կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-17 12:57
Քաղաքական

131 պատգամավորը շատ է ԱԺ-ի համար. ՀՀԿ-ական

131 պատգամավորը շատ է ԱԺ-ի համար. ՀՀԿ-ական

Այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, լրագրողների հետ խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին, հույս հայտնեց, որ  դրա արդյունքում բիզնեսը կտարանջատվի քաղաքականությունից: Նա նաև կարծիք հայտնեց, որ 131 պատգամավորը Հայաստանի համար շատ է, անհրաժեշտ են ավելի քիչ թվով, բայց պրոֆեսիոնալ աշխատող պատգամավորներ:

 

Yerkir.am-ի հարցին` ո՞րն է այն երկու փաստաթղթի միջև տարբերությունը, որի մասին նշել է ՀՀ նախագահը, երբ չբացառեց, որ ԱԺ-ին տրամադրելու է սահմանադրական փոփոխությունների երկու փաստաթուղթ, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ դա էլ ժողովրդավարական մեթոդ է. վիճելի իրավիճակի պարագայում հնարավոր է` ԱԺ-ն քննարկի երկու փաստաթուղթ, հավանություն տա դրանցից մեկին:

 

Ինչ վերաբերում է այն հարցին, թե հնարավո՞ր է` սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նախատեսվածից ավելի շուտ տեղի ուեննա, Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ դա էլ կորոշվի քաղաքական ուժերի հետ քննարկման արդյունքում:

 

Դիտարկմանը, որ Հայաստանում եվրոպացի պաշտոնյաներն ավելի խիստ են արտահայտվում ընտրակեղծիքների, բռնաճնշումների և օլիգարխիայի մասին, և որ առաջիկա հանրաքվեին նրանք «սպառնում են» ավելի ուշադիր լինել, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Մենք էլ հենց դա ենք ուզում, որ նրանք առավել ուշադիր լինեն, որ վերահսկողություն սահմանեն»:

 

Նա չհամաձայնեց, որ եվրոպացիների գնահատականները վերջերս ավելի խիստ են դարձել: «Պետք է նայել` ով է ասողը, եվրոպացին էլ լայն հասկացություն է: Անհատ է, իր տեսակետն է հայտնել, մի' զարմացեք շատ դրական ելույթներ էլ են լինում, բացասական էլ է լինում»,- ասաց պատգամավորը:


Yerkir.am-ի հարցին` արդյոք՞ սահմանադրական փոփոխությունների պարագայում Սերժ Սարգսյանը կստանձնի ԱԺ նախագահի պաշտոնը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ես ցանկություն չունեմ որևէ բան մեկնաբանելու, երբ կլինեն սահմանադրական փոփոխությունները, ինքը նախագահը կանի հայտարարություն, կհայտնի դիրքորոշում, կիմանաք»: