Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ոստիկանությունը երեկ հրապարակեց ԱԱԾ վարույթում քննվող) Երրորդմասցի Լյովիկի և ընկերների սպանության, ինչպես նաև ապօրինի զենք զինամթերք պահելու մեջ մեղադրվող) 29-ամյա Սարգիս Գրիգորյանի (Ծգլ), 31-ամյա Սարգիս Հախանումյանի (Տլե) և նրա հասակակից Վահան Հակոբյանի (Գաստիկ) վերաբերյալ տվյալներ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սպանության գլխավոր կասկածյալների անուններն արդեն պաշտոնապես հրապարակված են և նրանց նկատմամբ արդեն իսկ հետախուզում է հայտարարված, հրապարակենք դեպքի վերաբերյալ yerkir.am-ին հայտնի ուշագրավ մանրամասներ:
Նախ` ուշադրություն հրավիրենք Գաստիկի լուսանկարին, որտեղ ակնհայտ երևում է նրա ծնոտին առկա մեծ սպին: Yerkir.am-ի աղբյուրները հուշեցին, որ Գաստիկի մարմնի տարբեր հատվածերում նմանատիպ շատ սպիներ կան, որոնք դառը պատմություն ունեն և անմիջականորեն կապված են կատարված հանցանքի ենթադրյալ շարժառիթների հետ: Համաձայն արդեն տեւական ժամանակ շրջանառվող լուրերի` Գաստիկը Երրորդմասցի Լյովիկի հետ ժամանակին լուրջ կոնֆլիկտ է ունեցել: Իսկ բուն կոնֆլիկտի էությունը, ինչպես տեղեկացրեցին մեզ, եղել է այն, որ Գաստիկը՝ Վահան Հակոբյանը, լինելով շենգավիթցի, չի ընդունել Լյովիկի պայմանը՝ լինել իր թիմի անդամ: Պատմությունը, ասում են, սկսվել է դեռ 2000-ականների կեսերից, երբ Երրորդմասցի Լյովիկը Շենգավիթում սկսում է իր շուրջը հավաքել հանցագործ աշխարհին նվիրված և «ակտիվությամբ» աչքի ընկնող երիտասարդներին: Հենց այս ժամանակ էլ խաչվում են երկու երիտասարդների ճանապարհները: Պատմում են, որ Լյովիկը չի կարողանում «կուլ տալ» այն, որ Շենգավիթում կա մեկը, ով մերժել է իր առաջարկությունը և չի ենթարկվում իր «խաղի կանոններին»:
Իսկ ինչ վերաբերում է թշնամանքի սկզբին, մամուլում գրվել է, որ ամեն ինչ սկսվել է նրանից, որ Գաստիկն առևանգել է Լյովիկի մերձավորներից մեկին, դաժան ծեծի ենթարկել, անգամ գցել նրան շան բունը:
Խոսակցություններ կան, որ դրանից հետո Լյովիկը որոշում է պատժել Գաստիկին` իր մարդկանցով նրան դաժանաբար ծեծի ենթարկելով: Շենգավիթցիները պատմում են, որ Գաստիկին հանկարծակի են բերել` մենակ բռնելով: Ամեն ինչ տեղի է ունեցել կայծակնային արագությամբ: Ծեծել են, մեքենան վարել նրա ոտքերի վրայով և, մտածելով, թե մահացել է, հեռացել են: Գաստիկին մահամերձ վիճակում հիվանդանոց են տեղափոխել, մի քանի անգամ վիրահատվելուց հետո, նա հրաշքով ողջ է մնացել: Տարբեր աղբյուրների վկայությամբ` Գաստիկի ձեռքերին 28 կար կա, իսկ գլխքին և դեմքին` 38: Նույն աղբյուրների համաձայն` Գաստիկը մեսիջներով հասկացրել է Լյովիկին և նրա շրջապատին, որ վրեժն անխուսափելի է լինելու:
Իսկ այն, որ ծեծվելուց հետո Գաստիկը որոշ ժամանակ բացակայել է հանրապետությունից, փաստ է: Այդ մասին yerkir.am-ը դեռևս դեպքին հաջորդող օրերին էր հայտնել: Թեև Լյովիկն ու նրա շրջապատը տեղյակ են եղել Գաստիկի բացակայությունից, սակայն պահել են զգոնությունն ու զգուշավորությունը:
Հիշեցնենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, Լյովիկն իր ընկերների հետ «Նուբարաշեն» ՔԿՀ է գնացե` մինչև ատամները զինված: Մասնավորապես` Լևոն Ղազարյանին պատկանող «Լեքսուս 470» ավտոմեքենայում իրավապահները մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել:
Ասում են, որ Գաստիկն այնքան վտանգավոր մեսիջներ է հղել, որ Լյովիկի շրջապատում անգամ մտավախություն են ունեցել, որ նա հնարավոր է Լյովիկի դեմ հայտնվի եւ վրեժ լուծի նունիսկ ինչ-որ առիթի՝ ծնունդի, կնունքի կամ հարսանիքի ժամանակ: Բանն այն է, որ այս մասին շատերն են իմացել, նաև` իրավապահները: Շրջանառվող, իսկ այժմ արդեն հաստատված լուրերի համաձայն` Գաստիկի և Լյովիկի խնդրի մասին տեղյակ են եղել նաև շատ բարձրաստիճան պաշտոնյաներ: Լյովիկի քրեական անցուդարձի մասին լավատեղյակ են եղել նաեւ ոստիկանները:
Նշենք, որ Գաստիկը միակ անձը չէ, ում հետ Լյովիկը խնդիրներ է ունեցել: Հենց սպանության օրը լրատվամիջոցներում մի քանի հրապարակումներ եղան այն անձանց շրջանակի մասին, որոնց հետ Լյովիկը ժամանակին իբր լարված հարաբերություններ է ունեցել: Այդ անունների շարքում շոշափվեց նաև «օրենքով գող» Գևորգ Մելիքյանի` Օշականցի Գևորիկի անունը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա մարտին լուրեր տարածվեցին, որ քրեական հեղինակություններ Քանաքեռցի Արթուրը՝ հայտնի Տույ մականվամբ, և Երրորդմասցի Լյովիկը ծեծի էին ենթարկել Օշականցի Գևորիկին: Այս հարցը շատ արագ կարգավորվեց, սակայն ծեծվածի պիտակն այդպես էլ դուրս չեկավ Օշականցի «օրենքով գողի» վրայից:
Ի դեպ, «օրենքով գող» ներկայացվող Պզոն` Արմեն Ղազարյանն, ով Երրորդմասցի Լյովիկի հորեղբայրն է, Տույին համարում է իր արյունակիցը:
Ըստ մամուլի հրապարակումների` դեպքից հետո նա սկսել է շրջել զրահապատ մեքենայով: Մեզ հասած լուրերի համաձայն` նա տեղյակ է սպանության իրական շարժառիթներից, ու թեեւ Լյովիկը նրա եղբորորդին է, չի բացառվում, որ հարցն այլ կերպ լուծվի:
Երրորդմասցի Լյովիկի հետ առնչված տուժողների ցուցակը շատ բազմազան է: Դրան մենք առաջիկայում կանդրադառնանք, իսկ մինչ այդ նշենք, որ Երրորդմասցի Լյովիկի նկատմամբ մահափորձեր էլի են եղել:
Անդրադառնալով բուն սպանությանը, նշենք, որ, մեզ հասած տեղեկություններով, Լյովիկի դիակում հայտնաբերվել են բազմաթիվ փամփուշտներ, ինչն էլ հերթական անգամ վկայում է այն մասին, որ թիրախում եղել է հենց նա: Ի դեպ, չար լեզուներն ասում են, որ Լյովիկի` «Նուբարաշեն» այցելության մասին տեղեկատվությունը դուրս է եկել «Կլոր բերդի» պատերից, իսկ թե ո՞վ է հանցագործներին հրամցրել այդ լուրը, կպարզի քննությունը, եթե կամենան:
Չմոռանանք մի կարևոր հանգամաք ևս: Անընդատ շեշտելով Երրորդմասցի Լյովիկ քրեական հեղինակության մասին, մոռանում ենք, որ նրա հետ սպանվել են նաև երկու երիտասարդներ: Նրանցից Մեսրոպ Նազարյանցը, ով 25 տարեկան էր, մեր տեղեկություններով, պատրաստվում էր ամուսնանալ, իսկ 35-ամյա Դրաստամատ Թադևոսյանը` Դրոն 35 տարեկան էր ամուսնացած էր, ուներ եռամյա դուստր: Yerkir.am-ի տեղեկություններով` Դրոն ժամանակին զբաղվել է բուքմեյքերական ընկերությունների բիզնեսով:
Ինչևէ, մեզ հասած լուրերի համաձայն, հիշյալ տղաների մտերիմները ոչ պակաս բորբոքված են, և չի բացառվում, որ նրանք էլ յուրովի հաշվեհարդար տեսնեն սպանություն կատարողների հետ, եթե, իհարկե, գտնեն նրանց: Արյունը արյամբ են հատուցում, վրեժն էլ ծնում է վրեժ, արդյունքում` խեղվում են ճակատագրեր, իսկ երկրի քրեական պատկերը չի փոխվում` պետության կարևոր դեմքերի թողտվությամբ և հովանավորությամբ երկրում գլխավոր դերակատարը շարունակում են մնալ քրեական տարրերը:
Շարունակելի…