Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Օրերս գործող նախագահ, նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում գտնվում էր Երեւանի Էրեբունի վարչական համայնքում: Նախագահի հետ հանդիպմանը ներկա էր նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, ով պատասխանել է Yerkir.am-ի հարցերին:
- Տիկի'ն Մուրադյան, ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի ընթացքը եւ հատկապես` ձեր թեկնածուի վարած քարոզարշավը:
-Շատ լավ, սա մեկ քայլ առաջ էր նախորդ ընտրություններից: Հիմնականում գնում է գաղափարների, ծրագրերի պայքար, որը մարդիկ քաղաքակիրթ կերպով են տանում, եւ մեր թեկնածուի քարոզարշավն էլ հենց դրա վառ ապացույցն է` որ մարդը կոնկրետ հանդիպում է մարդկանց հետ, քննարկվում են հարցեր, ներկայացնում է ծրագիրը: Կարծում եմ` ինչպես այս ընտրությունների քարոզարշավի ողջ ընթացքը, այնպես էլ բուն ընտրությունները եւ դրանից հետո մեկ քայլ առաջ կտանեն դեպի միջազգային չափանիշներին նայող ընտրություններ:
- Բայց ձեր թեկնածուի քարոզարշավը, կարծես, այդքան էլ անթերի չի անցնում, օրինակ` Շիրակի մարզում Սերժ Սարգսյանը, խոսելով իր շանսերի մասին, հայտարարեց` ինչքան ուզես, էնքան խփենք...
- Երբ նմանատիպ երկխոսություններ լինում են, դա ավելի անմիջականության մթնոլորտ է ստեղծում: Քարոզարշավն ինքը երկխոսություն է թեկնածուի եւ ընտրողների միջեւ, եւ որքան այդ անմիջականության մթնոլորտը ավելի ազատ է լինում, հնարավոր է, որ այդ ազատության մեջ լինեն նաեւ նմանատիպ ձեւակերպումներ: Ես հակառակը, սա գնահատում եմ, իրոք, շատ անկեղծ, մարդկանց հետ ուղիղ իմաստով խոսելու` լավագույն նախընտրական պայքարի ձեւը:
- Տիկի'ն Մուրադյան, բայց նախագահն ասում է` շանսը ո՞րն է՝ «հարյուրից իննսո՞ւն խփեմ, ութսո՞ւն, յոթանասո՞ւն, թե՞ վաթսուն, էդ ա, ինչքան ուզես, էնքան խփենք»...
- Նորմալ եմ գնահատում:
- Այսինքն` նախագա՞հն է որոշում, թե ինչքան ձայն է հավաքելու:
- Ոչ, նախագահը չի որոշում, բայց նախագահը շատ լավ գիտի իր իրականացրած ծրագրերը, շատ լավ գիտի, թե ինչ նոր ծրագիր է ներկայացնում, ոչ թե ոչինչ չարած բան, այլ արդեն` արած, այսինքն` արածի իրավունք ունեցող մարդու խոսք է սա: Նա հստակ գիտի, որ բոլոր ծրագրերն ուղղված են մարդուն, նրա ապահով ընտանիքին, եւ այդ իմաստով` ելնելով ծրագրերի իրատեսականությունից, մարդը հստակ արդեն կարողանում է կանխատեսել իր ունեցած հնարավորությունները:
- Բայց շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, որ նախագահն իր այս արտահայտությամբ ասում է` ինչքան ուզեմ, էնքան կկեղծեմ:
- Ոչ, ոչ, ոչ... Մենք ընտրակեղծիքներից վաղուց արդեն հեռացել ենք, եւ եթե դուք տեսնում եք, ժամանակն առաջ է գնում, եւ փոփոխությունները ստիպում են ավելի լավացնել ընտրությունների որակը, եւ մենք գնում ենք այդ ճանապարհով: Այլեւս այդ ընտրակեղծիքները այս վերջին ժամանակահատվածի խոսակցության թեմա չեն, դրանք մնացին շատ վաղ անցյալում: Հիմա մենք ունենք բարձրակարգ ընտրություններ:
- Լավ, ամփոփենք, այսինքն` նախագահի այս արտահայտության մեջ ոչ մի արտառոց բան չկա՞:
-Իհարկե, չկա, ոչ մի արտառոց բան չկա: Մարդը, երբ վստահ է իր արածի եւ իր առաջարկած ծրագրերի իրատեսականության մեջ, կարող է հստակ կանխատեսել:
- Իսկ Մովսես գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նախագահը ինչու էր ասում` «սենց եք անում, որ խիարը թարս ա աճում»: Դուք 10 տարուց ավելի դպրոցի տնօրեն եք եղել, մի՞թե հանրապետության նախագահին հարիր է նման արտահայտությունը:
- Հանրապետության նախագահը մեզ նման մարդ է, եւ երբ ինքը վստահաբար մարդկանց հետ շատ հանգիստ ուզում է մտնել երկխոսության մեջ եւ ուզում է իջնել իր այդ դիրքից, մարդու հետ ուղիղ` մարդ-մարդ երկխոսություն վարել, անմիջականություն ապահովել, ինչու ոչ` ժողովրդական բանահյուսության մեջ էլ շատ-շատ տարբեր բաներ կան, որ կարող է վկայակոչել:
- «Սենց եք անում, որ խիարը թարս ա աճում» արտահայտությունը ժողովրդական բանահյուսությունի՞ց է:
- Ժողովրդական ինչ-որ արտահայտություն է, որի մեջ վատ բան չեմ տեսնում, հակառակը` տեսնում եմ ժողովրդին նետվող անմիջականության մարտահրավեր, ձեռքմեկնում, որ` կարող եք ազատ ինձ հետ առնչվել, հաղորդակցվել, ձեր խնդիրներն ասել:
Զրուցեց Ագնեսա Խամոյանը
Հ.Գ. Ի դեպ, թեեւ ՀՀԿ-ական պատգամավորն ասում է, որ Շիրակի մարզում Սերժ Սարգսյանի արված հայտարարությունը արածի իրավունք ունեցող մարդու խոսք էր, նախագահը մինչեւ Էրեբունի գալն արդեն Նուրբարաշեն համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ակնարկել էր, որ ինքն ընդամենը կատակ է արել: