կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-07 15:25
Քաղաքական

Ռուբեն Հակոբյանը ՀՅԴ գաղափարախոսությունը կրողն է մինչև հիմա էլ

Ռուբեն Հակոբյանը ՀՅԴ գաղափարախոսությունը կրողն է մինչև հիմա էլ

ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե ինքը ուզում է վերադառնալ Դաշնակցություն, նշեց, որ իր ֆեյսբուքյան էջում էլ գրել է, որ բացարձակ անհեթեթություն է, նման բան չկա, և հետո պարզվեց, որ դա ժխտել է նաև Դաշնակցությունը: Հակոբյանը նշեց, որ Դաշնակցության ներկայացուցիչներն իր ընկերներն են:

«Մենք ամեն օր իրար հետ ենք, քիչ առաջ էլ ես դուրս եկա Դաշնակցության ֆրակցիայից, այնտեղ էի, բայց հավատացեք` երբեք որևէ քննարկում այս թեմայով չի եղել: Ապագայում կլինեն, թե` ոչ, կդժվարանամ ասել, բայց մինչև այս պահը այդ թեման ընդհանրապես չի շոշափվել»,- ասաց պատգամավորը:

Հարցին` ապագայում բացառո՞ւմ է համագործակցությունը ՀՅԴ-ի հետ, Հակոբյանը պատասխանեց. «Համագործակցություն ՀՅԴ-ի հետ կա: Մենք ընկերներ ենք: Հիմա ես չգիտեմ, թե քաղաքական քարտեզը վերջում ինչ պատկեր կունենա, ինձ դժվար է ասել, որովհետև Հայաստանում քաղաքական դաշտը կայացած չէ, և ցանկացած պահի կարող են ամենատարբեր վերաձևումները տեղի ունենալ: Ես չգիտեմ` ինչ զարգացումներ կլինեն, բոլոր դեպքերում` ես ընդդիմադիր դաշտում եմ ինձ տեսնում: Իմ հետագա համագործակցությունը կլինի ընդդիմադիր դաշտում»:

Ինչ վերաբերում է «Ժառանգություն» կուսակցության հետ համագործակցելուն, պատգամավորը դա կտրականապես բացառեց՝ ասելով, որ դրան կարող է հաստատ ասել` ոչ:

Հակոբյանի խոսքով` եթե Դաշնակցության հետ կապվում ես գաղափարական հիմքի վրա, կապ չունի` հետո Դաշնակցության կառույցում կլինես, թե` կառույցից դուրս: «Եթե Դաշնակցության պատմությանը նայենք, շատ լուրջ դեմքեր, ովքեր լուրջ ստորագրություն են ունեցել կուսակցությունում, հեռացվել են կամ դուրս են մնացել, բայց խնդիրը այն է, որ դու միշտ մնում ես այդ հարթության վրա»,- ասաց նա:

Հարցին՝ արդյո՞ք հիմա  շարունակում է կրել ՀՅԴ գաղափարախոսությունը, Հակոբյանը պատասխանեց. «Եթե նայեք իմ քաղաքական կենսագրությանը, որևէ մեկը չի ժխտի դա: Այն գաղափարը, այն սկզբունքները, որ ունեցել եմ 90 թվականից, նույնն են: 90 թվականից պառլամենտական մոդելի կողմնակից եմ եղել, եղել եմ հանձնաժողովի անդամ, ներկայացրել եմ հատուկ կարծիք, որ 90 թվականին քննարկում էին»: