կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-29 13:59
Քաղաքական

Վրաստանում ՀՀ դեսպանատան արձագանքը Լենա Նազարյանի պատվիրակության այցի մասին Yerkir.am-ի հրապարակմանը

Վրաստանում ՀՀ դեսպանատան արձագանքը Լենա Նազարյանի պատվիրակության այցի մասին Yerkir.am-ի հրապարակմանը

Վրաստանում ՀՀ դեսպանատունը, արձագանքելով երեկվա հրապարակմանը՝ Լենա Նազարյանի գլխավորած պատվիրակության՝ Վրաստան այցից տեղի հայ համայնքի դժգոհության մասին, Yerkir.am-ին է փոխանցել 2019 թվականի սեպտեմբերի 26-ին, Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիայում Կոմիտասի 150-ամյակին նվիրված  հոբելյանական միջոցառմանը Ախալքալաքի և  Գումբուրդոյի  միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլիի շնորհավորանքի խոսքը։

Նիկոլոզ Փաչուաշվիլի․ «Բարի երեկո, ես մտածում էի, թե  ինչ լեզվով խոսեմ, ցավոք, հայերեն լավ չգիտեմ:

Առաջին հերթին Կոմիտասի մասին ուզում եմ ասել, որ նա եղել է  զարմանալի երևույթ: Նա եղել է անձնավորություն, ով լինելով հոգևոր դեմք, ունի նաև հոգու մեծ նկարագիր: Նա չի եղել սոսկ երգիչ, նա չի եղել միայն եկեղեցական շարականների երգիչ, նա մի անձնավորություն էր, ով զգում  և արտահայտում էր հոգին:

Կոմիտասի կենսագրությունում կա զարմանալի փաստ. նա հրաժարվեց անգամ եպիսկոպոս դառնալուց, որպեսզի շարունակի իր երաժշտական գործունեությունը: Փաստորեն նա կարողացավ ներթափանցել հայ ժողովրդի հոգու մեջ: Եվ այսօր ես չեմ պատկերացնում, որ աշխարհում գոյություն ունենա անգամ մեկ հայ, ով չի գիտենա, թե ով է եղել Կոմիտասը: Սա իրավամբ համընդհանուր ճշմարիտ ճանաչում է:

Ես ուզում եմ ասել նաև այն, ինչը ինձ պարոն Վան Բայբուրթը  լավ հիշեցրեց. այս պարագայում նույնպես  մենք իրար հետ ենք, վրացի և հայ ժողովուրդները  միշտ միասին են և այստեղ նույնպես ունենք զարմանալի  փոխադարձ ներդաշնակություն.  (ավելի ճիշտ ընդհանրության իմաստով) երբ Կոմիտասը  Փարիզում էր գործում, դա համընկավ ճիշտ այն ժամանակաշրջանի հետ, երբ հայտնի վրացական շարականների հեղինակ Քարելիի որդին, Միխեիլ Քարելին նույնպես գործում էր այնտեղ, նրանք միասին էին աշխատում և ստեղծագործում: Սա ևս նշանակալից  իրադարձություն է:

Վերջում ուզում եմ ասել, որ փաստորեն Կոմիտասը նահատակվեց իր  գործին: Այն, որ նա իր աչքերով տեսավ իր ժողովրդի ողբերգությունը, նա՝ ով իր ժողովրդին բոլորից շատ էր  սիրում, տեսավ, թե ինչ զոհեր ունեցավ իր ժողովուրդը, և կարելի է ասել, Կոմիտասն իր  կյանքը զոհաբերեց իր ժողովրդին: Փաստորեն նաև այսպիսի գործիչ էր նա:

Ես չեմ կարող այսօր չհիշել երկրորդ հայ գործչին, նույնպես այդպիսին, կարելի է ասել գուցեև ավելին: Դա աշուղ Սայաթ-Նովան էր, որը նույնպես վարդապետ էր: Դուք այդ մասին նույնպես գիտեք: Եվ այսօր սեպտեմբերի 26-ն է: Երկու օր առաջ, սեպտեմբերի 24-ին (հին օրացույցով  դա սեպտեմբերի 11-ն է) ահա այդ օրը, 1795 թվականին տեղի ունեցավ Աղա Մահմեդ խանի  կողմից Թբիլիսիի գրավումը: Դուք գիտեք այդ մասին, բայց մեկ անգամ  կրկին ուզում եմ կրկնել: 83 տարեկան Սայաթ-Նովան այդ ժամանակ գտնվում էր տաճարում, աղոթում էր, երբ պարսիկները  եկան, նրան դուրս բերեցին տաճարից և ասացին.  «Մերժիր  Քրիստոսին և քեզ բաց կթողնենք»: Նա պատասխանեց. «Ես չեմ դավաճանի իմ Աստծուն, ես չեմ հեռանա Սուրբ տաճարից»: Սա նա ասաց պարսկերեն և ասաց բանաստեղծությամբ: Ահա այսպիսի դեմք էր Սայաթ-Նովան: Կոմիտասի գոյությունը, ինչ խոսք, հենվում է նաև Սայաթ-Նովայի գոյության վրա: Սա այն է, ինչ մեզ միմյանց հետ կապում է:

Եվ վերջում ուզում եմ ևս մի բան հայտնել, ցանկանում եմ շատ հերաքրքիր բան ցույց տալ: Ես շատ անգամ եմ ճանապարհորդել Թուրքիայի տարածքով, հատկապես Անի քաղաքում: Դուք գիտեք,  Անին նույնպես այն է, ինչը մեզ պատմականորեն կապում է միմյանց հետ, որովհետև երկու անգամ հայ-վրացական միացյալ հարձակումներով ազատագրվել է Անին: Դա եղել է Թամար թագուհու ժամանակ և ավելի վաղ՝ Դավիթ Աղմաշենեբելիի ժամանակ: Այդ պատճառով ձեր, այսինքն՝ հայերի թույլտվությամբ, մենք Անիում ունենք  երկու վրացական եկեղեցի: Այդ պատճառով մենք անցյալ տարի վերականգնեցինք պատմական Կարսի թեմը: Իմ տիտղոսն է Ախալքալաքի, Գումբուրդոյի և  Կարսի միտրոպոլիտ:  Այդ պատճառով ես ունեմ այնտեղ հաճախակի այցելելու եկեղեցական իրավունք: Եվ ես ուզում եմ առաջարկել, հատկապես Ձեզ՝ Հայր Սուրբ (Վիրահայոց թեմի առաջնորդին է դիմում),  շատ հեշտ է, նաև հնարավոր  է Անի ուղևորվելը և Անիում էքսկուրսիաներ կազմակերպելը: Դա իհարկե  էքսկուրսիա չէ, այլ Սրբավայրերում աղոթել:

Ես մի քանի անգամ եղել եմ Անիում, և ուզում եմ ասել, երբ Անիում եմ գտնվում ինչ-որ նման զգացում եմ ունենու, երբ Կոմիտաս եմ լսում  կամ Սայաթ-Նովային եմ հիշում:

Սրանք իմ կողմից նկարահանված լուսանկարներ են: Սա Անիի պատն է դրսից: Ես ցանկանում եմ այս նկարը ձեզ փոխանցել:

Իսկ Անիի  մասին գիտեի, կարդացել էի: Երբ Անի գնացի, նախապես գիտեի ուր եմ գնում: Սա ես պատահաբար բացահայտեցի (ցույց է տալիս երկրորդ նկարը): Անիից յոթ կիլոմետր հեռավորությամբ է գտնվում, Հայաստանի ուղղությամբ, ուղղակի անապատով պետք է անցնել մեքենայով: Դա Հոռոմոսի  մենաստանն է: Սա Հոռոմոս գյուղն է, իսկ ներքևում  երեք տաճար կա: Պետք է ասել հիանալի տեղ է: Ճիշտ է, այնտեղ հասնելը  հեշտ  չէ, երկու, թե երեք անգամ եմ ուղևորվել այնտեղ: Հետո թուրք զինվորականները եկան ասացին, որ այնտեղ գնալ չի թուլատրվում: Բայց կարծում եմ, որ եթե նախօրոք թույլտվություն  վերցնեք, այնուամենայնիվ  կարելի է:

Ես տեսել եմ 20-րդ դարի սկզբի լուսանկարը: Այստեղ եղել է հայկական գյուղ: Այսօր այնտեղ ավերակներ են, բայց, ես կարծում եմ, որ անպայման բոլոր հայերը պետք է գնան  և տեսնեն այդ վայրերը: Ահա այսպես է տեղի ունենում այս տեղերի վերակենդանացումը:

 Ես  ուզում եմ ասել, որ կարող է պատահի երբեմն անգամ վիճում ենք, բայց սա այն վայրն է, որտեղ մենք՝ վրացիներս և հայերը  վիճելու ոչինչ չունենք, որտեղ մենք միասնական ենք, որտեղ ունենք նաև բացարձակ  հոգևոր միասնություն: Խորին շնորհակալություն եմ հայտնում և շնորհավորում եմ այս տոնի կապակցությամբ»:  

Yerkir.am-ն ակնկալում է նաև ՀՀ ԱԺ  Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի հայկական կողմի ներկայացուցիչների արձագանքը՝ հրապարակման մեջ տեղ գտած փաստերի, խնդիրների և մտահոգությունների վերաբերյալ։