Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ համամասնական ցուցակում 18-րդ տեղը զբաղեցրած Արտաշես Գեղամյանը չի ցանկանում կարծիք հայտնել իր տեղի վերաբերյալ, այլ նախընտրում է մեջբերել ՀՀ նախագահի կարծիքը: Yerkir.am-ի հետ զրույցում նա ասաց. «ՀՀԿ համամասնական ու վարկանիշային ցուցակի գնահատականը ամենասպառիչ կերպով տվեց ՀՀԿ նախագահը, մեր երկրի նախագահը` Սերժ Ազատի Սարգսյանը, փետրվարի 18-ին ԵԿՄ համագումարի ժամանակ: Ես ամբողջությամբ համակարծիք եմ Սերժ Ազատի Սարգսյանի կողմից հայտնած գնահատականին»,- ասաց նա:
Մեր հարցին`սպասո՞ւմ էր, որ կհայտնվի ցուցակի 18-րդ տեղում, Արտաշես Գեղամյանը պատասխանեց. «Ես լրագրողի հետ եմ խոսում, ոչ թե` խոստովանահոր հետ, որ սիրտս բացեմ»:
Հարցին, թե ինչպե՞ս է պատրաստվում աշխատել նոր խորհրդարանում, արդյո՞ք նույն տեմպերով ու նույն մարտավարությամբ կաշխատի, պատասխանեց, որ իր գործունեության տեմպերն ամփոփված են 6 ստվարածավալ գրքերում, որոնք 7 լեզուներով թարգմանվել ու տարածվել են ԵԱՀԿ ԽՎ 56 անդամ պետությունների ղեկավարների ու պատվիրակների շրջանում: «Իսկ իմ գործունեության դատավորը ժողովուրդն է, ընտրողն է»,- հավելեց Գեղամյանը:
Իսկ հարցին, թե արդյո՞ք ՀՀԿ-ն այնքան ձայն կհավաքի, որ 18-րդ տեղում գտնվող Գեղամյանն անցնի խորհրդարան, պատգամավորը նշեց, որ այդ հարցը պետք է ուղղել ընտրապայքարին մասնակցող բոլոր այլ ուժերի, միայն ոչ` ՀՀԿ-ին: «Գուշակություններով ժամանակին զբաղվել են Վոլֆ Մեսինգը և Նոստրադամուսը: Իսկ ես քաղաքական գուշակություններով չեմ զբաղվում, որովհետև դա պարապ զբաղմունք է սովորական մահկանացուների համար»,- ասաց Գեղամյանը: