Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արտագաղթն ունի ցիկլային բնույթ` կարող է մեկ ավելանալ, մեկ պակասել. ամեն ինչ կախված է նրանից, թե այս պահին հանրապետությունում հնարավորություն կա՞ աշխատանք ունենալու, թե՞ ոչ, կա՞ արդարության այն մթնոլորտը, որը բավարարում է սովորական մարդուն: «Եթե այս երկու հիմնական պահանջները չեն բավարարվում, բնական է, որ ժողովուրդը կձգտի դուրս գնալ». ԵՐԿԻՐ-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Նա հիշեցրեց, որ մարդկանց դեռ 90-ականների սկզբներին սովորեցրին, որ շատ հեշտ է թողնել հայրենիքն ու հեռանալ: Հիմա, երբ մեկն ինչ-որ բանից դժգոհ է լինում, մտածում է, որ կարելի է հեռանալ: «Այսինքն` այստեղ կա նաեւ շատ լուրջ հոգեբանական խնդիր: Անհրաժեշտ է ժողովրդին նորից վերադարձնել այն գաղափարին, որ սա քո հողն է, սա քո հայրենիքն է, սա քո տունն է, դու ո՞նց ես այդպես հեշտությամբ լքում ու գնում` առանց պայքարելու: Մանավանդ, որ դրսում կյանքն այնքան քաղցր չէ, որքան թվում է»,- ասաց դեմկուսի ղեկավարը:
Արտագաղթի վերաբերյալ հանրապետության նախագահի, վարչապետի կամ միգրացիոն ծառայության պետի մեկնաբանությունների մասին Ա. Սարգսյանը նշեց. «Իհարկե, իրենք էլ շատ լավ հասկանում են, որ պատճառը հենց այն է, որ երկրի այսօրվա սոցիալական վիճակը չի փոխվում, չի լավանում, սոցիալական բեւեռացումը խորանում է. երբ մեկը միլիոններ ունի, իսկ մյուսն օրվա հացի փող էլ չի կարողանում վաստակել»: