Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2015-03-03 17:25
Առանց Կատեգորիա

Ինչո՞ւ փլուզվեց եռյակը. ճշմարտության անողոք դեմքը-1

Ինչո՞ւ փլուզվեց եռյակը. ճշմարտության անողոք դեմքը-1

Արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու, նախագահի հրաժարականի պահանջներից ԲՀԿ-ի հրաժարումից անմիջապես հետո «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, թե ՀԱԿ-ԲՀԿ-«Ժառանգություն» եռյակն այլևս գոյություն չունի: Մարտի 1-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի արած այն պնդումը, թե ՀԱԿ-ը մնացել է միակ իրական ընդդիմադիր ուժը, ոչ միայն նշանակում էր, որ Տեր-Պետրոսյանն այլևս եռյակի իր գործընկերներին պսևդոընդդիմություն է համարում, այլև` որ խզում է նրանց հետ գործընկերային կապը և հաստատում եռյակի` այլևս գոյություն չունենալու փաստը:

 

Իրականում, սակայն, ԲՀԿ-ի փլուզումը և քաղաքական արենայից Գագիկ Ծառուկյանի հեռանալը ոչ թե եռյակի փլուզման պատճառն էր, այլ տրամաբանական հանգուցալուծումը կամ հետևանքը: Եթե ընդունենք, որ եռյակի փլուզման պատճառը Ծառուկյանի մեկուսացումն էր, ապա այդ դեպքում պետք է նաև ընդունել, որ իրականում ոչ թե եռյակն է եղել քաղաքական գործոն, այլ ԲՀԿ-ն ու Ծառուկյանը, իսկ եռյակն ընդամենը նրա ինքնաիրացումն ապահովող մեխանիզմի դեր է կատարել:

 

Եռյակի փլուզումն սկսվել էր վաղուց` դեռ նախորդ տարվա հոկտեմբերից, և ուներ իր միանգամայն հասկանալի դրդապատճառները, որոնք հիմա ոչ ոք նկատել կամ վերլուծել չի ցանկանում: Իրականում խոսքը վերաբերում է ոչ թե եռյակին, այլ ավելի լայն ֆորմատի՝ քառյակին, որի չորրորդ բաղադրիչի դերը ստանձնել էր ՀՅԴ-ն: Քառյակը ձևավորվել էր ինքնաբերաբար՝ խորհրդարանական ոչ իշխանական ուժերի դրվագային, իրավիճակային համագործակցության դրսևորումների վրա և գործոնի էր վերածվել միայն այն պատճառով, որ այդ ձևաչափի ստեղծումը լավագույն միջոցն էր` խորհրդարանական մեծամասնության դեմ քաղաքական կազմակերպված պայքար մղելու առումով: Քառյակը բացարձակապես ֆորմալ բնույթ չուներ, այն որևէ մեկի նախաձեռնությունը կամ իդեան չէր, այլ հավասարապես դրանում ընդգրկված բոլոր ուժերի ինքնուրույն ընտրության և կողմնորոշման արգաասիքն էր: Հենց այդ պատճառով էլ որոշումները քառյակում ընդունվում էին ոչ թե մեծամասնության ձայների հիման վրա, այլ կոնսենսուսի, այսինքն` քննարկումների, համաձայնեցումների, որտեղ մասնակիցներից որևէ անդամ արտոնյալ կամ թելադրող կարգավիճակ չուներ: Եվ քառյակի հենց ոչ ֆորմալ բնույթ կրելու և հենց այս մեխանիզմով որոշումներ ընդունելու իրողությունն էր ապահովում նրա բարձր արդյունավետությունը և իրակական քաղաքական գործոնի վերածվելը:

 

Պարզ էր, որ տարբեր քաղաքական նպատակներ հետապնդող, տարբեր գաղափարախոսական առանցքների վրա հիմնված ուժերից կազմված նման ֆորմատը չէր կարող հավակնել ամբիցիոզ խնդիրների լուծման, որոնք կարող էին հակասել այդ ուժերից յուրաքանչյուրի սկզբունքներին: Քառյակի փլուզումն սկսվեց այն պահից, երբ փորձ արվեց խախտել այս սկզբունքները: Իսկ դա սկսվեց, երբ մի կողմից օրակարգ իջավ սահմանադրական փոփոխություններ կատարելու` նախագահի նախաձեռնությունը, իսկ մյուս կողմից` նախագահը վարչապետին հանձնարարեց այդ ընթացքում արդեն եռյակի վերածվող քառյակի հետ քննարկել ավելի վաղ վերջինիս կողմից ներկայացված 12 կետանոց պահանջների կատարման հնարավորությունն ու մեխանիզմները: 2014թ. հոկտեմբերի 10-ի քառյակի հանրահավաքին ՀՅԴ-ն չմասնակցեց այն բանից հետո, երբ մերժվեց նրա առաջարկը` տարակարծությունների տեղիք տված սահմանադրական բարեփոխումների նախաձեռնության հարցը հանրահավաքի օրակարգ չմտցնելու մասին: Ըստ էության` ՀՅԴ-ն առաջակում էր հրաժարվել մի բանից, որը խնդրահարույց է քառյակի ներսում և բախվում էր նրա անդամներից մեկի, տվյալ դեպքում` հենց իր անփոփոխ սկզբունքներին, հետևաբար` խախտում էր կոնսենսուսի կամ փոխզիջման՝ քառյակի համար առանցքային նշանակության սկզբունքը: Հետևանքը եղավ այն, որ ՀՅԴ-ին սկսեցին արհեստականորեն մեկուսացնել այդ ձևաչափից՝ չընդունելով նրա առաջարկությունները կառավարության կողմից 12 կետանոց պահանջների կատարման վիճակի գնահատման վերաբերյալ և նրա դեմ սկսելով քարոզչական կեղտոտ արշավանք:

 

Դրան արդեն հաջորդեցին քառյակի կենսունակությունն ապահովող մյուս սկզբունքների հետևողական խախտումները: ՀԱԿ առաջնորդ Տեր-Պետրոսյանը հոկտեմբերի 10-ի հանրահավաքում հայտարարեց, այսպես կոչված, «հրաշալի քառյակի» ծնունդը՝ ՀՅԴ-ի փոխարեն արհեստականորեն` բացառապես խորհրդարանի շրջանակում իրեն արդարացրած այդ ձևաչափ խցկելով ՀԺԿ-ին, որը, մյուսների հետ որևէ ընդհանուր բան չունենալով, չէր կարող ինտեգրվել այդ պլատֆորմին: Եվ այս ամենը միայն նրա համար, որ, մի կողմից, Տեր-Պետրոսյանը բավարարի ոչ խորհրդարանական ուժերին և Գագիկ Ծառուկյանին կառավարելու արտոնությունն ստանալու` իր ամբիցիաները, իսկ մյուս կողմից` Ծառուկյանն իրեն զգա հայկական Իվանիշվիլիի երանելի կարգավիճակում:

 

Հաջորդ քայլը եղավ եռյակի կողմից ավելի բարձր և, ինչպես փետրվարյան շրջադարձային գործընթացները ցույց տվեցին, անլուծելի խնդրի՝ արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների պահանջի առաջադրումը` տարբեր ելևէջումներով: Դա տեղի ունեցավ քառյակի կողմից կառավարությանը ներկայացված 12 պահանջների շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը կտրականապես մերժելու միջոցով՝ այն հիմնավորմամբ, թե դրանք այլևս քառյակին չեն հետաքրքրում: Առավել ապաքաղաքական և անտրամաբանական քայլ, քան սա էր, ուղղակի հնարավոր չէր պատկերացնել: Փաստորեն, ոչ իշխանական ուժերը երկրում իրավիճակ փոխելու համար հստակ պահանջներ են ներկայացնում իշխանությանը, հետո հանկարծ հայտարարում, թե դա իրենց արդեն բացարձակապես չի հետաքրքրում: Այդ դեպքում ինչի՞ համար էին ներկայացվում այդ պահանջները, հասարակական սպասելիքները բռնաբարելով, շահարկելով` միայն աթոռի համար սեփական կռիվը քողածածկելո՞ւ:

 

Իհարկե, չէր բացառվում, որ նախագահը, այդ առաջարկն անելով, իսկապես նպատակ ուներ քառյակին ներքաշել մաշեցնող ինչ-որ պրոցեսի մեջ: Բայց դա արդեն կախված էր այդ մանիպուլյացիային տրվելու կամ չտրվելու` քառյակի կարողությունից: Համենայն դեպս, միայն բանակցությունների, շփումների, դրանց ընթացքում պայմաններն առաջադրելու և դրանք մերժվելու դեպքում քառյակը կարող էր հիմնավորել թե' իր այդ տեսակետը և թե' դիրքորոշումը կոշտացնելու մոտեցումը, ինչը նաև ՀՅԴ-ն էր առաջարկում՝ արժանանալով քարկոծումների: Եվ բացարձակապես պատահական չէ, որ «եռյակ-քառյակը» նույն ձևով նաև սահմանադրական բարեփոխումների բովանդակային քննարկումների մեջ մտնելուց հրաժարվեց: Որովհետև միայն այդ դեպքում նման սցենար գրողները կարող էին եռյակին տանել ծայրահեղացման, իսկ թագավորական հովերով տարված Ծառուկյանին դնել մի այնպիսի պատասխանատվության, բեռի տակ, որը վեր էր հուժկու, բայց իրականում չափազանց փխրուն ուժերից, և որը նրա, այսպես կոչված, գործընկերների միանգամայն հանդարտ ու անտարբեր հայացքի ներքո ողջ ծանրությամբ պիտի ջարդվեր նրա գլխին առաջին իսկ թեթև քամու սոսափյունից:

 

Ըստ էության, բանական մտածողությունը, մանր հաղթանակների միանգամայն աշխատելու` ենթակա մեթոդաբանությունն իր տեղը, ինչպես միշտ է լինում, զիջեց մաքսիմալիզմին, անձնական ամբիցիաներին, սեփական ուժերի գերագնահատմանը, ինչի արդյունքում էլ, ի վերջո, փլուզվեց նաև այս եռյակը: Իսկ հետևանքն առավել քան տխուր է. մի կողմից` իրեն հզոր ու անպարտելի համարող իշխանություն, մյուս կողմից` մասնատված, փշուր-փշուր եղած ընդդիմություն, ոտքի վրա հալվող ԲՀԿ, հերթական ձախողման համար իրար մեջ մեղավորների փնտրտուք, ավանդական փոխադարձ անվստահություն ու մեղադրանքներ, որոնք գուցե այլևս հնարավոր չդարձնեն նույնիսկ իրավիճակային խնդիրների շուրջ խորհրդարանական ոչ իշխանական ուժերի` որևէ ծավալի ու ձևաչափի համախմբում:

 

Գևորգ Դարբինյան