կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-01 17:10
Իրավական

Դատախազությունն անդրադարձել է Yerkir.am-ի հրապարակմանը

Դատախազությունն անդրադարձել է Yerkir.am-ի հրապարակմանը

Շաբաթներ առաջ Yerkir.am-ը հոդված էր հրապարակել 2014-ին Գյումրիում Արտյոմ Ադանալյանի սպանության դեպքի վերաբերյալ: Հայտնել էինք, որ սպանվածի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը, ցանկանում է հանդիպել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ:

Ռուզան Ադանալյանն այսօր մեզ տեղեկացրեց, որ հրապարակումից հետո՝ դեռևս նոյեմբերի 16-ին, ինքն ու իր փաստաբանը դատախազությունում ընդունելության են արժանացել: «Թեև ես ցանկանում էի հանդիպում հենց գլխավոր դատախազի հետ, սակայն ինձ և փաստաբանիս ընդունեց ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և հարկադիր ակտերի բողոքարկման վարչության պետ Գևորգ Բաղդասարյանը»,- Yerkir.am-ին հայտնեց նա:

Ադանալյանը նշեց, որ ինքը դատախազին մանրամասն ներկայացրել է քրեական գործում առկա խեղաթյուրված փաստերն ու ապացույցները: «Դատախազի հետ խոսել ենք դեպքի վայրից անհետացած` կարևորագույն ապացույց հանդիսացող արյունոտ սփռոցի, գործով նշանակված դատաբժշկական, հետքաբանական փորձաքննության եզրակացությունների և այլ էական հանգամանքներ»,- ասաց նա:

Նշենք, որ Արտյոմ Ադանալյանի սպանության գործով հերթական դատական նիստը կկայանա դեկտեմբերի 5-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանոմ:

Սպանվածի մայրը հույս ունի, որ իր կողմից բարձրացված հարցերը գլխավոր դատախազության միջոցով կհասնեն դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազին և կնպաստեն գործի օբյեկտիվ ու արդարացի քննությանը:

Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալի աթոռին է Արթուր Մարտիրոսյանը, ով իրեն մեղավոր չի ճանաչում: Նա, նախքան կալանավորվելը, աշխատել է Ախուրյանի շաքարի գործարանում` որպես հումքի մատակարար:

Համաձայն մեղադրանքի՝ 2014թ. հոկտեմբերի 29-ին` ժ.17-ի սահմաններում, Ավետիք Ադանալյանի՝ Գյումրիում գտնվող տնակում տեղի է ունեցել ճաշկերույթ, որին մասնակցել են Արտյոմ Ադանալյանը, Ավետիք Ադանալյանը, Ռուբիկ Գևորգյանը, Ռազմիկ Պետոյանը, Կարեն Շահինյանը, Արտաշես Բաղդասարյանը, Մարիամ Ուստյանը, Մանվել Նիկոլյանը, Գոռ Հարությունյանը և Արթուր Մարտիրոսյանը: Ժ.20:30-ի սահմաններում Արտյոմ Ադանալյանը դիտողություն է արել հորը`Ավետիք Ադանալյանին, ինչին միջամտել է Արթուր Մարտիրոսյանը և Արտյոմ Ադանալյանին դիմել` «Արտյոմիկ», իսկ Արտյոմ Ադանալյանը նույն կերպ պատասխանել է Արթուր Մարտիրոսյանին` «Արթուրիկ»: Այդ պատճառով նրանց միջև ծագել է վիճաբանություն:

Ավետիք Ադանալյանը վիճաբանությունը կանխելու նպատակով Արթուր Մարտիրոսյանին հյուրասենյակից տարել է խոհանոց, սակայն Արթուր Մարտիրոսյանը և Արտյոմ Ադանալյանը միմյանց ուղղությամբ նետել են սպասք և տվել սեռական բնույթի հայհոյանքներ, որի ժամանակ Արթուր Մարտիրոսյանը Ավետիք Ադանալյանին մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ գլխով մեկ անգամ հարվածել է նրա դեմքին, ինչի արդյունքում Ավետիք Ադանալյանը ընկել է գետնին, սակայն մարմնական վնասվածքներ չի ստացել:

Այնուհետև Արտյոմ Ադանալյանը և Արթուր Մարտիրոսյանը, դիտավորությամբ միմյանց հարվածներ հասցնելով, ընկել են գետնին, որի ժամանակ Արթուր Մարտիրոսյանը նախ ձեռքով, այնուհետև իր մոտ ունեցած դանակով ապօրինաբար, Արտյոմ Ադանալյանին կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, ինչի արդյունքում Արտյոմ Ադանալյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: