Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանն արձագանքել է Yerkir.am կայքում հրապարակված` «Լիսկան իր դեմ մահափորձ իրականացնելու մեջ հայտնի գեներալի՞ է կասկածել» հոդվածին: Հարգելով կողմերի` արտահայտվելու իրավունքը հրապարակում ենք մարզպետի խորհրդականի արձագանքն ամբողջությամբ` ստորեւ:
«yerkir. Am» - ում հրապարակված իբրև թե «նոր մանրամասներ ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ խաչատրյանի դեմ մահահափորձի գործի մասին», ապատեղեկատվություն է՝ իրականության հետ ոչ մի աղերս չունեցող: «yerkir. Am»-ի աղբյուրը հայտնել է, իբրև թե Սուրիկ Խաչատրյանը իրավապահ մարմինների ղեկավարներից մեկի հետ զրույցի ընթացքում կասկածներ է հայտնել:
Վստահորեն փաստում ենք, որ մահափորձից հետո, ինչպես նաև քննության ողջ ընթացքում Ս. Խաչատրյանը իր կասկածների մեջ չի տվել որևէ մեկի անունը և երբեք չի խոսել դեպքի մասին՝ ելնելով նախաքննության շահերից: Իսկ ձեր հոդվածում ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի անունը հնչեցնելը լրագրողական շահարկման հետևանք է, և որևէ հիմնավորում չունի և չի կարող ունենալ, որովհետև Սամվել Կարապետյանն ու Սուրիկ Խաչատրյանը մարտական ընկերներ են՝ իրար հետ կապված արցախյան պատերազմի հաղթանակով և անձնական մտերմությամբ:
Ձեր հոդվածի այն հիշատակության վերաբերյալ, թե «Գարեն Աթաջանյանը Կապանում հայտնի հեղինակություն է և Սուրիկ Խաչատրյանը մշտապես փորձել է իր ազդեցությունը տարածել նրա վրա», նշենք, որ Գարեն Աթաջանյանը սովորական գործարար է և երբեք որևէ վիճելի հարց չի ունեցել Ս. Խաչատրյանի հետ: Բացի այդ նրանք մշտապես անկաշկանդ ու ազատ շփվել են միմյանց հետ: Համոզված ենք, որ նրա կատարած քայլի պատասխանը կտա հետաքննությունը:
Իսկ ձեր այն պնդումը, թե «իբր Սյունիքի մարզպետը շինարարական աշխատանքների ժամանակ ապօրինի կերպով տիրացել է Հենրիկ Ավագյանի հողատարածքին և իր աշխատասենյակում ապտակել է նրան», չի համապատասխանում իրականությանը և բացարձակ սուտ է: Այս մասին Սյունիք համայնքի ղեկավար Սամվել Բագրատի Սարգսյանը մարզպետի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանի բանավոր հարցմանը պաշտոնապես պատասխանեց. «Հենրիկ Ավագյանի սեփականություն հանդիսացող հողատարածքը նոր կառուցվող գործարանից գտնվում է 2 կմ հեռավորության վրա, և նոր կառուցվող գործարանը որևէ կերպ չի առնչվում ոչ նրա, ոչ էլ նրա բարեկամների, ընկերների հողամասերի հետ»:
Նաև՝ Հենրիկ Ավագյանը մարզպետի վերանշանակվելուց հետո երբեք նրա աշխատասենյակում չի եղել և որևէ առնչություն նրա հետ չի ունեցել:
Գործարանը կառուցվում է մարզպետի հսկողությամբ եւ հովանավորությամբ, քանի որ 1500 նոր աշխատատեղ են բացվելու Սյունքիում: Այն կառուցում է Կապանի տարածաշրջանի գործարարներից մեկը:
Մահափորձի բեմականացման մասին լրագրողները խոսում էին նաև նախկինում, սակայն օբյեկտիվ իրականությունը ցույց տվեց նրանց սխալ դիրքորոշումն ու մեկնաբանությունները: Մինչդեռ անաչառ ու բարձրակարգ լրագրողի պարտքն է՝ նախքան տեղեկատվություն տարածելը տեղեկությունների հավաստիությունը ճշգրտելն է»:
Հ.Գ. Ընդամենը մի քանի դիտարկում անաչառության եւ բարձրակարգ լրագրության մասին խոսողների համար. հոդվածը հրապարակելուց առաջ yerkir.am-ի լրագրողը մի քանի օր բազմիցս փորձել է կապ հաստատել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ, սակայն նրա հեռախոսը կամ\' անջատված է եղել, կա\'մ անհասանելի: Ինչևէ, անդրադառնալով խորհրդականի ներկայացրած պարզաբանումներին նշենք, որ այն հիմնավորումը, թե Սամվել Կարապետյանն ու Սուրիկ Խաչատրյանը մարտական ընկերներ են՝ «իրար հետ կապված արցախյան պատերազմի հաղթանակով և անձնական մտերմությամբ», դեռ չի նշանակում, որ նրանց հարաբերություններն այսօր էլ փայլուն են, եւ որ նրանք միմյանց հետ տարաձայնություններ չեն ունեցել վերջին շրջանում:
Պարզաբանման մեջ տեղ գտած` «Գարեն Աթաջանյանը սովորական գործարար է և երբեք որևէ վիճելի հարց չի ունեցել Ս. Խաչատրյանի հետ» հատվածի վերաբերյալ էլ հարց է ծագում` եթե իսկապես մարզպետն ու գործարարը միմյանց հետ լավ հարաբերություններ են ունեցել, ինչո՞ւ է վերջինս այժմ մարզպետի դեմ մահափորձ կազմակերպելու համար կալանավորված: Ուշագրավ է, որ հոդվածի մի քանի էական դրվագների արձագանք առհասարակ չկա: Հետեւությունները թողնում ենք ընթերցողին: