կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-01 17:45
Առանց Կատեգորիա

Սկզբունքների գերեզմանափորները. ճշմարտության անողոք դեմքը-5

Սկզբունքների գերեզմանափորները. ճշմարտության անողոք դեմքը-5

Հայաստանյան քաղաքական մտքի պրիմիտիվության և մակերեսայնության դրսևորումներն այնպիսի մակարդակի են հասել, և դա այն աստիճանի է օրինաչափության վերածվել, որ արդեն դադարում ես նույնիսկ ամաչել: Իսկապես պարադոքս է. նույնպիսի կատաղությամբ քննադատվում ու անվանարկվում են թե\' նրանք, ովքեր 2-3 տարվա ընթացքում Սահմանադրությունը փոփոխությունների ենթարկելու անհրաժեշտության շուրջ 12 անգամ դիրքորոշում են փոխում և թե\' նրանք, որոնց համար այդ փոփոխությունների անհրաժեշտությունը երբևէ չի դադարել գաղափարա-քաղաքական սկզբունքային հարց լինելուց:

Դժվար է բանականորեն հասկանալ` ո՞րն է նման համահարթեցման նպատակը` հանուն արևի տակ տեղ ունենալու անսկզբունքայնությունն ու ապագաղափարականությունն արդարացնե՞լը, թե՞ քաղաքական ուղեգծի անշեղությունը, որպես որակ, վերջնականապես արժեզրկելը:

Մինչ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնության մեկնարկը` քաղաքական օրակարգի հիմնական հարցը ցանկացած գնով նախագահ Սերժ Սարգսյանի հեռացումն էր: Այս գերնպատակի շուրջ պարբերաբար միավորման գործընթացներ են տեղի ունեցել այնպիսի քաղաքական ուժերի միջև, որոնց նախկինում անգամ կողք կողքի պատկերացնելը թվում էր անհավանական: Օրինակ` ո՞վ կարող էր պատկերացնել, որ օրերից մի օր ԲՀԿ-ն և նրա նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ՀԱԿ-ի և նրա ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից որակվելու են որպես բուրժուադեմոկրատական հեղափոխության դրոշակակիրներ: Նման «սիրախաղերը» դրանով տարված ուժերը, ինչպես նաև հասակության մի մասը հասկանալի և ընդունելի էին համարում բացառապես «նպատակն արդարացնում է բոլոր միջոցները» կամ «հանուն Սերժ Սարգյանին հեռացնելու` կհամագործակցենք նույնիսկ սատանայի հետ» հիմնավորումների շրջանակներում: Եվ դա այն դեպքում, երբ անգամ այդ նպատակի իրականացման մեխանիզմները որևէ մեկը մարդավարի չէր բացատրում: Սահմանադրական փոփոխությունների պարագայում, սակայն, սատանաների հետ նման հարաբերությունները, չգիտես` ինչու, արդեն հավասարեցվում են դավաճանության: Մերօրյա քաղաքական մտքի «ռահվիրաները» որոշել են, որ «սատանաների հետ» համագործակցելու իրավունքը բացառապես իրենց է պատկանում: Սակայն ամենագլխավորը սա չէ:

Նախագահին հեռացնելու նպատակը նույնքան քաղաքական է, որքան սահմանադրական փոփոխությունների կատարման խնդրի առաջադրումը: Դրա նպատակահարմարության, արդիականության, առաջարկվող փոփոխությունների բովանդակության հետ կարելի է համաձայնել, կարելի է և չհամաձայնել: Բայց հնարավոր չէ չընդունել, որ դա քաղաքական խնդիր է, առավել ևս, երբ այդ հարցում հետևողականության դրսևորող ուժը հայտարարում է, որ դա է համարում իշխանափոխության հարցը լուծելու, իր կարծիքով, ամենաօպտիմալ ճանապարհը: Առավել ևս, որ այդ տեսակետը այդ քաղաքական ուժը պաշտպանել է` անկախ քաղաքական կոնյունկտուրայի կառուցվածքից և անկախ իշխանության կամ ընդդիմության կարգավիճակում հանդես գալուց:

Նման դիմադրությունը, նույնիսկ անվանարկումը կարելի կլիներ ինչ-որ տեղ հասկանալ, եթե սահմանադրական փոփոխությունները որպես Սերժ Սարգսյանի վերարտադրության միջոց դիտարկողները հիմնավորեին, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի կարող, որպես գերագույն իշխանությունը ոչ ֆորմալ կրող ֆիգուր, վերարտադրվել գործող Սահմանադրությամբ, և նրան անպայման անհրաժեշտ էր դա իրականացնել նոր Սահմանադրությամբ: Այդ ի՞նչը կամ ո՞վ պետք է նրան խանգարեր գործող Սահմանադրությամբ երկիրը ղեկավարել ՀՀԿ գրասենյակից` չունենալով կառավարման իրավական-վարչարարական որևէ լծակ:

Եթե ընդունենք, որ իշխանությունը սահմանադրական այս փոփոխությունները նախաձեռնել է որպես վերարտադրվելու ինչ-որ մեխանիզմ, արդյո՞ք դա բավարար պատճառ է` հրաժարվելու Սահմանադրությունը փոխելու` տասնամյակներով անփոփոխ, սկզբունքային դիրքորոշումից: Առավել ևս, որ ներկայացված փոփոխությունների նախագիծը հիմնական առաջնահերթություններում, ինչպես ՀՅԴ-ն է հայտարարում, արտացոլում է իր տեսակետը, և երբ ակնհայտ է, որ իր պոտենցիալով թե\' այսօր և թե\' համապետական առաջիկա ընտրությունների ժամանակ ընդդիմությունն իշխանության վերարտադրությունը կանխելու ռեսուրս ուղղակի չունի:

Այս պայմաններում ինչո՞վ էր ՀՅԴ-ն տարբերվելու տեսակետներն օրումեջ փոխող այն ուժերից, որոնք նախագահի հետ հանդիպումից առաջ հայտարարում էին ներկայացված նախագծին դեմ լինելու մասին, իսկ հետո Բաղրամյան 26-ում, դեմքին լայն ժպիտով, քննարկում այն: Աբսուրդ է որևէ կուսակցության մեղադրել սկզբունքներ, քաղաքական հայեցակարգ ունենալու և դրանց չդավաճանելու մեջ: Դա մոտավորապես նույնն է, որ կուսակցությանը մեղադրես լիբերալ կամ սոցիալիստական գաղափարախոսություն կրելու և այդ գաղափարախոսությունը, իշխանության նպատակների փոփոխությանը համապատասխան, չփոփոխելու մեջ: Դա ապաքաղաքական է և մատնում է քաղաքական գործընթացները բացառապես իշխանական կոնյունկտուրայի, իշխանության նպատակների պրիզմայով չափելու` Հայաստանում ձևավորված նեղմիտ մտածողությունը: Հենց այդ մտածողությունն է քայքայում ու բարոյազրկում քաղաքական համակարգը` թույլ չտալով այն հանել կենցաղայնության և ինտրիգանության ճիրաններից:

Գևորգ Դարբինյան

Ինչո՞ւ փլուզվեց եռյակը. ճշմարտության անողոք դեմքը-1

Սկզբունքների գերեզմանափորները. ճշմարտության անողոք դեմքը-2

Խորհրդարանի հետնամուտքից կախվածները. ճշմարտության անողոք դեմքը-3

Քաղաքական տզրուկների ինքնահոշոտումը. ճշմարտության անողոք դեմքը-4