Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օսմանյան Կայսրությունը բազմազգ և բազնակրոն պետություն էր: Օսմանահպատակ ժողովուրդները իրենց նախաձեռնողականությամբ ու ստեղծագործ ուժով գերազանցում էին տիրապետող թուրքերին, և ինչպես կայսրության ստեղծման սկզբնական փուլում, այնպես էլ մայրամուտին օսմանյան տնտեսության ամենամեծ մասնաբաժինը գտնվում էր կայսրության հայ, հույն և հրեա քաղաքացիների ձեռքին: Հատկապես մեծ էր հայ և հույն ձեռնարկատերերի ազդեցությունը, և դա փաստող բազում վկայությունների թվում են նաև մեզ հասած օսմանյան արժեթղթերն ու թղթադրամները:
1880 և 1890 թվականներին տպված ու շրջանառության մեջ դրված 1 օսմայան ոսկի արժողությամբ թղթադրամը լավագույնս է փաստում վերոշարադրյալը:
Թղթադրամի վրա չորս լեզվով՝ օսմաներեն, ֆրանսերեն, հայերեն և հունարեն, գրված է թղթադրամի անվանական արժեքը: Օսմանյան տարադրամը, փաստորեն, կոնկրետ անվանում չունի. ֆրանսերենով այն լիվր է, հայերենով, թղթադրամի դիմերեսի վերևից ձախ հատվածում՝ օսմանյան ոսկի, իսկ հունարենով՝ օսմանյան լիռա, օսմաներենով նույնպես լիրա է: Գրված է նաև թղթադրամի նշանակությունը և թողարկման վայրը՝ «ՎՃԱՐԵԼԻ ՅՕՍՄԱՆԵԱՆ ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ՊԱՆԳԱՆ. Ի՚ Կ.ՊՈԼԻՍ»:
Հետաքրքրական է նաև, որ թղթադրամի դիմերեսի ներքևից աջ մասում գրված հունարեն հատվածում Կ.Պոլսո անվանումը գրված է բուն հունական՝ ԿՈՍՏԱՆՏԻՆՈՊՈԼԻ ձևով. Կ.Պոլսի անվան հունական տարբերակն այսօր կտրականապես մերժվում է թուրքերի կողմից՝ ի շահ թրքացված «Ստամբուլ» ձևի:
Ակներև է, որ պետական տարադրամի վրա այս լեզուներով գրության առկայությունը պատահականության կամ «ժողովրդավարության» դրսևորում չէր: Օսմանյան կայսրության տարածքում այլ փոքրամասնություններ ևս կային, ովքեր ունեին իրենց լեզուն (և որոշները նաև գիրը, օրինակ՝ հրեաները): Սակայն հենց այս լեզուների ընտրությունը պայմանավորված էր.
օսմաներեն. չնայած որ օսմաներենը խոսակցական լայն ընդգրկում չուներ և համարվում էր արքունիքի ու վերնախավի լեզու, այն պետական լեզուն էր, որով վարում էին պետական ողջ գրագրությունը.
ֆրանսերեն. ժամանակի միջազգային լեզվի և լինգուա ֆրանկայի դերը վերապահված էր ֆրանսերենին, ինչով էլ պայմանավորված է ֆրանսերենով գրության առկայությունը թղթադրամի վրա.
հայերեն. Օսմանյան Կայսրության ողջ տարածքվ մեկ տարածված էին հայկական բանկերը, առևտրային տները, ապահովագրական ընկերությունները և տնտեսական նշանակության այլ կազմակերպություններ, և դրամաշրջանառությունը հայ ժողովրդի կողքով անցնել չէր կարող, ինչով էլ հենց պայմանավորված է հայերեն լեզվով գրության առկայությունը թղթադրամի վրա, նույնը նաև՝ հունարենի մասով:
Այս թղթադրամի թողարկվելուց և շրջանառվելուց ավելի քան մեկ դար անց, երբ այսօր Թուրքիայում չկան ո՛չ զգալի թիվ կազմող և ուժ ներկայացնող հայ համայնք և ո՛չ էլ նմանատիպ հույն համայնք, հետաքրքիր է, ի՞նչ հարց է առաջանում այս թղթադրամը ձեռքն առնող և պատմական անցուդարձից անտեղյակ թուրքի մոտ…
Akunq.net
Տիգրան Չանդոյան
Քաղաքագետ