Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց տեղի ունեցած սպանության վերաբերյալ: Հիշեցնենք, որ երեք դիմակավորված անձինք տարբեր տեսակի զենքերից կրակ էին բացել կալանավայրի ավտոկայանատեղիի ուղղությամբ, ինչի արդյունքում սպանվել էին քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովը` Լևոն Ղազարյանը, Դերոն` Դրաստամատ Թադևոսյանը և Մեսրոպ Նազարյանցը: Հանցագործները դեպքի վայրում էին թողել զենքերը և փախուստի դիմել` շարժվելով Նուբարաշենի շենքերի ուղղությամբ:
Մինչ սպանության շարժառիթների մասին հնարավոր վարկածները առաջ քաշելը` ներկայացնենք Լևոն Ղազարյանի գործունեության վերաբերյալ մի ուշագրավ հանգամանք: Ղազարյանը, բացի քրեական հեղինակություն լինելուց, զբաղվել է գործարարությամբ: Որոշ տեղեկությունների համաձայն` նա մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ լուրջ բիզնեսներում փայատեր է: Բացի այդ` Ղազարյանը սիրել է զբաղվել թիավարությամբ, վերջին տարիներին զբաղեցրել է Հայաստանի Բայդարկայի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը:
Yerkir.am-ի տեղեկություններով` Լյովիկը մտերիմ հարաբերությունների մեջ է եղել հայտնի թիավարող, Հայաստանի բազմակի չեմպիոն Արթուր Հարությունյանի հետ, ով առավել հայտնի էր Խիմկիի Արթուր անունով: Նա հայտնի քրեական հեղինակություն է եղել և սպանվել 11 տարի առաջ Մոսկվայում: Հենց նրա հետ ունեցած կապի շնորհիվ էլ Լյովիկը սկսել է զբաղվել թիավարությամբ, իսկ հետո նաև գլխավորել ֆեդերացիան: Ղազարյանի միջոցներով վերանորոգվել է Երևանյան լճի նավամատույցը, կազմակերպվել են ուսումնամարզական հավաքներ, մրցումներ և այլն:
Սակայն կցանկանայինք ուշադրություն հրավիրել մի ֆինանսական գործարքի վրա: Yerkir.am-ի տեղեկություններով` Լևոն Ղազարյանը Հայաստանում բայդարկա մարզաձևը զարգացնելու նպատակով պայմանագիր էր կնքել անգլիական մի ընկերության հետ, որը մեծածավալ ներդրումներ պետք է կատարեր Հայաստանում: Մեզ հասած տեղեկությունների հանաձայն` ծրագրով նախատեսված էր սկզբնական շրջանում փոխանցել 300 հազար ֆունտ ստերլինգ (մոտ կես մլն դոլար), որով պետք է կատարվեր մարզադպրոցի շինարարությունը: Աշխատանքները պետք է սկսվեին մոտ օրերս, սակայն այս պահին գումարի ճակատագիրն անհայտ է:
Թե որքանով կարող է կապ ունենալ այս գործարքը նրա սպանության հետ, դժվար է ասել, սակայն այն, որ Լյովիկի սպանությունը պատվիրված է, ակնհայտ է:
Անդրադառնալով սպանության պատճառներին` նշենք, որ շրջանառվող առաջին վարկածը նրա և Օշականցի Գևորիկի միջև առկա տարաձայնություններն են, և որ սպանությունը դեռևս մեկ տարի առաջ կիսատ մնացած ռազբորկայի արդյունքն է: Հիշեցնենք, որ նախորդ տարվա մարտին լուրեր տարածվեցին, որ քրեական հեղինակություններ Քանաքեռցի Արթուրը՝ հայտնի Տույ մականվամբ, և Երրորդմասցի Լյովիկը ծեծի էին ենթարկել «օրենքով գող» Օշականցի Գևորիկին՝ Գևորգ Մելիքյանին: Սակայն նշենք, որ այդ հարցը շատ արագ իբր կարգավորվել էր «օրենքով գող» Զապի` Անդրանիկ Սողոյանի միջնորդությամբ: Բացի այդ` Գևորիկին ճանաչողները գիտեն, որ նա այնքան էլ միամիտ չէր, որպեսզի նման ռիսկի գնար և վտանգեր` առանց այն էլ մազից կախված հեղինակությունը:
Հիշեցնենք, որ Երրորդմասցի Լյովիկը մամուլի էջերում հայտնվեց նաեւ Թոխմախի Մհերի փեսային՝ Խուճուճ Էդոյի որդուն ծեծելուց հետո: Այս կոնֆլիկտը նույնպես վերջնական լուծում չստացավ:
Մեզ հասած մեկ այլ վարկածի համաձայն` սպանությունը կարող է ինչ-որ ձեւով կապված լինել խոշոր մի գործարքի հետ, որը ձախողվել էր նախորդ տարի: Խոսքը հայ-իրանական սահմանին հայտնաբերված` մոտ մեկ տոննա հերոինի գործարքի մասին է: Այստեղ շոշափվում էր նաև Կայարանցի Թևոսիկի անունը: Ի դեպ, մեր տեղեկություններով, Երրորդմասցի Լյովիկի և Թևոսիկի հարաբերությունները նախկինի պես բարիդրացիական չէին:
Հիշեցնենք, որ հերոինի վերաբերյալ գործը քննել է ԱԱԾ-ն, առանձնապես խոշոր չափերի թմրանյութերի պատվիրատուները մինչ այժմ հայտնաբերված չեն: Ի դեպ, այսօր տեղեկություններ տարածվեցին, որ Լյովիկի սպանության գործը նույնպես կքննի ԱԱԾ-ն:
Մի կարևոր հանգամանք ևս. Yerkir.am-ի տեղեկություններով` Երրորդմասցի Լյովիկը երեկ կալանավայրում տեսակցել է ոչ թե մեկ, այլ մի քանի հոգու: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` նրան հանդիպած կալանավորներից մեկն ամերիկահայ է, ով դատվել է երկու տարի առաջ: Նրա անունն առայժմ մեզ պարզել չհաջողվեց, միայն հայտնի է, որ նրա կինը երգչուհի է:
Մեր տեղեկություններով` Երրորդմասցի Լյովիկի սապնության բացահայտմամբ արդեն իսկ սկսել է զբաղվել նրա հորեղբայրը` հայտնի «օրենքով գող» Արմեն Ղազարյանը` Պզոն, և չի բացառում, որ առաջիկայում հենց նրա մարդիկ էլ հաշվեհարդար տեսնեն Լյովիկին սպանողների հետ: