Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ-ի և ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի «միջնորդությամբ» փետրվարի 17-ին տեղի ունեցած` Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան խորհրդավոր հանդիպումից և ձեռք բերված պայմանավորվածություններից հետո անկանխատեսելի հետևանքներով հղի ներքաղաքական իրավիճակի ծայրահեղացման վտանգը վերացավ: Բայց խնդիրներն ու գործոնները, որոնք հանգեցրել էին այդ առճակատմանը, չեն կորցրել ակտուալությունը և մնում են օդից կախված:
Արդեն երկու շաբաթ է` կողմերից ոչ մեկը դրանց անդրադառնալ չի ցանկանում. իշխանությունը` այն հանձնարարականներին և ուղերձներին, որոնք հնչեցրեց հանրապետության նախագահը ՀՀԿ գործադիր մարմնի` փետրվարի 12-ի հայտնի նիստի ժամանակ, ԲՀԿ-ն և այլևս նախկին եռյակին մաս կազմող ուժերը՝ սահմանադրական բարեփոխումների, իշխանափոխության մեթոդաբանության և երկրում առկա իրավիճակի վերաբերյալ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի տված գնահատականներին: Կարծես, դրանք առաջ քաշողները էլ ոչ թե իրենք են եղել, այլ ամազոնյան անհայտ ցեղերը ներկայացնող ինչ-որ «գաստրոլյոր» թատերախմբեր, որոնք եկել են այստեղ, ինչ-որ շոուներ արել ու սուսուփուս հեռացել՝ շատ արագ իրենց մասին մոռացնել տալով:
Մինչդեռ ակնհայտ է, որ արվել են քայլեր, հայտարարություններ, որոնք պահանջում են շատ հստակ հետևանքներ, վերանայումներ և լուծումներ: Եթե դրանց պատասխանները չեն տրվում, կողմերի թե' բախումը և թե' հաշտեցումը մնում են նեղ միջանձնային հարաբերությունների մակարդակում, որը ո'չ քաղաքականության հետ կապ ունի, ո'չ էլ հասարակական տրամադրությունների ու սպասելիքների:
Ի՞նչ է անելու իշխանությունը նախագահի այն հայտարարության հետ, թե բիզնեսը պետք է տարանջատել քաղաքականությունից, ինչ պատճառաբանությամբ էլ տրվեցին Ծառուկյանի օբյեկտները ստուգելու ու բացակայությունների հիմքով պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսելու հանձնարարականները: Ի՞նչ է, Ծառուկյանի կողմից քաղաքականությունից դուրս գալու խոստում տալը լուծե՞ց այս խնդիրը, քաղաքականության մեջ այլևս օլիգարխներ կամ մականունավորներ չկա՞ն: Եթե չկան, ապա պետք էր խոստովանել, որ Հայաստանի միակ օլիգարխը Ծառուկյանն է, որին բարեհաջող չեզոքացրին քաղաքականությունից: Եթե կան, ապա Ծառուկյանին ասպարեզից հանելուց հետո գոնե պետք էր գործնական հստակ ուղերձներ հղել նախ սեփական «ավգյան ախոռները», ապա նաև ողջ քաղաքական համակարգը մաքրելուն անցնելու պատրաստակամության մասին՝ ընդ որում` առաջնորդվելով ոչ թե որևէ մեկի անձնական սիմպատիաներով, այլ խաղի հստակ կանոնների շուրջ մյուս խաղացողների հետ պայմանավորվածություններ ձեռք բերելով:
Կամ՝ ի՞նչ պլաններ ունի իշխանությունը` կապված «գլխատված» ԲՀԿ-ի հետ: Նորմալ, ժողովրդավարարության սկզբունքներով առաջնորդվող քաղաքական համակարգում նման հարց, առհասարակ, չպետք է առաջանար. կուսակցությունն ինքն է իր ճակատագիրը տնօրինողը: Բայց երբ վճռորոշ արտահերթ համագումարից առաջ այդ կուսակցության ակտիվը գնում է իշխանության երկրորդ դեմքի «դուռը»՝ նրա հետ համաձայնեցնելու այդ համագումարի արդյունքները, որոշելու՝ ով է լինելու կուսակցության ղեկավարը ու ինչով պետք է զբաղվի, հասկանալի է դառնում, որ իշխանությունն ամեն ինչ անում է` ԲՀԿ-ի մնացորդներին արհեստականորեն ասպարեզում թողնելու համար: Իսկ դա բացատրելի է, մի կողմից, այդ կուսակցությունում հանգրվանած գործարարների ռեսուրսը կառավարելի պահելու և համապետական ընտրություններում օգտագործելու, իսկ մյուս կողմից՝ հնարավորության դեպքում կրկին ԲՀԿ-ի կեղծ «այլընտրանքայնության» խաղարկմամբ ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները փոշիացնելու նպատակների պարագայում:
Բայց սրանք երկիրը կրկեսի չվերածելու հետ ոչ մի կապ չունեն: Սրանք ստվերային քաղաքականության, անազնիվ խաղի կանոններով մեկնարկից դիրքային առավելություն ստանալու պրակտիկայի շարունակությունն են: Եթե խնդիրը սա չէ, ապա ոչ թե պետք է ԲՀԿ-ի հետ «ռեպետիտորական» խաղեր սկսվեին, այլ հիմնական ուժերի հետ հրապարակային բանակցություններ` ստվերային քաղաքականությունից հրաժարվելու, օլիգարխիային քաղաքականությունից օտարելու համար համակարգային օրենսդրական փոփոխություններ սկսելու, ընտրական օրենսգիրքը կոնկրետ նպատակներով փոխելու շուրջ, և ձեռք բերված պայմանավորվածությունները «ճանապարհային քարտեզի» ձևաչափով հստակ փաստաթղթային ձևակերպում պետք է ստանային:
Մյուս կողմից` հարց է առաջանում, թե ի՞նչ են անելու մեռած եռյակի ուժերն իրենց նախկին, որբացած պահանջների հետ: ԲՀԿ նախագահն իր կրակոտ ելույթներում արդարացիորեն երկրի սոցիալ-տնտեսական այնպիսի ծայրահեղ վիճակ էր նկարագրում, որ չճանաչողին կարող էր թվալ, թե դժոխքի պատկերն է ներկայացնում: Ընդամենը մի քանի ժամ պահանջվեց, որ դրա մասին կուսակցությունն իսպառ մոռանա, թեև վիճակը բացարձակապես չէր փոխվել: Ի՞նչ է, երեկ այդքան վատ էր, այսօր արդեն բարեխա՞ռն: Նրա կողքին ՀԱԿ-ը հայտարարում է, թե շարունակելու է «ավազակապետական ռեժիմը հեռացնելու» գործընթացը: Բայց ահա Լևոն Տեր-Պետրոսյանը ի լուր աշխարհի հայտարարում է, թե ստեղծված վիճակից դեռ գլուխ չի հանում ու գնում է խորհելու: Երևի նկատի ունի հերթական «քաղաքագիտական վերլուծությունը» հղանալը: Զարմանալի չէ: Լինելով իրատես գործիչ, «բուրժուա-դեմոկրատական հեղափոխության» կրախից հետո հասկանալով, որ չունի սեփական ռեսուրսով նոր գործընթաց սկսելու կարողություն, նա պետք է մտածի՝ Ծառուկյանին զոհաբերելուց հետո հիմա՞ ում ձեռքերով է կրակից շագանակներ հանելու: Իսկ այդ ընթացքում «Ժառանգությունը» սկսել է թեթև ակնարկներ անել, թե չի բացառվում, որ կմասնակցի սահմանադրական բարեփոխումների քննարկումներին: ԲՀԿ-ն ևս, կարծես, հասկացնում է, որ չի դիմադրելու այդ փոփոխություններին:
Իհարկե, լավ է, որ գոնե հիմա, ցաքուցրիվ լինելուց հետո, այս ուժերը փոխում են դիրքորոշումը: Բայց եթե դա պետք է անեին, ապա ինչո՞ւ էր պետք վիճակը հասցնել իրենց համար նման կատաստրոֆիկ հանգրվանի: Չէ՞ որ դեռ 2012թ. թե' մեկը, թե' մյուսը ի սկզբանե կողմ էին խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուն: Կա՞ր, արդյոք, նման նվաստացման ենթարկվելու կարիք, եթե ընդամենը պահանջվում էր հավատարիմ մնալ սեփական համոզմունքներին և հենց սկզբից աջակցել ավելի կառուցողական մոտեցում ցուցաբերելու` ՀՅԴ-ի առաջարկին: Ի դեպ, անառակ որդու վերադարձ հիշեցնող այս շրջադարձն էլ դեռ ոչնչի մասին չի խոսում: Որովհետև սա ոչ թե իրական վերադարձ է ելակետային սկզբունքներին, այլ հանգամանքների թելադրանքով իրավիճակային ինչ-որ լուծում գտնելու հուսահատ քայլ: Եվ եթե վաղն այդ հանգամանքները կրկին փոխվեն, օրինակ՝ ինչ-որ հրաշքով Ծառուկյանը նորից հեծնի արտահերթ նախագահական ընտրությունների ձին, կամ նոր հեղափոխական հայտնվի ասպարեզում, նրանք հանգիստ հերթական շրջադարձն են կատարելու: Որովհետև առաջնորդողը քաղաքական համոզմունքները և ծրագրերը չեն, այլ որքան հնարավոր է արմատական ընդդիմադիր երևալը, անգամ` եթե դա տանելու է հերթական ձախողմանը, թքած հանրությանը տված խոստումների վրա, այն սպասելիքների վրա, որոնք ձևավորվել են իրենց ներկայացրած ծրագրերի միջոցով: Նրանց թվում է, թե իրական հերոսությունը ողջ կոկորդով «հրաժարական» գոռալն է, երբ դրանից ընդամենը ձայնն է կտրվում: Հերոսություն, որը, ինչպես վերջին 7 տարիների փորձն է ցույց տալիս, ի վերջո, ավարտվում է` վճռական պահին ճողոպրելու համար մկան ծակերը հաշվելով...
Գևորգ Դարբինյան