կարևոր
4276 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-12 17:20
Աշխարհ

Թուրքիան հայտնել է երկրաշարժի հետեւանքով շենքերի փլուզման համար կասկածվող 131 մարդու անուն

Թուրքիան հայտնել է երկրաշարժի հետեւանքով շենքերի փլուզման համար կասկածվող 131 մարդու անուն

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ դատախազությունը երկրի արդարադատության նախարարության հանձնարարականով ստորաբաժանումներ է ստեղծել տուժած 10 նահանգներում հանցագործությունները հետաքննելու համար, փոխանցում է Anadolu-ն։

Նա նշել է, որ հաստատվել է երկրաշարժերի ժամանակ շենքերի փլուզման համար կասկածվող 131 մարդու պատասխանատվությունը՝ մեկը ձերբակալվել է, եւս 113 անձի նկատմամբ տրվել է ձերբակալման հրաման։

Միեւնույն ժամանակ, շրջակա միջավայրի, քաղաքաշինության եւ կլիմայի փոփոխության նախարար Մուրատ Քուրումը հայտնել է, որ ստուգումներ են իրականացվել 10 նահանգների 171 882 շենքերում:

«Մենք պարզել ենք, որ ընդհանուր առմամբ փլուզվել են 24 921 շենքերի 120 940 շինություններ, որոնք հրատապ քանդման կարիք ունեն կամ խիստ վնասվել են», - ասել է Քուրումը եւ հավելել, որ ուսումնասիրված շենքերից 122 279 շինություն թեթեւակի վնասվել կամ անվնաս են եղել։

Վերջին տվյալներով՝ Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 24 600-ը։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Մարաշ քաղաքի մերձակայքում գտնվող Պազարջիկ շրջանում տեղական ժամանակով 04:17-ին։ Հաշվարկվել է մոտ 42 հետցնցում, որոնցից ամենաուժեղի ուժգնությունը կազմել է 6,6 մագնիտուդ։ Ավելի ուշ 7,5 մագնիտուդ ուժգնությամբ եւս մեկ երկրաշարժ է գրանցվել։

Թուրքիայում յոթնօրյա սուգ է հայտարարվել։