կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-20 16:49
Տնտեսական

Զավեշտ. զեղծարարության մեջ մեղադրվող ընկերությունը շարունակում է գործել եւ նորմալ է վերաբերվում ԿԲ-ի գնահատականին

Զավեշտ. զեղծարարության մեջ մեղադրվող ընկերությունը շարունակում է գործել եւ նորմալ է վերաբերվում ԿԲ-ի գնահատականին

Yerkir.am-ը մի քանի օր առաջ անդրադարձավ առանց լիցինեզիայի գործունեություն ծավալող «Ռոսս Գրուպ» ընկերությանը, որն առաջարկում է հաճախորդների փոխարեն մարել նրանց վարկերը, եթե նրանք իրեն վճարեն գործող վարկի 20 կամ 25 տոկոսը: Նման անունով ընկերություն մենք չգտանք պետական ռեգիստրի որոնման համակարգում:

 

Այցելեցինք Խանջյան 41 հասցեում գտնվող ընկերություն` տեղում հասկանալու, թե ի՞նչ գործունեություն են նրանք ծավալում: Ահռելի գրասենյակում դրված էր ընդամենը 2 սեղան: Մեզ ընդունեց չսափրված մի երիտասարդ. ըստ նրա` ինքն այդ պահին գրասենյակում գտնվող միակ աշխատողն էր: Խնդրեցինք ներկայացնել իրենց ծառայության պայմանները, թե ինչպես կարող ենք անել, որպեսզի նրանք վճարեն մեր վարկը մեր փոխարեն: Աշխատողը կրկնեց նույնը, ինչ գրված է իրենց իրազեկման թերթիկում:

 

Խնդրեցինք պայմանագրի օրինակը և հեռացանք: Այս պայմանագիրը ուսումնասիրելիս տպավորություն է, թե այն կազմել է ոլորտին ընդհանրապես անտեղյակ մարդ: Նախ` ընկերության անունը պայմանագրի տարբեր մասերում տարբեր կերպ է նշվում: Մի դեպքում «Ռոսս Գրուպպ», մեկ այլ դեպքում` «Ռոս գրուպ»: Պայմանագրում այնքան տառասխալներ կան, որ տպավորություն է, թե այն գրել է դպրոցի դասերից անընդհատ բացակայած 5-րդ դասարանի աշակերտ:

 

Ըստ այդ պայմանագրի` հաճախորդը պարտավորվում է վճարել իր վարկի մայրի գումարի 20 տոկոսը «Ռոս Գրուպ»-ին իր վարկի հերթական մարման օրից 14 օր առաջ: Փնթի կերպով կազմված պայմանագրում նաև ընկերության` հարկ վճարողի հաշվառման համարն է` ՀՎՀՀ-ն, ինչպես նաև իրավաբանական հասցեն և գործունեություն ծավալելու հասցեն: Իր վարկերից ժամ առաջ ազատվել ցանկացող հաճախորդը երեւի այդ պայմանագրին չի էլ նայելու, բայց քանի որ ընկերությունը կասկածելի գործունեություն է ծավալում, մենք փորձեցինք նախ ստուգել պայմանագրում նշված ՀՎՀՀ-ն: Եվ նոր անակնկալ` պայմանագրում նշված է 10 թվից բաղկացած`1101264134 կոդը, բայց իրականում հարկ վճարողի հաշվառման համարը Հայաստանում բաղկացած է ընդամենը 8 թվից, այլ ոչ թե 10: Ավելի ուշ Yerkir.am-ի հետ զրույցում ընկերության աշխատակիցը նշեց, որ դա խնդիր չէ, և իրենք կարող են նոր պայմանագրի մեջ գրել հարկային հաշվառման 8 նիշանոց կոդը` բացատրելով 10 նիշանոցի առկայությունը հետևյալ կերպ` առջևի 11-ը տարածքի կոդն է, որտեղ իրենք գործունեություն են ծավալում:

 

Ի դեպ, որպես ընկերության գործունեության հասցե նշված է Հանրապետության 82, սակայն նրանք գործունեություն են ծավալում Խանջյան 41 հասցեում, իսկ Հանրապետության 82-ում գտնվում է «Կովկաս» պանդոկը:

 

Մենք ԿԲ-ի ուշադրությունը փորձեցինք հրավիրել այն փաստի վրա, որը ընկերությունը չունի համապատասխան լիցենզիա, իսկ Կենտրոնական բանկը բավարարվեց միայն զգուշացումով, այնինչ անգամ այս ընթացքում կլինեն մարդիկ, ովքեր շարունակում են գործարքներ կնքել տվյալ ընկերության հետ:

 

ԿԲ-ի հայտարարությունից հետո մենք զանգահարեցինք տվյալ ընկերություն և նշեցինք, որ Կենտրոնական բանկը զեղծարարության տարրեր է հայտնաբերել իրենց գործունեության մեջ: Մեր դիտարկմանն ի պատասխան, ընկերության աշխատակիցը ասաց, որ իրենք նորմալ են վերաբերվում նման գնահատականներին, քանի որ բանկերին ձեռնտու չէ, որպեսզի ժամանակից շուտ մարվեն վարկերը. նրանք նման դեպքում տոկոսներ են կորցնում: