կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-28 19:13
Քաղաքական

Էդուարդ Շարմազանովն արձագանքում է Yerkir.am-ի հրապարակմանը

Էդուարդ Շարմազանովն արձագանքում է Yerkir.am-ի հրապարակմանը

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Yerkir.am-ի` «ՀՀԿ-ի «չաղ ու բախտավոր» նիստերը» հոդվածին: Շարմազանովի պատասխանը ստորեւ.

 

«Քիչ առաջ ծանոթացա Yerkir.am լրատվական կայքի «ՀՀԿ-ի «չաղ ու բախտավոր» նիստերը» վերտառությամբ «վերլուծական» հոդվածին: Ափսոսանքով պետք է նշեմ, որ առնվազն զարմացած եմ կայքում տեղ գտած հոդվածով, քանի որ այն որեւէ աղերս չունի իրականության եւ լրագրողական արհեստավարժության հետ:

 

Հոդվածի հեղինակը ուղղակիորեն աղավաղել է ընդամենը երեկ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո հրավիրված ասուլիսին արված իմ հայտարարությունները /http://www.youtube.com/watch?v=hKJ-IM-RLd4/:

 

1. Հեղինակը 2010-ի օգոստոսին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջեւ բանակցությունների արդյունքում ռուսական 102-րդ ռազմաբազայի մասին երկկողմ պայմանագրի մեջ փոփոխություններ մտցնելու մասին արձանագրության ստորագրման իրադարձությունը շփոթում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՌԴ վարչապետ Դիմիտրի Մեդվեդեւի վերջին հանդիպման հետ:

 

2. Ինչ վերաբերում է «արտաքին» սահմանի հետ կապված հեղինակի թյուրըմբռմանը, ապա տեղեկացնեմ, որ ասուլիսի ընթացքում արտաքին սահման ասելով հստակեցրել եմ, որ խոսքս նախկին ԽՍՀՄ արտաքին սահմանների մասին է:

 

Հ. Գ. Հուսով եմ, որ հեղինակի ոչ պրոֆեսիոնալիզմը պատճառ չի հանդիսանա, որպեսզի նա զրկվի հոնորարից, քանի որ ըստ իս նյութում տեղ գտած տեղեկատվական թերությունները ոչ թե միտումնավորության, այլ թյուրըմբռնման արդյունք են»:

 

Yerkir.am- էդուրդ Շարմազանովի պատասխանը հրապարակում ենք, հարգելով նրա պատասխանի իրավունքը, բայցեւ հարկ ենք համարում ներկայացնել մեր հեղինակի` Լեւոն Սարգսյանի պատասխանը: 

 

Լեւոն Սարգսյան- Կրկին լսեցի Շարմազանովի խոսքը և հիմա առավել քան համոզված եմ գրածիս թե' օբյեկտիվության մեջ, թե' նաև գնահատականներիս ճշմարտացիության մեջ. մարդն իր բերանով ասում է` «ներքին սահմաններ», «արտաքին սահմաններ», մարդն ասում է` «ոչ մեկիս համար գաղտնիք չէ», և դա այն դեպքում, երբ ոչ ոք չգիտի այդ մասին, բացի իրենցից` ՀՀԿ վերնախավականներից: Ինչ վերաբերում է «ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջեւ բանակցությունների արդյունքում ռուսական 102-րդ ռազմաբազայի մասին երկկողմ պայմանագրի մեջ փոփոխություններ մտցնելու մասին արձանագրության ստորագրման իրադարձությունը շփոթում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՌԴ վարչապետ Դիմիտրի Մեդվեդեւի վերջին հանդիպման հետ» խոսնակի դիտարկմանը, ապա պիտի ասեմ, որ լրագրողների հետ վերոնշյալ հանդիպման ժամանակ Շարմազանովը ուղղակիորեն հիշում է ՀՀ և ՌԴ վարչապետների օրերս տեղի ունեցած հանդիպման և դրա արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության մասին, հետևաբար բոլորովին համոզիչ չէ հետին թվով հղումներ անելը նախագահներին: Ա'յս եզրահանգումների վրա էր հիմնված իմ անդրադարձը, հետևաբար շարմազանովյան բարեհաճության կարիքն ամենևին չունեմ. իմ ստանալիք հոնորարը պատրաստ եմ նվիրել իրեն` ԵՄ-ի հետ բանակցելու խնդրով Եվրոպա մեկնելու ժամանակ ծախսելու: