշխատում, լուրերում ամեն ինչ այլ էր, դրանք իսկական նորություններ էին, երբ իրական մրցակցություն կար: Այդ ժամանակ պայքարում էինք ամեն մի նորության, կադրի, հերոսների համար: Այսօր արդեն տեղեկության, լավ կադրի և հերոսի համար պայքար չկա: Ես հիանում եմ մարդկանցով, որոնք համացանցում կարողանում են կարիերա անել, գումար աշխատել, որոշ նախագծերով եմ հիանում, բայց ես չեմ ընդունում ինտերնետային ժուռնալիստիկան, որովհետև այն իրենից զուտ վարկանիշ է ներկայացնում, դա լրագրություն չէ: Այն կառուցվում է սրա վրա՝ մի տեղից մի բան կարդացիր, «կպցրեցիր», դասավորեցիր, ու վերջ: Ինտերնետային արտադրանքը վատն է, եթե այն հնարավոր է թղթին փոխանցել, և դրա արդյունքում ոչինչ չի կորչում: Այսինքն՝ եթե ինտերնետային կոնտենտը տպում ես, և դրանից ոչինչ չի կորչում, ուրեմն դա ընդամենը տպագիր ԶԼՄ է: Ինտերնետային լավ արտադրանքը հնարավոր չէ միանգամից թղթին փոխանցել, երբ այն տարբեր կոնտենտներ է պարունակում, երբ աղբյուրներ կան, տարբեր տեսակետներ: Բայց այսօր ի՞նչ ենք տեսնում՝ եթե հեռուստատեսային եթերը շատերը քարոզչություն են համարում, ապա համացանցում դրան հակառակվող կամ հակառակ կողմի քարոզչության հետ գործ ունենք: Ինտերնետն իր ինֆորմացիան հակառակվելու, հակասելու սկզբունքի վրա է կառուցում, ուստի ես էլ, իմ հերթին, կարող եմ այն քարոզչություն համարել, դա էլ հակառակ կողմի քարոզչությունն է»,- հայաստանյան ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց Տակմենևը:
Անդրադառնալով ինտերնետային հարցազրուցային ձևաչափի նախագծերին և դրանց բարձր վարկանիշին՝ ՆՏՎ-ի հաղորդավարը շեշտեց, որ դրա պատճառը սահմանափակումների բացակայությունն է, այն, ինչ չի կարելի հեռուստատեսության դեպքում բացառել:
««вДудь» հաղորդումը բոլորը, իրենց «պատռելով», դիտում են, բայց թող փորձի ««вДудь»-ը հայտնվի հեռուստատեսային էկրանին, երեք շաբաթ կաշխատի, բայց արդեն 4-րդ շաբաթում Յուրի Դուդի ամեն մի հայհոյախառն հարցազրույցի ժամանակ Ալլա Պուգաչովա կդնեն, և հաջողություն քեզ, Յուրի Դուդ, հեռացիր հեռուստաեթերից: Ինչ վերաբերում է Լեոնիդ Պարֆյոնովին, ապա եթե նա կարողանար կամ շատ ցանկանար վերադառնալ հեռուստատեսություն, դա կաներ, քանի որ նրան մոտ է ավելի շատ հեռուստատեսային ինդուստրիան, քան համացանցում ինքնառեալիզացումը: Բայց պարզ էր, որ նա սրան, վաղ, թե ուշ, պիտի գար, քանի որ բավականին երկար ժամանակ դադար է տվել, և պարզ էր, որ նա այնքան պրոֆեսիոնալ ու տաղանդավոր մարդ է, որ չէր կարող առանց դրա ապրել, ուստի սպասեց այն պահին, երբ ինտերնետը սկսեց կապիտալիզացվել, երբ սկսեցին գովազդատուներ գալ ինտերնետ, այսինքն՝ ինտերնետը սկսեց նմանվել ինչ-որ բանի: «Ещенепознер»-ը լրիվ ուրիշ պատմություն է: Այստեղ շփվում են մարդկանց հետ, որոնք լայն շրջանակներին ծանոթ չեն, սա հրաշալի է, սակայն կոմերցիոն տեսանկյունից ոչ մի հեռանկար չունի հեռուստատեսային եթերում: Ի վերջո, հեռուստատեսությունում կոմերցիոն բաղադրիչը ոչ ոք չի չեղարկել. կան պլաններ, ծախսեր: Երկրորդ՝ այսօրվա գովազդատուներն առաջվա գովազդատուները չեն, նրանց չես խաբի: Նրանք ամեն օր ստանում են վարկանիշային տվյալները և պահանջներ են ներկայացնում. եթե հանկարծ հաղորդումդ վաճառելիս խոստացել ես 12 տոկոս վարկանիշային մասնաբաժին, բայց 10 տոկոս ես ապահովել, ասում են՝ վերադարձրեք մեր գումարները»,-մանրամասնեց հաղորդավարը՝ հավելելով, որ ուղիղ եթերները ֆինանսական, ծախսային տեսանկյունից ավելի շահեկան են, քան եթե հաղորդումը տեսագրվի:
Ի դեպ, Տակմենևը հավելեց, որ ուկրաինական թեման ցավոտ թեմա է, այն հեռուստաեթերներում շրջանառելու պահանջարկ ռուս հասարակության, հեռուստադիտողի կողմից դեռևս կա:
Նրան հիշեցրեցին, որ սկսել է քաղաքական հետաքննական լրագրությունից, որով հիմա չի զբաղվում, արդյո՞ք լավ է իրեն զգում: Հաղորդավարը պատասխանեց, որ իրեն հիանալի է զգում:
«Քաղաքականությունն ինձ հիմա հետաքրքրում է իմ հաղորդման շրջանակում, բայց ոչ` իմ ձեռքերով, իհարկե, բացի այն պատմությունից, որում ես կամ, որով ես ներքուստ հպարտանում եմ: Դա վերաբերում է Պուտինի հետ ֆիլմին, երբ ես 5 օր նրա հետ անցկացրեցի: Այդքանն ինձ բավական է: Ես նաև Մեդվեդևի մասին եմ ֆիլմ նկարահանել, և վերջ, ինձ այլևս հետաքրքիր չէ կապը քաղաքականության հետ, բայց հաղորդման մեջ այն պետք է լինի»,- եզրափակեց Տակմենևը:
Վադիմ Տակմենևը ծնվել է 1974թ. նոյեմբերի 14–ին Կեմերովոյի շրջանում։ Վեցերորդ դասարանից սկսել է աշխատել տեղի «Մեր քաղաքը» թերթում։ Զուգահեռ ավարտել է պատանի թղթակիցների դպրոցը։ Այնուհետև ընդունվել է Կեմերովոյի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետ։ Ավարտելուն պես սկսել է աշխատել ռադիոյում և հեռուստատեսությունում։ 1996թ. աշխատել է ՆՏՎ հեռուստաընկերության Սիբիրի բյուրոյում, 1997թ. 23 տարեկանում գլխավորել է Դոնի Ռոստովում ՆՏՎ–ի բյուրոն։ Աշխատել է ՏՎ-6 ալիքում և հատուկ թղթակից է եղել գերմանական ТВС հեռուստաալիքում։ «Նորագույն պատմություն» շարքի վավերագրական ֆիլմերի հեղինակն է և հաղորդավարը։ «Մասնագիտությունը` թղթակից» ծրագրի մշտական հեղինակ։ Երեք անգամ արժանացել է «ՏԵՖԻ» մրցանակի։