Արդեն երկրորդ օրն է, ինչ ՀՀ-ում հետին պլան են մղվել քաղաքական խմորումների, ընդդիմության շարքերում պառակտումների շուրջ թեժ քննարկումները. գրում է
«Փաստինֆո»-ն:
«Հայ հասարակությունը երեկվանից ի վեր քննարկման նոր՝ ավելի բովանդակալից թեմա ունի. ի՞նչ խմորումներ են ընթանում հայաստանյան գողական աշխարհում և ինչ զարգացումների պետք է դեռ սպասենք:
Երեկ կեսօրին, «Նուբարաշեն» ՔԿՀ մոտ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում, հիշեցնենք, սպանվել էր քրեական աշխարհում հայտնի «Երրորդմասցի Լյովիկը» (Լևոն Ղազարյանը) և նրա մտերիմներ Դերոն (Դրաստամատ Թադևոսյան) և Մոսոն (Մեսրոպ Նազարյանց):
Քրեական այս հերթական հաշվեհարդարն առանձնանում է իր հանդգնությամբ, եթե չասենք՝ լկտիությամբ: Երեք մարդու սպանությունը տեղի է ունենում հենց ՔԿՀ մուտքի դիմաց, տեսախցիկների ներկայությամբ, օրը ցերեկով:
Այն, որ այդ տարածքը տեսահսկվում է և տեղի ունեցածն ամբողջությամբ արձանագրվում է, սպանության կազմակերպիչներն ու իրականացնողներն ուղղակի չէին կարող չիմանալ:
Ուրեմն՝ նրանց նպատակն էլ հենց դա է եղել, թերևս հարկ է եղել ինչ-որ մեկին ինչ-որ բան ցույց տալ կամ հասկացնել: Իսկ այն, որ սպանությունը նախապես ու մարնրակրկիտ մշակված է եղել, փաստում է նաև այն, որ դիմակավորված մարդասպանները նախապես են իմացել, որ Լյովիկն իր շքախմբով այդ օրը, այդ ժամին այցելելու է ՔԿՀ-ում գտնվող կալանավորներից մեկին: Թե ու՞մ, առայժմ ստույգ հայտնի չէ, բայց մեր ունեցած տեղեկություններով՝ մեկին, ով վերջերս է կալանավորվել՝ սպանության մեղադրանքով:
Բացի այդ, խումբը հանցանքի վայր է եկել շատ լավ պատրաստված ու, թերևս, քաջ իմանալով, որ հակառակորդը ևս անզեն չէ:
Դեպքի վայրում երեկ գտնված զինատեսակները՝ ինքնաձիգ և ատրճանակ, վկայում են, որ մարդասպաններն իրենց թիրախին տեղում ոչնչացնելու նպատակ են ունեցել, քանզի ինքնաձիգից կրակելու պարագայում թիրախը չի էլ հասցնի պատասխան կրակոց արձակել:
Ինչ վերաբերում է մյուս զինատեսակին՝ ատրճանակին, ապա դրանք էլ ենթադրաբար եղել են Լյովիկի մարդկանց մոտ, ովքեր փորձել են պաշտպանվել, բայց չեն հասցրել:
Ի դեպ, սա ևս մի տխուր իրողություն է բացահայտում. մարդիկ մեր երկրում ոչ միայն մինչև ատամները զինված, անարգել շրջում են փողոցներում ու կրակում իրար վրա, այլև դրանով գալիս են ՔԿՀ ու նույնիսկ ներս մտնում հատուկ ռեժիմի հիմնարկի տարածք՝ տվյալ դեպքում՝ առնվազն ավտոկայանատեղի:
Ի դեպ, հետաքրքրական մի հանգամանք ևս. երեկ դեպքի վայրում աշխատող քննիչները հայտարարում էին, որ ՔԿՀ-ի տարածքը հսկող տեսախցիկների նկարահանումներն առգրավված են: Ենթադրվում էր, որ դրանց միջոցով, եթե ոչ դիմակավորված անձանց, ապա գոնե նրանց ավտոմեքենան հնարավոր կլինի հայտնաբերել: Բայց պարզվում է՝ ոչ:
Մեր տեղեկություններով՝ պարզվել է, որ հանցագործների ավտոմեքենան գողացված է, պետհամարանիշն էլ՝ կեղծված: Եվ սա ևս ավելորդ անգամ ապացուցում է, որ հանցանքը պլանավորվել է նախապես և իրագործվել ամենայն մանրամասնություններով:
Ի դեպ, դեպքի վայրում բացի մեծ թվով զենք-զինամթերքից, երեկ նաև մեծ քանակությամբ փողի պատառիկներ էին թափված տարածքով մեկ: Ինչը վկայում է, որ սպանվածների մոտ նաև մեծ գումար է եղել, որը կրակոցների արդյունքում պատառոտվել ու շաղ է եկել տարածքում: Նախատեսված էր այդ գումարը ՔԿՀ-ում իրենց սպասող կալանավորին հանձնելու՞, թե՞ մեկ այլ նպատակի համար, դեռևս անհայտ է մնում:
Չնայած բազմաթիվ շրջանառվող վարկածներին ու ենթադրություններին, դեռևս անհայտ է մնում նաև, թե ու՞մ էր հարկավոր վերացնել «Երրորդմասցի Լյովիկին» ու ինչու նման հանդուգն ու հրապարակային եղանակով:
Ինչ վերաբերում է սպանվածին, որքան էլ որ փորձենք հետևել «կամ լավը, կամ ոչինչ» ընդունված կանոնին, ստիպված ենք փաստել, որ 43-ամյա քրեական հեղինակության անվան հետ կապված գողական «ռազբորկաները» ևս քիչ չեն եղել:
Դրանցից առաջին աղմկահարույցներից մեկը թերևս 2005 «ՏԷՑ-ի կրուգ»-ում տեղի ունեցած փոխհրաձգությունն էր: Դրա հետևանքով մահացել էր Մհեր Տեր-Հարությունյանը, վիրավորվել էին մի քանի տասնյակ մարդիկ: «Ռազբորկայի» պատճառը, ըստ մամուլի, թիվ 69 երթուղային գծի համար ծագած վեճն էր»,- գրում է կայքը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում