կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-24 18:38
Առանց Կատեգորիա

Զավեշտ. կուտակային ֆոնդն ավելի շուտ է սկսել գործել, քան պաշտոնապես կներկայացվեր

Զավեշտ. կուտակային ֆոնդն ավելի շուտ է սկսել գործել, քան պաշտոնապես կներկայացվեր

Հայաստանն այնպիսի երկիր է, որտեղ հունվարի 1-ից սկսում են գործել կարգեր, որոնք կառավարությունը հաստատում է միայն իր` հունվարի 9-ի նիստում: Հունվարի 1-ից սկսում է գործել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքը, կառավարության մի շարք ներկայացուցիչներ դրանից առաջ ներկայացնում են, թե ամեն ինչ կազմ ու պատրաստ է, անհրաժեշտ բոլոր միջոցները` ձեռնարկված, գործիքակազմն` առկա, որպեսզի այդ օրենքը սկսի գործել, սակայն հանկարծ պարզվում է, որ ֆոնդերի կառավարիչն ընդամենը հունվարի երկրորդ կեսին է Հայաստանում իր ֆոնդի շնորհանդեսը կազմակերպում...  

 

Օրինակ` երկու օր  առաջ  Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպվել է «Ցե-Կվադրատ AG» ընկերության գաղտնի ֆուրշեթ-շնորհանդեսը, որը չի լուսաբանվել, բայց որին մասնակցել են Հայաստան ժամանած կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները, ՀՀ կառավարության մի շարք անդամներ՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը եւ այլն:

 

Սա, ի դեպ,  այն նույն ֆոնդն է, որի մասին «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» խմբից Սպարտակ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ՀՀ կենսաթոշակային հիմնադրամի կառավարիչներից մեկի՝ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»-ի բաժնետերերից մեկը՝  «C-Quadrat Investment AG»-ն, գրանցված է օֆշորային գոտում։ Ճիշտ է, այսօր ԿԲ-ն այդ լուրը փորձեց հերքել: Մասնավորապես' ԿԲ ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը այսօր՝ հունվարի 24-ին, մամուլի ասուլիսում նշեց, թե Հայաստանում գործունեության լիցենզիա ստացած միջազգային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից ոչ մեկը գրանցված չէ օֆշորային գոտում, բայց այդ հերքումը հերքման նման չէր, այլ ավելի շատ հաստատման, քանի որ բանախոսը նշել էր. «Ընկերություններից մեկը գրանցված է Ֆրանսիայում, մյուսի հիմնադիրներից մեկը՝ Գերմանիայում, մյուսը՝ Ավստրիայում»: Խոսքը եղել է կառավարիչներից մեկի ֆոնդի մասին, որը գրանցված է Լյուքսեմբուրգում: Բայց Լյուքսեմբուրգը «օֆշոր» բառախաղի զոհ է դարձել, որը նշանակում է «տեղից դուրս» եւ ոչ թե վատ իմաստով: Լյուքսեմբուրգը համապատասխանում է բոլոր չափանիշներին, ԵՄ չափանիշներին, եւ Լյուքսեմբուրգում գրանցված որեւէ ֆոնդ ոչ թե խնդիր ունի թափանցիկության, այլ հարկային դաշտնայնտեղ ձեռնտու է, ինչպես բարենպաստ է նաեւ Հայաստանում»:

 

Իսկ ո՞վ է ասել, թե օֆշորը վատ բառ է, մարդը  իր ֆեյսբուքյան էջում միայն գրել է, որ ֆոնդը գրանցված է օֆշորում: Իսկ եթե Անդրանիկ Գրիգորյանի համար Լյուքսեմբուրգն օֆշոր չէ, դա արդեն իր գործն է...

 

Ինչեւիցե, Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ներկայացնող գովազդային հոլովակներում էլ նշվում էր, թե համակարգի մասնակիցներն իրենք պետք է ընտրեն, թե ֆոնդի ո՞ր կառավարչին են ընտրում` իրենց կենսաթոշակային կուտակումներն ի պահ հանձնելու համար, կամ դրա ո՞ր փաթեթը: Իսկ եթե ինքնուրույն չի կարողանում կամ չի ընտրում, թե որ ֆոնդին պահ տա իր կուտակումները, ապա համակարգն ավտոմատ է ընտրում ֆոնդի կառավարիչներից մեկնումեկին' ամենաանվտանգ` ցածր եկամտաբերությամբ, բայցեւ ցածր ռիսկայնությամբ փաթեթներից մեկը: Իսկ որեւէ ֆոնդ ընտրելիս մասնակիցը, բնականաբար, պետք է հասկանա, թե այդ ֆոնդը ինչ է իրենից ներկայացնում, ինչ առաջարկներ ունի, ինչ փաթեթներ ունի, ինչ պատմություն ունի, ինչպիսի պայմաններով է աշխատում եւ այլն, եւ այլն:

 

Իսկ եթե ֆոնդի շնորհանդեսն ավելի ուշ է լինում, քան, օրինակ, համակարգը կարող է որեւէ մեկի համար  ավտոմատ կերպով հենց այդ ֆոնդն ընտրել` որպես նրա միջոցների կառավարիչ, դա այնքան էլ լավ բան չի նշանակում: Ինչու` շնորհանդեսը նշանակում է պաշտոնապես ներկայացում: Եվ եթե ֆոնդի շնորհանդեսը լինում է, օրինակ, հունվարի 22-ին, նշանակում է, որ հենց այդ օրվանից է Հայաստանում այդ ֆոնդը պաշտոնապես ներկայացված: Քանի որ համակարգն ավտոմատ կերպով կարող է ընտրել ֆոնդերից մեկին, նշանակում է, օրինակ, որ տողերիս հեղինակի կենսաթոշակային կուտակումներն այդ համակարգը կարող է ավտոմատ կերպով «պատվիրակել» նույն «Ցե կվադրատին»: Իսկ այդ դեպքում ստացվում է, որ պետությունն` ի դեմս կառավարության, ինձ` իր քաղաքացուն, ստիպում է իր միջոցները կուտակել մի ֆոնդում, որը պաշտոնապես ներկայացված չի եղել Հայաստանում: Իսկ միգուցե պաշտոնապես ներկայացվեր բոլորովին ա՞յլ սկզբունքներով աշխատող ֆոնդ...

 

Միգուցե կառավարությունում այս երեւույթի համար այլ պատճառաբանություններ ու «հիմնավորումներ» գտնեն, բայց դրանից երեւույթի բացասական էությունը, միեւնույն է, չի փոխվում, եթե, իհարկե, կառավարության հանճարները չորոշեն շնորհանդեսը հետին թվով ներկայացնել:

 

Նյութը պատրաստման ընթացքում էր, երբ տեղեկատվություն տարածվեց, որ ՀՀ Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց կասեցնել «Կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի մասին» ՀՀ օրենքի գործողությունը' մինչև դրա սահմանադրականության հարցին անդրադառնալը: Այսինքն` գոնե մինչեւ մարտի 28-ը:   

 

Ի դեպ, օրերս, երբ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, անդրադառնալով հարցին, թե հնարավոր չէ՞ր, արդյոք, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի գործարկումը կասեցնել' մինչեւ ՍԴ-ն համապատասխան որոշում կկայացներ, նշեց, թե խոսքն ընդունված եւ գործող օրենքի մասին է, որը գործում է Հայաստանում,  եւ ցանկացած օրենք, բնականաբար, կարելի է նաեւ բողոքարկել, ու այդ  ձեւաչափով կասեցնել երկրում տեղի ունեցող ցանկացած գործընթաց:

 

 Այդ ժամանակ լրագրողները նաեւ հարցրեցին` իսկ ի՞նչ կլինի, եթե հանկարծ ՍԴ-ն այդ օրենքը կասեցնելու որոշում կայացնի, կենսաթոշակային ֆոնդեր գումարներ մուծած մարդկանց փողերն ի՞նչ մեխանիզմներով պետք է հետ վերադարձվեն, արդյոք այդպիսի տարբերակներ նախատեսվե՞լ են, թե՞ ոչ: Դրան էլ Արտեմ Ասատրյանը վստահությամբ պատասխանեց, թե այդ տարբերակը չի քննարկվել, ու այդ առումով որեւէ ծրագիր կամ քայլ նախատեսված չէ...

 

Գեւորգ ԱՎՉՅԱՆ