Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երբ 2009թ. ՀՅԴ-ն դուրս եկավ իշխանական կոալիցիայից, անմիջապես շահարկման առարկա դարձավ այն հարցը, թե ինչպես կարող է այդ դեպքում նա պահպանել կոալիցիոն քվոտայով Ազգային ժողովում իրեն վերապահված պորտֆելները: Ի թիվս նախարարների և փոխնախարարների պաշտոնների, ՀՅԴ-ն այդ ժամանակ հրաժարվեց ոչ միայն ԱԺ փոխնախագահի, այլ նաև երկու մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններից՝ չնայած այդ քայլին չգնալու` կոալիցիայի խնդրանքին: Եվ դա այն դեպքում, երբ նույն ՀՅԴ-ի նախաձեռնությամբ ԱԺ-ն իր կանոնակարգ-օրենքում կատարել էր համապատասխան փոփոխություններ, ըստ որոնց` արդեն հաջորդ գումարման ԱԺ-ում մշտական հանձնաժողովների ղեկավարների և տեղակալների պաշտոնները խմբակցությունների միջև պետք է բաշխվեին այսպես կոչված «Դոնթի բանաձև»-ով: Այսինքն` բաշխման հիմքում դրվում էր ոչ թե խմբակցությունների՝ իշխանական կամ ընդդիմադիր լինելու հանգամանքը և, ըստ դրա, ԱԺ մեծամասնության միակողմանի կամքը, այլ խմբակցությունների մեծությունը, որը ԱԺ ղեկավարման օղակներում նաև ընդդիմությանը ներկայացվածություն ունենալու հնարավորություն էր տալիս:
ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոնից հրաժարվելու` ՀՅԴ-ի այդ քայլը զուտ բարոյական ենթատեքստ չուներ: Այն տեղավորվում էր քաղաքական մշակույթի տիրույթում, որովհետև տեղի էր ունեցել կարգավիճակի փոփոխություն: Կարգավիճակը, որը ապահովել էր այդ պորտֆելներն ունենալու իրավունքը, կուսակցությունն այլևս չուներ. ՀՅԴ-ն դարձել էր ընդդիմություն և խորհրդարանում որոշակիորեն խախտվել էր ուժերի հարաբերակցությունը:
«Դոնթի բանաձև»-ի կիրարկման արդյունքում` ներկայիս գումարման ԱԺ-ում 12 հանձնաժողովների նախագահների պաշտոնները բաժին ընկան բացառապես երկու ամենախոշոր խմբակցություններին՝ ՀՀԿ-ին՝ 8 և ԲՀԿ-ին՝ 4: Ընդ որում՝ թեեւ ԲՀԿ-ն իրեն ոչ իշխանական ուժ էր հռչակել, որևէ մեկի մտքով չանցավ նրան մեղադրել այդ պորտֆելները վերցնելու մեջ, որովհետև այդ իրավունքը նրան տալիս էր ԱԺ վերափոխված կանոնակարգը: Բայց ԲՀԿ-ն այդ իրավունքը ստացել էր կրկին իր կարգավիճակի բերումով, տվյալ դեպքում արդեն ոչ թե իշխանության մեջ լինելու, ինչպես ՀՅԴ-ի պարագայում էր, այլ մեծությամբ 2-ը լինելու:
ԲՀԿ-ի վերջին արտահերթ համագումարից հետո, սակայն, տեղի է ունեցել քաղաքական իրավիճակի և ԲՀԿ կարգավիճակի փոփոխություն: Իհարկե, ֆորմալ առումով ԲՀԿ-ն պահպանում է երկրորդի` իր դիրքը, քանի դեռ խմբակցությունից դուրս չի եկել այնքան մարդ, որ այն փոքրանա ՀԱԿ-ից: Բովանդակային առումով, սակայն, նախկին ԲՀԿ-ն այլևս գոյություն չունի: Մեծամասնական ընտրակարգով անցած պատգամավորների մեծ մասն արդեն դուրս է եկել խմբակցությունից, իսկ մի մասը շարունակում է այնտեղ մնալ բացառապես այն պատճառով, որ չկորցնի պատգամավորական մանդատը, քանի որ, ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի, համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորի համար խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարելը հավասարազոր է մանդատը վայր դնելուն: Ձևականորեն մնալով ԲՀԿ-ի կազմում` այդ պատգամավորները, սակայն, այլևս ազատ են իրենց կողմնորոշումներում և քվեարկությունում, ինչը միանգամայն բխում է ՀՀԿ-ի շահերից, քանի որ, ստանալով ԲՀԿ-ական այս կոնտինգենտի մի մասի թաքուն կամ բացահայտ աջակցությունը, ՀՀԿ-ն ձերբազատվում է ամեն քվեարկության ժամանակ իր ամբողջ «փաղանգը» ԱԺ բերման ենթարկելու պարտադրանքից:
Բայց խնդիրը տվյալ դեպքում ոչ թե սա է, այլ այն, թե ինչ է պատրաստվում անել ԲՀԿ-ն «Դոնթի բանաձև»-ով իրեն վերապահված` ԱԺ չորս մշտական հանձնաժողովների նախագահների պորտֆելների հետ: Առ այսօր ԲՀԿ-ն իրեն պահում է այնքան հանգիստ, կարծես պառակտվողն ինքը չէ և իր պատճառով չէ, որ խորհրդարանում ստեղծվել է չափազանց անորոշ և անհասկանալի իրավիճակ, որ չկա վստահության ճգնաժամի խնդիր: Զուտ իրավական տեսանկյունից` ԲՀԿ-ն կարող է ոչինչ էլ չանել: Բայց այն փաստը, որ սեփական խմբակցության ներսում այն արդեն իսկ փոքրամասնություն է կազմում, կուսակցությանը դնում է հստակ ընտրության առջև` գնալ բարոյակա՞ն ճանապարհով, ինչը նշանակում է առնվազն դնել այդ պորտֆելների՝ իրեն պատկանելու վստահության հարցը, թե՞ գնալ ոչ այնքան բարոյական ճանապարհով, այսինքն` ձև անել, թե ոչինչ էլ չի կատարվել: Խնդիրը բացարձակապես այդ պորտֆելների նկատմամբ հավակնությունները չեն: ԱԺ` մեծությամբ երրորդ ուժը՝ ՀԱԿ-ը, որը կարող էր ունենալ այդպիսի հավակնություններ, հաստատապես ԲՀԿ-ից ավելի լավ վիճակում չէ: Հարցը քաղաքական մշակույթի, ազնիվ խաղի կանոնները պահպանելն է, ի վերջո, եթե իրավիճակի փոփոխություն է տեղի ունենում, ապա այն, անկախ հանգամանքներից, պետք է հանգեցնի պատասխանատվության փոփոխության: Ինչ-որ առումով սա բխում է ԲՀԿ-ի կամ, այսպես կոչված, նրա «մնացող» հատվածի շահերից:
Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ԲՀԿ-ն առաջադրել էր ԱԺ գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի թեկնածությունը: Նա, իր դիմումի համաձայն, դուրս է եկել ԲՀԿ կուսակցությունից, բայց չի ուզում դուրս գալ նաև համանուն խմբակցությունից, հետևաբար` նաև կորցնել այդ պաշտոնը, թեև, որպես մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր, մանդատը վայր դնելու հեռանկարն այդ դեպքում նրան չի սպառնում: Եթե նա շարունակում է զբաղեցնել այդ պաշտոնը, ապա ակնհայտորեն` առանց ԲՀԿ-ի վստահության: Խմբակցությունն այդ պաշտոնը նրանից վերցնելու ուղղակի լծակ չունի: Բայց իրավունք ունի փոխելու հանձնաժողովներում իր պատգամավորներին, ինչը մեխանիկորեն կարող է հանգեցնել այդ հիմքով նախագահի պաշտոնից նրան հեռացնելուն: Հարցն այն է՝ կդիմի՞ այդ քայլին ԲՀԿ-ն, թե՞ ոչ: Խմբակցությունում կազմելով փոքրամասնություն՝ մնացողները չեն կարող վստահ լինել, որ իրենց ազդեցությունից դուրս եկած մյուս պատգամավորները այդ նախաձեռնությանը կաջակցեն:
Մյուս կողմից` ԲՀԿ-ի հետ կատարվածն ակտուալացնում է իրավա-քաղաքական մի նոր ճգնաժամ խորհրդարանում: Փաստորեն, այն լուծումները, որոնք ժամանակին տրվեցին իրենց խորհրդարան բերած կուսակցությունների կամ դաշինքների, խմբակցությունների առջև պատգամավորների քաղաքական պատասխանատվությունը բարձրացնելու նպատակով, չեն աշխատում: Խմբակցությունները կայունացնելու փոխարեն այդ լուծումները դրանք քայքայում են ներսից: Այս ուղտը ԲՀԿ-ի դռանը չոքելուց առաջ չոքել էր նախ «Ժառանգություն», ապա և ՀԱԿ խմբակցությունների դռանը: Եվ հիմա այդ խմբակցություններից, ըստ էության, մնացել են միայն նրանց անունները: Դրանք դարձել են իրարից բացարձակապես անկախ, անվստահելի մարդկանց պարզ կուտակումներ, ինչը խեղաթյուրում է խմբակցությունների նշանակությունն ու բովանդակությունը: Խմբակցությունները վերածվել են իրար վանող էլեմենտներով գերհագեցած ինչ-որ փուչիկների, որոնք ո'չ պայթում են, ո'չ էլ մթնոլորտը լիցքաթափելու համար օդափոխվում՝ այդ վիճակով անիմաստ կախված մնալով խորհրդարանական հետնամուտքից:
Գևորգ Դարբինյան