կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-20 16:12
Տնտեսական

ԿԲ-ն բավարարվում է` բնակչությանը զգուշացնելով. արձագանք Yerkir.am-ի հրապարակմանը

ԿԲ-ն բավարարվում է` բնակչությանը զգուշացնելով. արձագանք Yerkir.am-ի հրապարակմանը

Օրեր առաջ Yerkir.amնյութ էր հրապարակել այն մասին, որ «Ռոս Գրուպ» ընկերությունն առաջարկում է հաճախորդին` մարել նրա գործող վարկերը: Մենք անդրադարձել էին նաև այն հանգամանքին, որ ընկերությունը գործում է առանց լիցենզիայի, նաև գրանցված չէ պետական ռեգիստրում:

 

Այս կապակցությամբ Կենտրոնական բանկն այսօր հայտարարություն է տարածել, որում նշվում է. «Վերջին շրջանում հասարակական որոշ վայրերում կարելի է հանդիպել «Ռոսս Գրուպպ» ՓԲԸ կողմից հրապարակված «միասին մարենք Ձեր վարկերը / Оказываем помощь населению в погашении кредитов» հայտարարությանը, որի համաձայն՝ «Ռոսս Գրուպպ» ՓԲԸ-ն (այսուհետ՝Կազմակերպություն) տրամադրում է օգնություն վարկերի մարման համար:

 

ՀՀ կենտրոնական բանկն ուսումնասիրել է Կազմակերպության կողմից տարածվող հայտարարությունը, այդ թվում՝ հաճախորդներին առաջարկվող պայմանագիրը, համաձայն որի՝ Կազմակերպությունը խոստանում է կատարել հաճախորդի ունեցած վարկային պարտավորությունները, իսկ հաճախորդը պարտավորվում է նշված ծառայության համար վճարել Կազմակերպությանը՝ հաճախորդի վարկային պարտավորության 20% - 30%-ի չափով:

 

Այդ փաստաթղթերի վերլուծությունը թույլ է տալիս ենթադրել, որ Կազմակերպության կողմից առաջարկվող «ծառայությունները» պարունակում են զեղծարարության տարրեր, և դրանցից օգտվելը կարող է հանգեցնել քաղաքացիների ֆինանսական միջոցների կորստի, անձնական տվյալների ոչ իրավաչափ փոխանցման, ինչպես նաև իրավունքները արդյունավետ պաշտպանելու բարդության: Ելնելով սպառողների շահերի պաշտպանության անհրաժեշտությունից՝ ՀՀ կենտրոնական բանկը քաղաքացիներին զգուշացնում է վերոնշյալ ռիսկերի մասին, ինչպես նաև հորդորում զերծ մնալ նմանատիպ գործարքներ կնքելուց և նշված Կազմակերպության հետ համագործակցելուց»:

 

Հետաքրքիրն այն է, որ Կենտրոնական բանկը բավարարվում է` բնակչությունը զգուշացնելով, ինչը փաստացի արել էինք մենք` մեր նյութը հրապարակելով: ԿԲ-ն ոչ մի իրավական քայլ դեռևս չի ձեռնարկել` նշված ընկերության գործունեությունը կասեցնելու համար: Շուտով մենք կհրապարակենք նաև մեր նյութի երկրորդ մասը, որում նույնպես մի քանի ուշագրավ փաստեր կհրապարակենք, որոնք ևս խոսում են ընկերության ծավալած կասկածելի գործունեության մասին: