կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-14 10:43
Հասարակություն

Մանրամասներ՝ Գաստրիկի և Երրորդմասցի Լյովիկի հակասություններից. «Ժամանակ»

Մանրամասներ՝ Գաստրիկի և Երրորդմասցի Լյովիկի հակասություններից. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթում կարդում ենք. «Մամուլն արդեն հաստատված է համարում այն վարկածը, համաձայն որի՝ մարտի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների վրա կրակել է Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի շրջապատից «Գաստրիկ» մականունով շենգավիթցի մեկը, ով ներկայումս սպանությանը մասնակից իր ընկերների՝ Ծգլի ու Տլեի հետ փախուստի մեջ է, և նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարված:

 

Գրվեց նաև, որ սպանության դրդապատճառներից մեկն էլ եղել է այն, որ Գաստրիկը բավական լարված հարաբերություններ է ունեցել Երրորդմասցի Լյովիկի հետ:

 

«Ժամանակին» երեկ հաջողվեց պարզել, որ այդ լարվածությունը տարիների վաղեմություն ունի, որը գալիս է դեռևս 2006 թվականից, երբ օրը ցերեկով Սայաթ-Նովա փողոցում դիմահար կրակոցից սպանվեց 3-րդ մաս կոչվող թաղամասում գտնվող «Քաղցրիկ» ընկերության սեփականատեր Աշոտ Վարդանյանը՝ Քաղցրիկի Աշոտը: Դեռևս այն ժամանակ գրվեց, որ Աշոտի սպանության մեղավորը նրա հորեղբոր տղան էր՝ Գագիկ Վարդանյանը:

 

Հորեղբորորդիներ Գագիկ և Աշոտ Վարդանյանները համատեղ բիզնես ունեին, սակայն հենց նույն բիզնեսը կիսել չկարողանալու պատճառով թշնամացել էին, և այդ թշնամանքը փոխանցվել էր նրանց որդիներին, ինչը նաև ստիպեց նրանց ավելի ուշ վրեժ լուծել միմյանցից: Այդ վրեժխնդրության հաջորդ դրսևորումը եղավ Աշոտի սպանությունից կարճ ժամանակ անց: 2007-ի մայիսի 9-ին վերջինիս «մարդիկ» 3-րդ մաս կոչվող թաղամասում խփեցին Գագիկի որդիներից մեկին՝ Ստեփան Վարդանյանին:

 

Հենց այս սպանությանն էր ականատես եղել 31-ամյա Լևոն Ղուլյանը, որը ոստիկանություն էր տարվել և հարցաքննվել Ստեփանի սպանության գործի շրջանակներում, սակայն սպանությունից 3 օր անց ոստիկանության շենքի պատուհանից «ընկավ» և մահացավ: Վրեժխնդրությունն այդքանով չավարտվեց: Ստեփանի սպանությանը հաջորդեց Աշոտի որդիներից մեկի սպանությունը: 2007 թվականի հուլիսի 7–ին Երևանի Սիլիկյան թաղամասի գերեզմանատանը հրազենային կրակոցներից սպանվեցին 3 հոգի՝ 33-ամյա Արտավազդ Վարդանյանը՝ նույն ինքը «Քաղցրիկ»-ի Արտյոմը, նրա աներորդին՝ 30-ամյա Վարդան Մելիքյանը, և վարորդը՝ 43-ամյա Գրիգոր Ստեփանյանը: Արտյոմի վրա կրակել էին հենց հոր շիրմաքարի մոտ: Նշենք, որ երկու եղբայրների հակամարտության ամբողջ ընթացքում Երրորդմասցի Լյովիկը եղել է Աշոտի ու նրա որդիների կողմնակիցը՝ համարելով, որ նրանց հորեղբորորդիները սխալ են վարվել:

 

Իսկ բոլորիս արդեն քաջ հայտնի Գաստրիկը այդ ժամանակ էլ եղել է Գագիկ Վարդանյանի շրջապատից և այդ ժամանակ տեղի ունեցած բոլոր սպանությունների ակտիվ մասնակիցը: Ավելին՝ դեռևս այդ ժամանակ խոսվում էր, որ հենց Գաստրիկն է կրակել Քաղցրիկի Աշոտի վրա: Դեռևս այդ ժամանակ է Երրորդմասցի Լյովիկը զգուշացրել Գաստրիկին, որ նա «չի մարսի կատարածը»՝ Գագիկի շրջապատին և մարդկանց բաց տեքստով ասելով, որ ինքը Քաղցրիկի Աշոտի ու նրա որդիների կողմնակիցն է»։

 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։