կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-20 14:27
Քաղաքական

Նորմալ է, ուրեմն նորմալ է. Կիրո Մանոյանը Սարգսյան-Ալիեւ հանդիպման մասին

Նորմալ է, ուրեմն նորմալ է. Կիրո Մանոյանը Սարգսյան-Ալիեւ հանդիպման մասին

Եթե Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո ոչ մի դրական քայլ չլինի, հանդիպումն ավելի վատ հետեւանքներ կունենա: Որովհետեւ  երբ փորձում ես որեւէ բան լավացնել, եւ հանկարծ չի ստացվում, հավանականությունը մեծ է, որ ավելի վատ պիտի լինի արդյունքը, քան փորձելուց առաջ էր. լրագրողներին այսօր ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

 

Որպես օրինակ` նա հիշեցրեց հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը` նշելով, որ Թուրքիայի պահվածքն իրականում երբեք էլ չի փոխվել Հայաստանի նկատմամբ, իսկ ֆուտբոլային դիվանագիտությունից եւ այլնից հետո  ավելի լարված գործընթաց կա, քան կար մինչ այդ:

 

«Այդ իմաստով' եթե նախագահները երկու տարի չեն հանդիպում, հետո հանդիպում են, բայց գործընթացը տեղից չի շարժվում, դա վատ ազդեցություն կունենա. ոչ թե ինչ-որ վատ բան կպատահի, այլ ուղղակի բացասական ազդեցություն կունենա»,- պարզաբանեց Կիրո Մանոյանը:

 

Անդրադառնալով հանդիպումից հետո Սերժ Սարգսյանի` հայ լրագրողներին հանդիպման մասին ասածին` «նորմալ էր», Կիրո Մանոյանը նշեց, որ ինքը չի կարծում, թե ավելին կուզեր ասել նախագահը, քանի որ չէր էլ կարող ավելին լինել այդ հանդիպման ժամանակ: Այսինքն` երկու նախագահները չուզենալով էին հանդիպում, ուրեմն` նորմալ էր, եղավ, պրծավ, ըստ էության` ոչինչ չասող հանդիպում էր:

 

«Բայց հանդիպում չլինի, մթնոլորտն ավելի լարված կլինի, հանդիպում լինի, մթնոլորտը նվազ լարված կլինի: Նույն իրավիճակն է, բան չի փոխվել, պարզապես երբ երկու կողմերը հանդիպել են, կարող է մթնոլորտը նվազ լարված պահել: Բայց մենք դրա վրա էլ պետք է հույս չդնենք, քանի որ Ադրբեջանը պարբերաբար խախտում է զինադադարը, շարունակում է սպառազինումը եւ այլն: Այդ պայմաններում իրար երեսի նայելը նորմալ է»,- նշեց Կիրո Մանոյանը:

 

Բանախոսի ներկայացմամբ` Ղարաբաղում պատերազմի հավանականությունը միշտ էլ կա, նաեւ` այս պահին, բայց հարցն այն է, թե ինչքան է այդ հավանականությունը: Ադրբեջանի պահվածքն էլ, Մանոյանի դիտարկմամբ,  այնպիսին է, որ կարող է նույնիսկ ինքը չսկսել, բայց իր քայլերը հանգեցնեն պատերազմի: Այս առումով շատ բաներ կան, որ միջազգային հանրությունը չի անում` կապված ճանապարհների գնդակոծության ու քաղաքացիական մեքենաների վրա կրակելու երեւույթի հետ: Միջազգային հանրությունը, ըստ բանախոսի, պետք է գիտակցի, որ պատասխանատու է նաեւ իր պահվածքի պատճառով Ադրբեջանի` այս անսանձ վերաբերմունքի համար:

 

«Դրա համար էլ անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունն արդեն սկսի իր քայլերն Ադրբեջանի հետ, որ չի կարելի այսպես` շփացած երեխայի պես անընդհատ, ամեն օր ինչ-որ նոր քայլեր ձեռնարկել ու դրա համարժեք պատասխանը չստանալ: Անձնապես հույս ունեմ, որ ինչ-որ բան ստացանք այս հանդիպումից: Հակառակ դեպքում` իսկապես հանդիպման կարիք չկար: Ինչ-որ բանը, պարզ ասած, հուսով եմ, որ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը կլինի»,- իր սպասելիքները ներկայացրեց Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն: